Միացյալ Նահանգներին չի հաջողվել հասնել այն հիմնական նպատակներին, որոնք Վաշինգտոնը տարիներ շարունակ առաջ էր քաշում Իրանի Իսլամական Հանրապետության նկատմամբ։ Նման կարծիք հայտնեց իրանագետ Տիգրան Դավուդյան։ Նրա խոսքով՝ ձախողվել են թե՛ Թեհրանի միջուկային ծրագրի լիակատար դադարեցման, թե՛ հրթիռային ներուժի վերացման փորձերը, իսկ վերջին զարգացումներով իրավիճակն ավելի է բարդացել Հորմուզի նեղուցի շուրջ ստեղծված լարվածության պատճառով։
Թրամփը չկարողցավ իրականացնել իր խոստումները
Դավուդյանը հիշեցրեց, որ Դոնալդ Թրամփը դեռևս իր առաջին նախագահության ընթացքում մշտապես քննադատում էր ԱՄՆ նախկին նախագահներ Բարաք Օբամային, իսկ այնուհետև նաև Ջո Բայդենին՝ պնդելով, որ նրանք Իրանի հետ «վատ համաձայնագրեր» են կնքել։
Իրանագետի խոսքով՝ Թրամփը բազմիցս հայտարարել էր, որ կչեղարկի նախկին պայմանավորվածությունները և կստորագրի ավելի շահավետ համաձայնագիր, սակայն այդ նպատակին այդպես էլ չի հասել։
«Միացյալ Նահանգների նախագահը ոչ իր առաջին նախագահության ընթացքում, ոչ էլ վերջին ամիսներին չկարողացավ իրականացնել այն նպատակները, որոնք դրել էր Իրանի դեմ։ Նա խոստանում էր ավելի լավ համաձայնագիր, սակայն բոլոր փորձերը ձախողվեցին»,– նշեց Դավուդյանը։
Բանակցությունները նույնպես արդյունք չտվեցին
Իրանագետը անդրադարձավ նաև մի քանի շաբաթ առաջ Եվրոպայում անցկացված բանակցություններին՝ նշելով, որ դրանք ևս չավարտվեցին որևէ շոշափելի արդյունքով։
Նրա խոսքով՝ Իրանի իշխանությունները բանակցությունների ընթացքում պարզապես ժամանակ էին շահում, քանի որ երկրում կազմակերպվում էր սպանված Հոգևոր առաջնորդի հուղարկավորությունը, որը տևեց ավելի քան մեկ շաբաթ։
Դավուդյանի խոսքով՝ այդ օրերին Իրանում հնչում էին նաև հակաամերիկյան և անձամբ Դոնալդ Թրամփի դեմ ուղղված կոչեր։
«Հուղարկավորության ընթացքում հնչում էին Թրամփից վրեժ լուծելու կոչեր։ Նույնիսկ տեղեկություններ տարածվեցին, որ ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի ժամանակ, երբ Թրամփը գտնվում էր Թուրքիայում, ծայրահեղական որոշ շրջանակներ քննարկել են նրա նկատմամբ մահափորձ իրականացնելու հնարավորությունը։ Լուրեր կային նաև, որ անվտանգության նկատառումներից ելնելով փոխվել էր նրա ինքնաթիռը»,– ասաց նա։
Դավուդյանի գնահատմամբ՝ այսօր արդեն կարելի է արձանագրել, որ Վաշինգտոնը չի կարողացել իրականացնել Իրանի նկատմամբ իր հիմնական ռազմավարական խնդիրները։
Նրա խոսքով՝ Թեհրանի միջուկային ծրագրի ամբողջական դադարեցման և հրթիռաշինության վերացման նպատակները մնացել են անկատար։ «Այս նպատակներին Միացյալ Նահանգները չի կարողացել հասնել, իսկ այժմ դրանց ավելացել է ևս մեկ խոշոր խնդիր՝ Հորմուզի նեղուցը»,– ընդգծեց նա։
Հորմուզի նեղուցը՝ նոր հակասությունների կենտրոն
Դավուդյանի խոսքով՝ վերջին ամիսներին կողմերը բանակցել են նաև Հորմուզի նեղուցով նավարկության կարգավորման շուրջ։ Նրա ներկայացմամբ՝ գործընթացում միջնորդական դեր է ունեցել Պակիստանը՝ Կատարի աջակցությամբ, իսկ հետագայում փաստաթուղթը քննարկվել է Շվեյցարիայում։
Իրանագետի խոսքով՝ համաձայն ձեռք բերված պայմանավորվածությունների՝ Իրանը համաձայնել էր չխոչընդոտել նավերի անցումը, սակայն պահանջել էր, որպեսզի դրանք շարժվեն բացառապես իր կողմից սահմանված ծովային երթուղով։
«Հորմուզի նեղուցը գտնվում է Իրանի և Օմանի միջև։ Սակայն մի շարք նավեր սկսեցին անցնել Օմանի տարածքային ջրերով, ինչից հետո այդ հատվածում տեղի ունեցան հրթիռային հարձակումներ։ Արևմուտքը մեղադրեց Իրանին, մինչդեռ Թեհրանը հերքեց այդ մեղադրանքները, բայց միաժամանակ շարունակում էր պնդել, որ նավերը պետք է անցնեն իր սահմանած երթուղով»,– նշեց նա։
Դավուդյանի խոսքով՝ Իրանը նաև առաջարկել էր, որ Հորմուզի նեղուցով անցնող յուրաքանչյուր նավ վճարի երկու միլիոն դոլար։
Սակայն, նրա խոսքով, այդ նախաձեռնությունը չընդունվեց ո՛չ միջազգային հանրության, ո՛չ էլ ՄԱԿ-ի կողմից։
Միաժամանակ նա ուշադրություն հրավիրեց Դոնալդ Թրամփի վերջին հայտարարություններին, որոնց համաձայն՝ Միացյալ Նահանգները ևս ցանկանում է եկամուտ ստանալ միջազգային ծովային փոխադրումների հաշվին։
«Իրանի առաջարկը չընդունվեց, ապա այսօր Թրամփն ասում է, որ նեղուցով անցնող նավերը պետք է 20 տոկոս վճարեն ԱՄՆ-ին։ Սա առնվազն տարօրինակ մոտեցում է»,– ասաց Դավուդյանը։
Իրանում ազդեցիկ շրջանակները շահագրգռված չեն համաձայնության մեջ
Իրանագետը համոզված է, որ Իրանի ներսում ևս գոյություն ունեն ազդեցիկ խմբեր, որոնք շահագրգռված չեն Արևմուտքի հետ հարաբերությունների կարգավորմամբ։
Նրա խոսքով՝ խոսքը հիմնականում այն շրջանակների մասին է, որոնք իրանական մամուլում հաճախ անվանվում են «նավթային մաֆիա»։
«Այս խմբերը պատերազմական իրավիճակից մեծ տնտեսական օգուտներ են ստանում։ Նրանք շրջանցիկ ճանապարհներով նավթ են վաճառում և հսկայական եկամուտներ ունեն, ուստի շահագրգռված չեն, որ Իրանը վերջնական համաձայնության հասնի Արևմուտքի հետ»,– ասաց նա։
Դավուդյանը նշեց, որ թեև տրամաբանորեն պետական բոլոր ֆինանսական հոսքերը պետք է վերահսկվեն կառավարության կողմից, իրականում զգալի ռեսուրսներ գտնվում են այլ կառույցների վերահսկողության ներքո։
«Իրանում գործում են ռազմականացված կառույցներ, առաջին հերթին՝ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը, որոնք ունեն սեփական նավահանգիստներ, ինքնուրույն զբաղվում են նավթի վաճառքով և ֆինանսական հոսքերը չեն վերահսկվում կառավարության կողմից։ Փաստացի ձևավորվել է «պետություն պետության մեջ» համակարգ»,– նշեց նա։
Դավուդյանի խոսքով՝ նախկին նախագահներ Հասան Ռոհանին և Մահմուդ Ահմադինեժադը ևս բազմիցս բարձրաձայնել են այս խնդրի մասին՝ հայտարարելով, որ պատասխանատու են երկրի սոցիալ-տնտեսական վիճակի համար, սակայն չեն վերահսկում ֆինանսական հիմնական աղբյուրները։
«Նախագահները բազմիցս հարց են բարձրացրել՝ եթե իրենք պատասխանատու են տնտեսության, հացի, ցորենի և սոցիալական խնդիրների համար, ապա որտե՞ղ են գնում նավթից ստացվող հսկայական միջոցները։ Սա Իրանի ներքին քաղաքական կյանքի ամենակարևոր խնդիրներից մեկն է»,– եզրափակեց իրանագետը։

