Մոսկվան դեռ վերջնական որոշում չունի Հայաստանի նկատմամբ իր հետագա քաղաքականության վերաբերյալ։ Քաղաքագետ Լիլիթ Դալլաքյանի կարծիքով՝ հենց այս անորոշությամբ է պայմանավորված նաև ընդդիմության վարքագիծը։
Որպես Մոսկվայի անորոշության ապացույց՝ քաղաքագետը հիշեցնում է, որ խորհրդարանական ընտրություններից հետո շատերը սպասում էին Վլադիմիր Պուտինի շնորհավորանքին, որը չեղավ, Միշուստին-Փաշինյան հանդիպումից հետո նույնպես հրապարակային հստակ ազդակներ չհնչեցին։
Իշխանափոխության իրատեսական թեկնածուների բացակայությունը
Թեև Մոսկվայում Նիկոլ Փաշինյանը շարունակում է մնալ ոչ ցանկալի, և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը նրան չի դիտարկում որպես իրեն քաղաքականապես մոտ գործիչ, Ռուսաստանն այս փուլում չունի նրան փոխարինելու իրատեսական թեկնածու։ Դալլաքյանի գնահատմամբ՝ ոչ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, ոչ գործարար Սամվել Կարապետյանը, ոչ էլ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը չեն ընկալվում ՌԴ-ում, որպես իրատեսական թեկնածուներ։
Քաղաքագետը հատկապես ընդգծում է Ռոբերտ Քոչարյանի բարձր հակառեյտինգը՝ նշելով, որ նրա շարունակական ներկայությունը քաղաքական դաշտում, ըստ էության, ձեռնտու է գործող իշխանությանը։ «Քոչարյանի հակառեյտինգն այնքան բարձր է, որ քանի դեռ նա մնում է քաղաքական դաշտում, Նիկոլ Փաշինյանի դիրքերը միայն ամրապնդվում են։ Շատ ընտրողներ ասում են՝ եթե ընտրությունը կրկին Քոչարյանի և Փաշինյանի միջև է, իրենք նախընտրում են Փաշինյանին»,- ասել է նա։
Անդրադառնալով Սամվել Կարապետյանի շուրջ քննարկումներին՝ Դալլաքյանը նշում է, որ նրա հիմնական «մեղադրանքը» դարձել է Ռուսաստանի հետ ասոցացվելը։ Թեև գործարարի համար դա բնական է, քանի որ հենց Ռուսաստանում է նա ձևավորել իր բիզնեսն ու դարձել միլիարդատեր, սակայն այսօր նրա ռուսական կապերը դարձել են քաղաքական բեռ։
Սակայն սա միակ պատճառը չէ։ Ռուսաստանի հնարավորությունները հայաստանյան գործընթացներին միջամտելու սահմանափակում են հայ հասարակության մեջ աճող հակառուսական տրամադրությունները։
Հանրային տրամադրությունները և Ռուսաստանի ճնշումների հակառակ արդյունքը
Նրա խոսքով՝ հատկապես 2020 թվականից հետո Ռուսաստանը զգալիորեն կորցրել է վստահությունը Հայաստանում։ Հակառուսական տրամադրություններ ունեն ոչ միայն գործող իշխանության կողմնակիցները, այլև այն քաղաքացիների մեծ մասը, որոնք չեն աջակցում Նիկոլ Փաշինյանին և չեն մասնակցել ընտրություններին։ Այս պայմաններում Մոսկվայի բաց աջակցությունը որևէ թեկնածուի կարող է նույնիսկ հակառակ ազդեցությունն ունենալ։
Դալլաքյանի գնահատմամբ՝ Ռուսաստանի Հայաստանի դեմ իրականացվող առևտրային սահմանափակումները միայն ուժեղացնում են հակառուսական տրամադրությունները։ ՌԴ- ում սխալ հաշվարկ կա, թե Հայաստանի նկատմամբ ճնշումները կարող են հակափաշինյանական տրամադրություններ ձևավորել։ «Եթե Ռուսաստանում կարծում են, որ այդ քայլերը կթուլացնեն Փաշինյանին, ապա հակառակ արդյունքն են ստանում։ Վնասը կրում է հայ ժողովուրդը, և դա էլ ավելի է խորացնում հակառուսական տրամադրությունները»,– նշել է նա։ Քաղաքագետի խոսքով՝ հայ հասարակությունը բացասաբար է արձագանքում սպառնալիքներին ու ճնշումներին, քանի որ դրանք ընկալվում են որպես հարված ամբողջ երկրին, այլ ոչ թե գործող իշխանությանը։
Հետագա զարգացումներն ու ընդդիմության քայլերը
Այս ամենի համատեքստում քաղաքագետը չի բացառում, որ Նիկոլ Փաշինյանի վերջին մոսկովյան այցի ընթացքում քննարկվել են Ռուսաստանի կողմից Հայաստանի նկատմամբ հնարավոր տնտեսական սահմանափակումները, սակայն հրապարակային տեղեկատվությունը բավարար չէ եզրակացություններ անելու համար։ Նրա գնահատմամբ՝ թեմայի շուրջ ավելի հստակ պատկեր կարող է ձևավորվել աշնանը, երբ հնարավոր է կայանա Փաշինյան–Պուտին նոր հանդիպում։
Ամփոփելով՝ Դալլաքյանը կարծիք է հայտնել, որ Հայաստանի ընդդիմության հետագա ռազմավարությունը մեծապես կախված է լինելու Մոսկվայի վերջնական դիրքորոշումից։ Նրա խոսքով՝ եթե Ռուսաստանը հստակ քաղաքական որոշում կայացնի, դա անմիջապես կանդրադառնա նաև ընդդիմության գործողությունների վրա, մինչդեռ ներկայում բոլոր կողմերը գտնվում են սպասողական փուլում։

