Շուշիում անցկացված հերթական մեդիաֆորումի ընթացքում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ելույթը կրկին ցույց տվեց, որ Բաքվի արտաքին քաղաքական օրակարգը էական փոփոխության չի ենթարկվել։ Թեև Ադրբեջանը շարունակում է խոսել Հայաստանի հետ խաղաղության գործընթացի, տարածաշրջանային հաղորդակցությունների բացման և տնտեսական համագործակցության մասին, այդ հայտարարություններին զուգահեռ շարունակում է առաջ քաշել նախկին նախապայմանները և կոշտ դիրքորոշում ցուցաբերել միջազգային կառույցների նկատմամբ։
Նման գնահատական է տվել «Կանայք և գլոբալ անվտանգություն» կենտրոնի ղեկավար Արմինե Մարգարյանը։
Նրա խոսքով՝ Ադրբեջանի քաղաքականությունը պետք է դիտարկել ոչ թե առանձին հայտարարությունների, այլ ավելի լայն ռազմավարության համատեքստում։ «Կարող են փոխվել լսարանները, կարող են փոխվել շեշտադրումները, բայց Ադրբեջանի օրակարգերը չեն փոխվում», — նշել է Մարգարյանը։
Նրա խոսքով՝ Հայաստանը շարունակում է առաջ մղել խաղաղության գործընթացը և պատրաստվում է խաղաղության պայմանագրի ստորագրմանը, իսկ Ադրբեջանը, ներկայացնելով Հայաստանի համար ճանապարհների բացման, նավթամթերքի արտահանման և այլ նախաձեռնությունները, զուգահեռ շարունակում է պնդել իր պահանջները ՀՀ-ի նկատմամբ։
Այս համատեքտում է Մարգարյանը դիտարկում Ալիևի քննադատական հայտարարությունները Եվրոպայի խորհրդի և եվրոպական կառույցների հասցեին։ Ադրբեջանի նախագահը խոսել է այդ կառույցներից դուրս գալու հնարավորության մասին, քննադատել Ֆրանսիային, միաժամանակ ընդգծելով Միացյալ Նահանգների հետ հարաբերությունների կարևորությունը։
Բաքուն փորձում է փակել Ղարաբաղի թեման միջազգային օրակարգում
Մարգարյանի խոսքով՝ Ալիևի հայտարարությունները նպատակ ունեն՝ փոխել միջազգային ընկալումը Ադրբեջանի գործողությունների վերաբերյալ։ «Մենք պետք է սա դիտարկենք միջազգային իրավական կառույցների նկատմամբ վերաբերմունքի փոփոխության համատեքստում։ Այսօր մենք տեսնում ենք միջազգային կառույցների ճգնաժամ։ Այդ իրավիճակից օգտվում են տարբեր երկրներ, և Ադրբեջանն էլ փորձում է դա օգտագործել իր օգտին», — նշել է նա։
Փորձագետի խոսքով՝ Բաքուն հատկապես փորձում է վերանայել այն սահմանափակումների շուրջ քննարկումները, որոնք եվրոպական կառույցները կիրառել են Ադրբեջանի նկատմամբ՝ կապված Լեռնային Ղարաբաղի հայաթափման և էթնիկ զտման հետ։ «Երբ Ալիևը ասում է՝ մենք Հայաստանի հետ արդեն խաղաղություն ենք կառուցում, ինչո՞ւ եք դուք շարունակում գործել Ադրբեջանի դեմ, նա փորձում է ներկայացնել, որ նախկին խնդիրներն այլևս գոյություն չունեն», — ասել է Մարգարյանը։
Նրա խոսքով՝ Ադրբեջանի նպատակը Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած իրադարձությունները միջազգային քաղաքական օրակարգից դուրս բերելն է։ «Նա փորձում է ցույց տալ, որ Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորումից հետո մնացած բոլոր հարցերը պետք է փակվեն», — նշել է փորձագետը։
Եվրոպայի խորհրդից դուրս գալը՝ ճնշումից խուսափելու փորձ
Անդրադառնալով հարցին՝ արդյոք Ադրբեջանի համար իրականում ձեռնտու կլինի Եվրոպայի խորհրդից դուրս գալը, Մարգարյանը նշել է, որ նման քայլը կարող է սահմանափակել միջազգային վերահսկողության որոշ մեխանիզմներ։ «Այդ դեպքում Ադրբեջանը կարող է խուսափել մարդու իրավունքների հետ կապված որոշ գործընթացներից, Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշումների ազդեցությունից և այլ գործիքներից», — ասել է նա։
Միաժամանակ, ըստ նրա, Բաքուն նման հայտարարություններով փորձում է նաև ազդակ ուղարկել եվրոպական կառույցներին։ «Ալիևը ցույց է տալիս, որ եթե իր նկատմամբ շարունակվեն քննադատական բանաձևերը, Ադրբեջանը պատրաստ է վերանայել իր հարաբերությունները այդ կառույցների հետ», — նշել է Մարգարյանը։ Սակայն փորձագետը ընդգծել է, որ Ադրբեջանի դիրքորոշման հիմքում նաև էներգետիկ գործոնն է։
«Ադրբեջանին նման քաղաքականություն վարելու հնարավորություն են տալիս իր էներգետիկ հնարավորությունները և Եվրոպայի կարիքները։ Եվրոպական միության համար Ադրբեջանը կարևոր էներգետիկ գործընկեր է», — ասել է նա։
Էներգետիկ շահերը չեն վերացնում մարդու իրավունքների օրակարգը
Չնայած տնտեսական և էներգետիկ համագործակցությանը՝ Մարգարյանի խոսքով, եվրոպական կառույցների համար մարդու իրավունքների, ժողովրդավարության և օրենքի գերակայության հարցերը շարունակում են մնալ կարևոր։ «Այն, որ այսօր հնարավոր չէ նույն չափով ճնշում գործադրել Ադրբեջանի վրա, չի նշանակում, որ այդ գործիքները վերացել են։ Դրանք պահպանվում են և կարող են կիրառվել այլ իրավիճակում», — նշել է նա։
Նրա խոսքով՝ Եվրոպական միությունում ևս կա տարբերություն քաղաքական հայտարարությունների և գործնական քաղաքականության միջև։ «Եվրոպական խորհրդարանը կարող է ընդունել քննադատական բանաձևեր, իսկ գործադիր մարմինները շարունակել համագործակցությունը՝ հաշվի առնելով էներգետիկ շահերը։ Սա ռեալ քաղաքականության տրամաբանությունն է», — ասել է փորձագետը։
Միևնույն ժամանակ նա ընդգծել է, որ Հայաստանի համար կարևոր է պահպանել այդ տարբերակված մոտեցումը։
«Հայաստանը ներկայանում է որպես ժողովրդավարական երկիր, որը կարևորում է օրենքի գերակայությունը։ Հենց այստեղ է տարբերությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև, և այդ տարբերակումը կարևոր է նաև եվրոպական գործընկերների համար», — եզրափակեց Մարգարյանը։

