Հայաստանի քաղաքական դաշտում այսօր չկա որևէ ընդդիմադիր ուժ կամ գործիչ, որը բացասաբար կարտահայտվեր Միացյալ Նահանգների հետ գործընկերության գաղափարի մասին։ Այս մասին հայտնեց աղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը։
Նրա խոսքով՝ նույնիսկ իշխանափոխության դեպքում դժվար է պատկերացնել, որ որևէ քաղաքական ուժ կփորձի չեղարկել ԱՄՆ-ի հետ քննարկվող ծրագրերը, այդ թվում՝ խոշոր ենթակառուցվածքային կամ տնտեսական նախաձեռնությունները։
Քոչարյանը նշում է, որ հարցը ոչ թե այն է՝ ԱՄՆ-ը կարող է լինել Հայաստանի գործընկերը, այլ՝ ինչ կարգավիճակով։ Նրա համոզմամբ՝ Միացյալ Նահանգները այս փուլում չեն ձգտում դառնալ հիմնական խաղացողը, այլ ավելի շուտ դիտարկում են իրենց դերը որպես երկրորդ կամ լրացուցիչ գործընկեր։
ԱՄՆ-ի աշխարհաքաղաքական հաշվարկը տարածաշրջանում
Քաղտեխնոլոգը հիշեցնում է Դոնալդ Թրամփի հայտնի արտահայտությունը, ըստ որի՝ նա «մտել է Վլադիմիր Պուտինի գոտի» և կարողացել է կարճ ժամանակում այնտեղ խաղաղություն հաստատել։ «Այսինքն Թրամփը ինքն է նշում, որ խոսքը Պուտինի ազդեցության գոտու մասին է։ Այս դիտարկումը կարևոր է հասկանալու համար, թե ինչպես է Վաշինգտոնը պատկերացնում իր դերակատարությունը տարածաշրջանում», — ասաց Քոչարյանը։
Նրա գնահատմամբ՝ Միացյալ Նահանգները բավական փորձառու խաղացող են աշխարհաքաղաքական դաշտում և լավ գիտակցում են, որ տարածաշրջան, որտեղ նախկինում գրեթե չեն գործել, չեն կարող միանգամից մտնել որպես առաջին դերակատար։ Այդ իսկ պատճառով ԱՄՆ-ը գործում է աստիճանաբար՝ ամրապնդելով իր ներկայությունը տարբեր ուղղություններով։
Տնտեսական օրակարգի տակ՝ քաղաքական շահ
Քոչարյանի դիտարկմամբ՝ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի Հայաստան կատարած այցի ընթացքում հնչած դիտարկումները հիմնականում տնտեսական բնույթի էին, բացահայտ քաղաքական հայտարարություններ գրեթե չկային։ Փաստացի, այցը ներկայացվում էր որպես տնտեսական համագործակցության պայմանագրերի կամ նախապայմանագրերի քննարկում, այն ոլորտներում, որտեղ Ռուսաստանը արդեն իսկ ներգրավված է։
Սակայն քաղտեխնոլոգը կասկածի տակ է դնում այն թեզը, թե Միացյալ Նահանգները կարող են Հայաստանից էական տնտեսական շահ ակնկալել։ Նրա խոսքով՝ նման մասշտաբի տնտեսություն ունեցող երկիրը դժվար թե Հայաստանում տնտեսական եկամուտների մեծ պոտենցիալ տեսնի։ Այդ պատճառով, ըստ Քոչարյանի, եթե ամերիկացիները ներդրումներ են անում, ապա ոչ թե «գեղեցիկ աչքերի համար», այլ հստակ հաշվարկով։
Ի՞նչ գին է ունենալու ԱՄՆ ներկայությունը
Քոչարյանի համոզմամբ՝ եթե շահը տնտեսական չէ, ապա այն քաղաքական է և մասնավորապես՝ աշխարհաքաղաքական։ Նրա կարծիքով՝ Վենսի այցի հիմնական նպատակը հենց ԱՄՆ աշխարհաքաղաքական ներկայության ամրապնդումն էր տարածաշրջանում։ Սակայն այստեղ առաջանում է առանցքային հարցը՝ ինչ պետք է վճարի Հայաստանը դրա դիմաց։
Քաղտեխնոլոգը նշում է, որ երբ տարածաշրջան է մտնում մի խաղացող, որը նախկինում այստեղ չի գործել, դա ինքնին արդեն գին ունի։

