Օրերս Դավոսում կայացած տնտեսական ֆորումի շրջանակում ստորագրվեց Դոնալդ Թրամփի նախաձեռնած խաղաղության խորհրդի կանոնադրությունը։ Նախաձեռնությանը միացել են մի շարք երկրներ, այդ թվում՝ Հայաստանը և Ադրբեջանը։ Սակայն հարցը, որը բնականաբար առաջանում է, հետևյալն է․ արդյո՞ք Հայաստանի մասնակցությունն այս հարթակին և առհասարակ այս նախաձեռնության մեջ ներգրավված լինելը կարող է որևէ իրական օգուտ տալ, թե խոսքը ավելի շատ քաղաքական ժեստի մասին է։
Ձևական անդամակցություն, ոչ թե գործնական մեխանիզմ
Քաղաքագետ Տիգրան Գրիգորյանի գնահատմամբ՝ Հայաստանի անդամակցությունը այս խաղաղության խորհրդին կարելի է համեմատել Հայաստանի անդամակցությանը ՀԱՊԿ-ին մինչև 2020 թվականի պատերազմը և մինչև 2022 թվականի էսկալացիան։ Նրա խոսքով՝ բոլորի համար պարզ էր, որ այդ կազմակերպությունը որպես այդպիսին լուրջ գործառույթներ չի իրականացնելու։
ՀԱՊԿ-ի պարագայում, օրինակ, ակնհայտ էր, որ կոլեկտիվ պաշտպանության սկզբունքը դժվար թե գործի, քանի որ այդ կազմակերպությունը երբեք չուներ հետխորհրդային պետությունների միջև ռազմական գործողություններ սկսելու կամ նման սցենարների համար գործնական մեխանիզմներ կիրառելու մտադրություն։ Այդուհանդերձ, մինչև 2020 թվականը Հայաստանը ՀԱՊԿ անդամակցությունն օգտագործում էր որպես լրացուցիչ հարթակ Ռուսաստանի հետ հարաբերությունները կառուցելու և զարգացնելու համար՝ ստանալով որոշակի դիվիդենտներ, օրինակ՝ էժան սպառազինության ձեռքբերման տեսքով։
Գրիգորյանի համոզմամբ՝ այս դեպքում ևս գործ ունենք նմանատիպ գործընթացի հետ։
ԱՄՆ վարչակազմի հետ հարաբերությունների պահպանման գործիք
Քաղաքագետի գնահատմամբ՝ մեծ հաշվով դժվար է ակնկալել, որ Հայաստանը որևէ կոնկրետ, գործնական օգուտ կստանա հենց այս կազմակերպության անդամակցությունից։ Սակայն այս քայլը կարելի է դիտարկել որպես Միացյալ Նահանգների ներկայիս վարչակազմի հետ հարաբերությունները պահելու, կառուցելու և զարգացնելու փորձ։
Ըստ Գրիգորյանի՝ սա ունի նաև ներքաղաքական՝ PR բաղադրիչ։ Նա ուշադրություն է հրավիրում այն հանգամանքի վրա, թե ինչ ոգևորությամբ է իշխանական մեդիան տարածում Դավոսից հրապարակված լուսանկարները, որտեղ Նիկոլ Փաշինյանը և Դոնալդ Թրամփը նստած են միմյանց դիմաց, քննարկում են ինչ-որ հարցեր։
«Միգուցե այս կապերը հետագայում կարող են օգտակար լինել կոնկրետ խնդիրներ լուծելու համար», — նշում է նա։ Գրիգորյանի խոսքով՝ հենց այս տրամաբանության մեջ պետք է դիտարկել տվյալ կազմակերպությանն անդամակցությունը։
Նախաձեռնության հարատևությունը՝ մեծ հարցականի տակ
Միևնույն ժամանակԳրիգորյանը լուրջ կասկածներ ունի այս նախաձեռնության ապագայի վերաբերյալ։ Նրա գնահատմամբ՝ կազմակերպության հարատևությունը մեծ հարցականի տակ է։
«Ես գրեթե վստահ եմ, որ եթե Միացյալ Նահանգներում փոփոխվի վարչակազմը և իշխանության գա դեմոկրատական վարչակազմ, այս կազմակերպությունը պարզապես չի գոյատևի», — ասում է նա։
Գրիգորյանը ուշադրություն է հրավիրում նաև այն հանգամանքի վրա, թե որ երկրներն են միացել նախաձեռնությանը։ Նրա խոսքով՝ հիմնականում խոսքը գնում է կամ այն պետությունների մասին, որոնց ղեկավարները ունեն շատ լավ անձնական հարաբերություններ Դոնալդ Թրամփի հետ, ինչպես օրինակ Թուրքիայի և Հունգարիայի ղեկավարները, կամ այն երկրների մասին, որոնց պարագայում Թրամփը հայտարարում է, թե օգնել է կանգնեցնել հակամարտություններ՝ Հայաստան, Ադրբեջան, Պակիստան։
Գրիգորյանը նշում է, որ նախաձեռնությանը հրավիրված էր նաև Բելառուսը՝ լուրջ պատժամիջոցների տակ գտնվող և Ուկրաինայի պատերազմի մեկնարկից հետո միջազգային հարաբերություններից մեծապես մեկուսացված երկիր։ Այս նախաձեռնության շնորհիվ Բելառուսը ևս հնարավորություն է ստանում որոշակիորեն ներգրավվել միջազգային գործընթացների մեջ։
Խոշոր դերակատարների բացակայությունը և Ռուսաստանի դիրքորոշումը
Գրիգորյանի խոսքով՝ խոշոր պետությունների մեծ մասը ձեռնպահ է մնացել մասնակցությունից։
Արևմտյան Եվրոպայի հիմնական դերակատարները չեն միացել նախաձեռնությանը։ Ռուսաստանը ևս հրավիրված էր, սակայն նրա արձագանքը եղել է բավականին դիվանագիտական։ Ռուսական կողմը, ըստ Գրիգորյանի, փաստացիորեն մերժել է առաջարկը՝ հայտարարելով, որ պատրաստ է մեկ միլիարդ դոլար վճարել սառեցված ռուսական ակտիվներից։
Քաղաքական մեկնաբանի գնահատմամբ՝ Ռուսաստանը իրեն պատկերացնում է որպես երեք համաշխարհային գերտերություններից մեկը՝ Միացյալ Նահանգների և Չինաստանի կողքին, և ԱՄՆ-ի հետ երկխոսությունը նախընտրում է վարել նախագահների մակարդակով, երկկողմ ձևաչափով։
Արդյունավետությունը հարցականի տակ
Սակայն ամենակարևոր հանգամանքը այն է, որ արևմտյան առանցքային դերակատարները չեն ընդունել հրավերը և չեն մասնակցում այս գործընթացին։ Սա լուրջ կասկածի տակ է դնում նախաձեռնության արդյունավետությունը։
«Եթե խոսքը գնում է հիմնականում երկրորդական նշանակություն ունեցող պետությունների մասնակցությամբ ինչ-որ նոր գլոբալ կազմակերպություն ստեղծելու մասին, որը պետք է լուծի համաշխարհային խնդիրներ, ապա այս փուլում դա այնքան էլ լուրջ տպավորություն չի թողնում», — ամփոփում է Գրիգորյանը։
Նրա եզրակացությամբ՝ նախաձեռնությունն առավելապես հիշեցնում է Դոնալդ Թրամփի անձնական քաղաքական PR-ի համար օգտագործվող հարթակ, քան իրական գլոբալ խնդիրներ լուծելու ունակ մեխանիզմ։

