Արևմուտքը կարող է փորձել Իրանում ռեժիմ փոխել

Իրան-Իսրայել պատերազմը կարծես թե դադար կոճակի վրա է, սակայն արդյո՞ք դա նշանակում է, որ տարածաշրջանը կարող է խորը շունչ քաշել, արդյոք վտանգ չկա, որ իրավիճակը նորից կարող է սրվել:

Vectors-ի հետ զրույցում ԱՄՆ Սթենֆորդի համալսարանի քաղաքագիտության դոկտոր Արթուր Խաչիկյանը չբացառեց, որ հնարավոր է էսկալացիա, որ Արևմուտքը կարող է փորձել Իրանում ռեժիմ փոխել, և Հայաստանը բոլոր զարգացումներին պետք է պատրաստ լինի: Եվ ամենավտանգավորը Հայաստանի համար այն է, որ էսկալացիայի ու պատերազմի դեպքում Ադրբեջանն ու Թուրքիան կարող են ակտիվանալ մեր ուղղությամբ և փորձել վերցնել ինչ ուզում են, իսկ Ռուսատանի համար նման պարագայում շատ դժվար կլինի առճակատվել այս երկու երկրների հետ:

«Պատերազմը կխորացնի Հայաստանի շրջափակումը, և ոչ միայն Իրանի հետ կկորցնենք մեր կապը, այլև Ռուսաստանի, որովհետև այս փուլում, Սամվել Կարապետյանի անօրինական ձերբակալության հետևանքով հիմա ՌԴ-ն որոշ արգելքներ է դնում մեր երկրից արտահանվող ապրանքների համար: Այսինքն, Ռուսաստանի հետ էլ մեր հարաբերությունները իսկապես հեղհեղուկ վիճակում են»,- ասաց Խաչիկյանը:

Հարցին՝ գուցե այս գործընթացը բոլորովին էլ պատահական չէ և միտումնավոր է արվել, որպեսզի այս դժվար փուլում Ռուսաստանը ՀՀ-ից էլ ավելի երես թեքի, Խաչիկյանը նշեց, որ հնարավոր է նաև այդ տարբերակը: Բայց հարկ է հաշվի առնել այն, որ բոլոր ապրանքների գները Հայաստանում կբարձրանան, հատկապես, եթե ՀՀ-ն իսկապես դուրս գա ԵԱՏՄ-ից, եթե մեր արտադրանքը այլևս չկարողանանք արտահանել Ռուսաստան, սա բնականաբար մեծ հարված կհասցնի մեր տնտեսությանը. «Գնաճ կլինի և մարդիկ իրենց գրպանի վրա դա անպայման կզգան, և սա կարող է դժգոհություն առաջացնել այս ապիկար ռեժիմի նկատմամբ: Իրականում, սա շատ մեծ ռիսկ է իրենց կողմից»,- ասաց նա:

Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի Թուրքիա կատարած այցին և այն հանգամանքին, որ թեև Փաշինյանը չի հնչեցնում միջանցք տերմինը, բայց չի հերքել, որ ճանապարհ լինելու է և, ըստ այդմ, Սյունիքի վտանգված լինելը մեզ համար ավելի քան ակնհայտ է, Խաչիկյանը նշեց, որ Փաշինյանը շարունակելու է ստել ու խաղալ բառերով, բայց իրականությունը կլինի հետևյալը. Ադրբեջանական մեքենաները չեն կանգնեցվելու, դա մեր տարածքը չի լինելու: Այլ կերպ ասած՝ ինչպես ժամանակին նա իջեցրել էր Արցախի նշաձողը, այնպես էլ հիմա իջեցրել է Սյունիքի նշաձողը. “Մենք, ցավոք, հետո կիմանանք, թե ինչ է նա այնտեղ ասել, ինչ է պայմանավորվել, որովհետև տեսնում ենք, որ նրանք (իշխանությունները – խմբ.) հասարակությանը կամաց-կամաց խաբելով բերեցին նրան, ինչ ունենք, Արցախի կորստին, հիմա էլ կբերեն Սյունիքին”:

Հիշեցնենք, նախօրեին Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սահակաշվիլին մի գրառում էր կատարել, պնդելով, որ ՀՀ-ն խաղաղության պայմանագիր է կնքել Թուրքիայի հետ, բացում է սահմանները և դեսպանատները։ Ըստ Սահակաշվիլու՝ Թուրքիան պահանջում է ռուսական զորքերի դուրսբերումը Հայաստանից և ձերբակալել երկրի ռուսամետ առաջատար օլիգարխին։

«Ադրբեջանն արդեն դուրս է եկել Ռուսաստանի ազդեցության ոլորտից։Այս իրավիճակում Վրաստանը մնում է լիովին խաղից դուրս, ինչը չափազանց վտանգավոր է։ Եթե մենք ուզում ենք փրկել մեր երկիրը, պետք է անհապաղ գործենք», — գրել է նա։

Ի դեպ, Էրդողանի հետ հանդիպումից օրեր անց Թուրքիա էր մեկնել ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը՝ Տրանսպորտային փոխկապակցվածության գլոբալ ֆորումին մասնակցելու նպատակով: Վերջինս նաև հանդիպել էր Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարար, հայ ազգի համար արյունալի սիմվոլիզմ պարունակող ազգանվամբ Ալփարսլան Բայրաքթարի հետ։
Ըստ պաշտոնական հաղորդագրության՝ հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի և Թուրքիայի միջև էներգետիկայի ոլորտում համագործակցության հնարավոր ուղղությունները… ավելորդ է նշելը, որ այս ամենը ոչ միայն տարօրինակ է, հաշվի առնելով, որ ՀՀ-ն ԴԵՌ դիվանագիտական հարաբերություններ չունի թշնամի այս երկրի հետ, այլև մշտապես մեր էներգետիկ ոլորտը սպառնալից հռետորաբանության է ենթարկվում պաշտոնական Անկարայի կողմից, այն է՝ ՀԱԷԿ-ը փակելու պահանջը մինչ օրս էլ հնչում է և թուրքական օրակարգում է:

Scroll to Top