Մերձավոր Արևելքում ձևավորվող նոր անվտանգային ճարտարապետության համատեքստում Թուրքիան փորձում է ամրապնդել իր դիրքերը՝ դառնալով տարածաշրջանային առանցքային դերակատար։ Ըստ թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանի՝ այդ գործընթացը մեծապես ղեկավարվում է ԱՄՆ-ի կողմից, իսկ համակարգի երեք հենասյուներն են՝ Իսրայելը, Սաուդյան Արաբիան և Թուրքիան։
«Իրանը թուլանում է և դուրս է մղվում այդ համակարգից։ Իսկ Թուրքիան՝ իր նոր դերակատարումն արդարացնելու համար, պետք է կարգավորի հարաբերությունները Հարավային Կովկասում, մասնավորապես՝ Հայաստանի հետ», – ընդգծում է Սաֆրաստյանը։ Նա գտնում է, որ վերջին շրջանում նկատվող Թուրքիայի բարեկամական հռետորաբանությունն ուղղված է հենց այդ նպատակին։ Եթե այդ հարաբերությունների կարգավորումը կարևոր չլիներ Անկարայի համար, ապա, հաշվի առնելով դիվանագիտական հարաբերությունների բացակայությունը, Նիկոլ Փաշինյանին հազիվ թե հրավիրեին Թուրքիա։
Ըստ թուրքագետի՝ այս այցը ուղերձ էր, ինչպես Հայաստանին, այնպես էլ արտաքին աշխարհին, որ Թուրքիան պատրաստակամ է հարաբերությունների կարգավորմանը։ «Թուրքական դիվանագիտությունն այդպես է աշխատում՝ ազդակներ տալով», – նկատում է նա։
Սակայն, ինչպես տարբեր փորձագետներ և լրատվամիջոցներ են հարցադրում ձևակերպել, արդյո՞ք աշխարհը կվստահի, որ Թուրքիան իրականում շահագրգռված է կարգավորմամբ, եթե Էրդողանն այն կապում է հայ-ադրբեջանական պայմանագրի ստորագրման հետ։
«Իրականում Թուրքիան աշխարհաքաղաքական առումով շահագրգռված է։ Ադրբեջանը ձգտում է Հայաստանից ինչ-որ բան պոկել, իսկ Թուրքիայի նպատակը նորմալ հարաբերություններ հաստատելն է՝ իր դիրքերը ամրապնդելու համար թե՛ Հարավային Կովկասում, թե՛ Մերձավոր Արևելքում», – բացատրում է Ռուբեն Սաֆրաստյանը։
Նրա խոսքով՝ Թուրքիան չունի այն տակտիկական խնդիրները, որոնք ունի Ադրբեջանը, և այդ պատճառով նրանց շահերը երբեմն չեն համընկնում։ «Թուրքիան, իհարկե, շտապեցնում է Ադրբեջանին, բայց լինելով ավելի հզոր պետություն, տեսլականը շատ ավելի լայն է», – նշում է նա։
Հնչում են նաև վարկածներ, թե Ադրբեջանը դիտավորյալ ձգձգում է գործընթացը մինչև 2026թ. Հայաստանի ընտրությունները։ Սաֆրաստյանը, սակայն, այդ կարծիքը կիսելու հիմք չի տեսնում։ «Կարծում եմ՝ Ադրբեջանը պարզապես փորձում է առավելություններ կորզել Հայաստանից։ Թուրքիայի համար դա երկրորդական է։ Նրան կարևոր է իր դերն աշխարհաքաղաքական նոր ճարտարապետությունում», – ասում է նա։

