Վերջերս հրապարակվեց Կոռուպցիայի ընկալման համաթիվը (ԿԸՀ) Հայաստանի համար՝ 2025 թվականի արդյունքներով: Եվ կրկին Հայաստանը ոչ միայն առաջընթաց չունի, այլև մեկ կետով հետընթաց է արձանագրել՝ իջնելով 47-ից մինչև 46 միավոր: Այսինքն՝ հասարակության մեջ չի փոխվում կոռուպցիայի ընկալումը:
Ընկալումների լճացում՝ թվերի ետևում
Transparency International հակակոռուպցիոն կենտրոնի փորձագետ Վարուժան Հոկտանյան խոսքով՝ 2025 թվականին արձանագրված նվազումը 2024 թվականի համեմատ տեղավորվում է վիճակագրական սխալի սահմաններում, ինչի հետևանքով հնարավոր չէ պնդել, որ կոռուպցիայի մակարդակը էապես փոխվել է։
«Եթե մաթեմատիկորեն ձևակերպենք, ապա կարող ենք ասել, որ հավանական է՝ կոռուպցիայի իրավիճակը չի փոխվել։ Սա նշանակում է, որ կոռուպցիայի ընկալումը շարունակում է մնալ նույն մակարդակի վրա», — նշել է նա։
Հոկտանյանի դիտարկմամբ՝ եթե ժամանակային համատեքստում դիտարկենք ցուցանիշները, ապա 2018–2019 թվականների նկատելի աճից հետո համաթիվը նվազել և կայունացել է 46–47 միավորի շրջակայքում։ Նրա գնահատմամբ՝ սա խոսում է ընկալումների լճացման մասին։
Միևնույն ժամանակ նա ընդգծում է, որ եթե ընդունենք կոռուպցիայի իրական մակարդակի և դրա ընկալման միջև առկա որոշակի կորելացիան, ապա կարելի է խոսել նաև կոռուպցիոն իրավիճակի ընդհանուր լճացման մասին։ «Մենք իրավունք չունենք ասել, որ իրավիճակը բարելավվել է կամ վատացել է․ կարող ենք արձանագրել լճացում», — հավելել է փորձագետը։
Ինստիտուցիոնալ հիմքերն առկա են, արդյունքը՝ ոչ տեսանելի
Հոկտանյանը հիշեցրել է, որ վերջին տարիներին ստեղծվել են մի շարք հակակոռուպցիոն կառույցներ՝ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը, Հակակոռուպցիոն կոմիտեն, հակակոռուպցիոն դատարանները, ինչպես նաև դատախազությունում գործում է ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վարչությունը։
Նրա խոսքով՝ ինստիտուցիոնալ առումով անհրաժեշտ հիմքերը ձևավորված են եղել, և մնում էր ապահովել դրանց արդյունավետ գործարկումը։ Սակայն այն հանգամանքը, որ համաթիվը չի փոխվել, վկայում է, որ այդ քայլերը չեն անդրադարձել ընկալումների վրա։
Փորձագետը շեշտել է, որ Կոռուպցիայի ընկալման համաթիվը չի արտացոլում շարքային քաղաքացիների կարծիքը, այլ հիմնված է բիզնեսի ներկայացուցիչների և փորձագետների գնահատականների վրա, այդ թվում՝ այն մասնագետների, որոնք ուսումնասիրում են տարածաշրջանը և գործնական առնչություն ունեն Հայաստանի հետ։ «Եթե նրանց ընկալումները չեն փոխվել, ապա դա նշանակում է, որ իրականացվող քայլերը շոշափելի արդյունք չեն տվել», — նշել է նա։
Սպասելիքներ և սոցիալ-հոգեբանական գործոններ
Հոկտանյանի դիտարկմամբ՝ կոռուպցիայի ընկալումը խոր սոցիալ-հոգեբանական երևույթ է և մեծապես պայմանավորված է սպասելիքներով։ Նրա խոսքով՝ 2018–2019 թվականներին կոռուպցիայի դեմ պայքարի նկատմամբ բարձր սպասելիքներ կային, ինչը պայմանավորված էր նաև հասարակական պահանջով։
Նա հիշեցրել է, որ այն ժամանակ անցկացված հարցումների համաձայն՝ փողոց դուրս եկած քաղաքացիների մոտ 40 տոկոսը որպես հիմնական պատճառ նշել էր կոռուպցիայի վատ վիճակը։ Այդ պահանջարկը ձևավորել էր բարձր ակնկալիքներ, սակայն հետագայում առաջընթացի բացակայությունը հանգեցրել է լճացման զգացողության։
50 միավորից ցածր՝ զարգացման համար ռիսկային շեմ
Փորձագետը նաև ընդգծել է, որ միջազգային հետազոտությունները ցույց են տալիս՝ եթե Կոռուպցիայի ընկալման համաթիվը 50-ից ցածր է, ապա կոռուպցիան տվյալ երկրում համարվում է լուրջ խնդիր, որն ունի բացասական ազդեցություն զարգացման վրա։
Նրա խոսքով՝ կոռուպցիա գոյություն ունի աշխարհի բոլոր երկրներում, սակայն տարբերությունն այն է, թե արդյոք այն խոչընդոտում է զարգացման ընդհանուր վեկտորին։ «Այն երկրներում, որտեղ համաթիվը 50-ից բարձր է, կոռուպցիան չի ազդում երկրի զարգացման ընդհանուր ուղղության վրա։ Մինչդեռ 50-ից ցածր ցուցանիշի դեպքում դրա ազդեցությունը էական է», — նշել է Հոկտանյանը։
Այս համատեքստում նա եզրակացրել է, որ հակակոռուպցիոն պայքարի շրջանակում ձեռնարկվող բազմաթիվ քայլերը դեռևս չեն հանգեցրել այնպիսի արդյունքի, որը կփոխեր բիզնեսի և փորձագիտական համայնքի ընկալումները Հայաստանի վերաբերյալ։

