Տարածաշրջանային երկաթուղային նախագծերի համատեքստում ձևավորվում է մրցակցային նոր միջավայր, որտեղ Հայաստանի դիրքերն անմիջականորեն կախված են սեփական ենթակառուցվածքների արդիականացումից։ Այս մասին նշել է քաղաքագետ Էմիլ Օրդուխանյանը՝ ընդգծելով, որ այս հարցում Հայաստանի հապավումը կարող է հանգեցնել տնտեսական ապաշրջափակման հարցում լուրջ խնդիրների։
Մրցակցություն տարածաշրջանային երկաթուղային նախագծերի միջև
Նրա խոսքով՝ Թուրքիան ակտիվորեն կառուցում է Կարս–Իգդիր–Նախիջևան երկաթուղին, այն նախատեսվում է ավարտել մինչև 2028–2030 թվականները։ Խոսքը գերժամանակակից երկաթգծի մասին է, որը հնարավորություն կտա ապահովել ավելի բարձր արագություն և մեծացնել բեռնափոխադրումների արդյունավետությունը։
Այս ֆոնին, ըստ քաղաքագետի, ձևավորվում են երկու մրցակցող նախագծեր։ Մեկը այն ուղղությունն է, որը կարող էր անցնել Հայաստանի տարածքով՝ Երասխ–Գյումրի–Կարս գծով, իսկ մյուսը՝ Նախիջևանով դեպի Իգդիր և Կարս՝ շրջանցելով Հայաստանը։
«Եթե մենք չենք կարողանում վերադարձնել և արդիականացնել մեր երկաթուղային ենթակառուցվածքները, ապա ստացվում է, որ Նախիջևանից հաղորդակցությունը կշարունակվի ոչ թե Երասխից դեպի Գյումրի և Կարս, այլ Նախիջևան–Իգդիր ուղղությամբ՝ ամբողջությամբ շրջանցելով Հայաստանի այդ հատվածը», — նշել է Օրդուխանյանը։
Ազդեցության լծակներ և Հայաստանի կարևորության սահմանափակում
Քաղաքագետի գնահատմամբ՝ նման զարգացումը կարող է ձեռնտու լինել այն դերակատարներին, որոնք շահագրգռված են Հայաստանի տարանցիկ նշանակության նվազեցմամբ։ Նրա խոսքով՝ Ռուսաստանը հասկանում է այս գործընթացների տրամաբանությունը և կարող է օգտագործել ենթակառուցվածքների արդիականացման հարցը որպես ազդեցության լծակ՝ սահմանափակելու Հայաստանի դերակատարությունը։
Եթե երթուղին անցնի Հայաստանի սուվերեն տարածքով միայն TRIPP-ով, իսկ հետո շարունակվի դեպի Նախիջևան և Թուրքիա, ապա Հայաստանի ռազմավարական կարևորությունը կսահմանափակվի միայն այդ հատվածով։ Այս պարագայում, հաշվի առնելով Թուրքիայի լոգիստիկ հնարավորությունները, ավելի մեծ դեր կստանձնի հենց Անկարան։
Օրդուխանյանը հիշեցնում է, որ Թուրքիան վաղուց է սկսել իր երկաթուղային նախագիծը, մինչդեռ Հայաստանը միայն վերջին շրջանում է սկսել խոսել երկաթգծի արդիականացման անհրաժեշտության մասին։ Նրա խոսքով՝ Ռուսաստանը այդ ենթակառուցվածքը դիտարկում է որպես ռազմավարական նշանակության գործոն, և արդիականացման հարցը դուրս է զուտ տեխնիկական հարթությունից։
Սահմանի բացման առաջնահերթության հարցը
Քաղաքագետը նաև մատնանշում է, որ եթե Երասխից դեպի Կարս երկաթուղային գիծը չարդիականացվի և բեռնափոխադրումները կազմակերպվեն Մեղրիի հատվածով դեպի Նախիջևան, ապա Թուրքիայի հետ Հայաստանի սահմանի բացումը կարող է այլևս չդիտարկվել որպես առաջնահերթ անհրաժեշտություն Անկարայի համար։
«Եթե սահմանը երկաթուղային առումով չգործի, ապա հնարավոր է նվազեցնել այն կարևորությունը, որը Հայաստանը ձեռք էր բերել տարանցիկ նախագծերի շրջանակում», — ընդգծել է նա։
Օրդուխանյանի կարծիքով՝ ենթակառուցվածքների վերահսկման և արդիականացումը խոչընդոտելու միջոցով հնարավոր է պահպանել քաղաքական և ռազմական ազդեցությունը, այդ թվում՝ սահմանային ներկայությունը։ Նա հիշեցնում է, որ նախկինում Հայաստանի ռազմավարական ենթակառուցվածքների կառավարումը վերածվել է քաղաքական ազդեցության գործիքի։
Ապաշրջափակման մրցունակության խնդիրը
Քաղաքագետի համոզմամբ՝ որքան արագ Հայաստանը կարողանա վերադարձնել և արդիականացնել իր ենթակառուցվածքները, այնքան շուտ կապահովի իր մրցունակությունը տարածաշրջանային հաղորդակցային նախագծերի համատեքստում, այդ թվում՝ Թուրքիայի կողմից կառուցվող Կարս–Նախիջևան երկաթուղու նկատմամբ։
Նրա գնահատմամբ՝ Նախիջևանի ուղղությունը ձեռնտու է Թուրքիային, հակառակ դեպքում այդ երկաթուղին չէր կառուցվի։ Եթե Հայաստանը չկարողանա լիարժեք օգտագործել իր տարանցիկ հնարավորությունները, ապա երկրի կարևորությունը կսահմանափակվի միայն որոշակի կիլոմետրերով, իսկ տնտեսական ապաշրջափակման հեռանկարները կարող են մնալ վերահսկելի։
Օրդուխանյանը ընդգծեց, որ ստեղծված իրավիճակում ենթակառուցվածքների արագ արդիականացումը դառնում է ոչ միայն տնտեսական, այլև ռազմավարական առաջնահերթություն Հայաստանի համար։

