ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի գործողություններն Իրանի շուրջ ճգնաժամում պայմանավորված են ոչ այնքան ռազմավարական, որքան քաղաքական հաշվարկներով։ Նրան անհրաժեշտ է լուծել ընդհամենը մի հարց՝ ստեղծել «հաղթողի» կերպար։ Այս մասին նշեց քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը։
Նրա խոսքով՝ Թրամփը փորձում է գտնել իրավիճակից դուրս գալու տարբերակ, սակայն այդ լուծումը պետք է նրան հնարավորություն տա ներկայանալու որպես հաղթող կողմ։ Ըստ քաղաքագետի՝ հենց այս հանգամանքն է բարդացնում գործընթացը, քանի որ Իրանը չի պատրաստվում նրան տալ նման հնարավորություն։
Նրա դիտարկմամբ՝ ԱՄՆ-ն հայտարարում է, թե ռազմական առումով հասել է իր նպատակներին, սակայն միևնույն ժամանակ ակնարկում է, որ դեռևս առկա են խնդիրներ, որոնք պետք է լուծվեն։ Սա, ըստ Մարտիրոսյանի, ցույց է տալիս, որ գործընթացը դեռևս ավարտված չէ և շարունակում է մնալ լարված։
Քաղաքագետը ընդգծում է Հորմուզի նեղուցի բլոկադայի երկարաձգման հետևանքները՝ նշելով, որ այն բացասական ազդեցություն կունենա ոչ միայն Իրանի, այլև Միացյալ Նահանգների և համաշխարհային տնտեսության վրա։
Նրա խոսքով՝ նույնիսկ հաշվի առնելով այն հանգամանքը, որ ԱՄՆ-ում նավթի կամ գազի ֆիզիկական պակաս չկա, գների աճը անխուսափելի է, քանի որ շուկան գործում է գլոբալ տրամաբանությամբ։ Արդյունքում՝ նավթի թանկացումը բերում է գնաճի, ինչն իր հերթին առաջացնում է լուրջ տնտեսական խնդիրներ։
Մարտիրոսյանի գնահատմամբ՝ ստեղծված իրավիճակից ամենաշատը տուժում են եվրոպական երկրները։ Նա նաև նշում է, որ ճգնաժամի հետևանքներն արդեն զգացվում են Ասիայում՝ մասնավորապես Ճապոնիայում և Հարավային Կորեայում։
Քաղաքագետի խոսքով՝ այդ երկրներում արդեն նկատվում են էներգակիրների պակասի հետ կապված խնդիրներ։ Օրինակ՝ ավիացիոն ոլորտում սահմանափակումներ են կիրառվում՝ կապված ավիավառելիքի պակասի հետ, ինչը վկայում է ճգնաժամի խորության մասին։
Մարտիրոսյանը նշում է, որ, հաշվի առնելով բոլոր հանգամանքները, դժվար է կանխատեսել, թե որքան ժամանակ ԱՄՆ-ը պատրաստ կլինի պահպանել ճնշումը՝ փորձելով ստիպել հակառակ կողմին ընդունել իր առաջարկած պայմանները։
Այնուամենայնիվ, նրա կարծիքով՝ այս մրցակցությունը, ի վերջո, կհանգեցնի նրան, որ Իրանի վրա ճնշումները կուժեղանան ոչ միայն ԱՄՆ-ի, այլև եվրոպական երկրների և Մերձավոր Արևելքի այլ պետությունների կողմից։
Քաղաքագետը ենթադրում է, որ ներկայիս մեխանիզմները կարող են չարդարացնել սպասումները, և միջազգային դերակատարները ժամանակի ընթացքում կարող են հանգել այն եզրակացության, որ ընտրված մոտեցումը արդյունավետ չէ։

