«Հայ Ազգային Կոնգրես» (ՀԱԿ) կուսակցության փոխնախագահ Լևոն Զուրաբյանը հայտարարել է, որ իրենք մտադիր չեն դաշինք կազմել նախկին նախագահներ Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի քաղաքական ուժերի հետ։
Զուրաբյանը նշել է, որ Նիկոլ Փաշինյանի 7-ամյա կառավարման շրջանը երկիրը հասցրել է աղետալի հետևանքների։ «Սակայն, չնայած բազմաթիվ հակակառավարական շարժումներին և ակցիաներին, նրան այդպես էլ չհաջողվեց պաշտոնանկ անել»,- նշել է ընդդիմադիրը։ Պատճառը, ըստ ՀԱԿ-ի փոխնախագահի, այն է, որ ժողովուրդը չի ցանկանում մեկը մյուսով փոխարինել և աջակցել նախորդ իշխանություններին։
«Քանի դեռ մեր ժողովուրդը չի տեսնի մի շարժում, որի առաջնորդներին կվստահի և որոնք կունենան Հայաստանի փոխակերպման լուրջ ծրագիր, նա դուրս չի գա Փաշինյանի դեմ»,- ընդգծել է Զուրաբյանը։
Միևնույն ժամանակ, тրա խոսքով՝ այսօրվա քաղաքական դաշտում առայժմ չկա որևէ կուսակցություն կամ թիմ, որը միայն իր նեղ շրջանակներով կարողանար ձևավորել այդպիսի շարժում, այսինքն՝ դաշտում բացակայում է հեղափոխական թափ ունեցող ուժը, բայց այն պետք է ստեղծվի։ Զուրաբյանը վստահեցրեց, որ ամեն ինչ իրենց շուրջ չի պտտվելու, քանի որ պատրաստ են գործակցել այլ ուժերի հետ։
«Համագործակցությունը պետք է կառուցվի իրատեսական և պրագմատիկ քաղաքական սկզբունքների վրա։ Խոսքը վերաբերում է ոչ թե այն կեղծ խաղաղությանը, որը երկիրը հասցրել է այսօրվա վիճակին, այլ իրական ծրագրի, որի հիմքում դրված է աշխարհաքաղաքական հավասարակշռությունը։ Այդ ծրագիրը պետք է ապահովի ոչ միայն կայուն խաղաղություն, այլև Հայաստանի տնտեսական զարգացումը։ Երևանը Մեղրիով կապող երկաթուղու կառուցման, մալուխային կապի ստեղծման, ավտոմոբիլային ենթակառուցվածքների բարելավման անհրաժեշտություն պետք է լինի։
Այս ամենին պետք է գումարվեն տեխնոլոգիական լուրջ նախաձեռնություններ։ Առանց նեղ ոլորտներում ու խորշային տեխնոլոգիաներում առաջնային դիրքեր գրավելու, Հայաստանը չի կարող ապահովել իր կայուն տեղը համաշխարհային տնտեսական արևի տակ»,- ավելացրեց Զուրաբյանը։

