Թուրքիայի հետ սահմանի բացման խորքային վերլուծությունը ցույց է տալիս, որ պատկերը այնքան էլ պարզ ու փայլուն չէ, որքան թվում է։ Նման կարծիքի է ՊԵԿ նախքին նախագահ Դավիթ Անանյանը։
Տրանսպորտային ենթակառուցվածքներ
Ըստ նրա՝ ՀՀ սահմանից Թուրքիաի սահմանը հատելուց հետո, Թուրքիայի տարածքում՝ մինչև Թուրքիայի հիմնական լոգիստիկ հանգույցներին հասանելիությունը, ճանապարհներն ու երկաթուղային կապերը կամ չկան, կամ բարվոք վիճակում չեն։ Թուրքիայի համար, հավելում է Անանյանը, անհրաժեշտ են զգալի ներդրումներ՝ այդ ենթակառուցվածքները միջազգային ծանրաբեռնվածության համար համապատասխան դարձնելու նպատակով։ Նույնիսկ քաղաքական պատրաստակամության պարագայում այս գործընթացը արագ չի ընթանա, նշում է նա։
Հեռավորություն
Բացի դրանից, շարունեկում է Անանյանը, եթե անգամ բացվեն Մարգարայի կամ Ախուրիկի անցակետերը, և տրանսպորտային բարվոք ենթահամակարգերի առկայության պայմաններում Հայաստանը մուտք ստանա Թուրքիայի ճանապարհային ցանց, որը հնարավորություն կտա հասանելիություն ունենալ Միջերկրականի խոշոր նավահանգիստներին՝ Մերսինին ու Դերզեյին, ապա դրանց հեռավորության պատճառով (համապատասխանաբար՝ 850 և 950 կմ), տեղափոխվող բեռների ու ապրանքների ինքնարժեքը ոչ թե կնվազի, այլ կբարձրանա՝ երկար ճանապարհի և միջանկյալ ծախսերի պատճառով։
Տնտեսական հավասարակշռություն
«Թուրքիայի տնտեսությունը Հայաստանից բազմապատիկ մեծ է, իսկ մեր տնտեսությունը բնութագրվում է թույլ դիմադրողականությամբ։ Սահմանների բացման պայմաններում ամենաարագ երևացող հետևանքը լինելու է թուրքական ապրանքների ինտենսիվ ներթափանցումը հայաստանյան շուկա։ Մեր արդյունաբերական ոլորտները, որոնց մրցունակության մակարդակը արդեն իսկ խոցելի է, դժվար թե դիմանան նման ճնշմանը», — համոզված է Անանյանը։
Մաքսային քաղաքականության սահմանափակումներ
Նա կրկին նշեց, որ Հայաստանը, լինելով ԵԱՏՄ անդամ, զրկված է ինքնուրույն մաքսասակագնային հովանավորչական քաղաքականություն իրագործելու հնարավորությունից։ «ԵԱՏՄ-ում մաքսասակագնային քաղաքականությանն առնչվող որոշումները կայացվում են միասնական մոտեցմամբ՝ կոնսենսուսով, հետևաբար, նույնիսկ եթե ցանկանանք պաշտպանել տեղական արտադրությունը՝ մաքսերի կամ սահմանափակումների միջոցով, դա իրագործելիության տեսանկյունից գործնականում գրեթե անհնար է», — ասաց նա։

