TRIPP նախագծի համատեքստում ամենամեծ մտահոգությունը Միացյալ Նահանգների կողմից Հարավային Կովկասի նկատմամբ հստակ քաղաքական ռազմավարության բացակայությունն է: Այսպիսի տեսակետ է հայտնում միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը:
Նրա խոսքով՝ ռազմավարության առկայության հարցն այստեղ կարևորագույն նշանակություն ունի: Սարգսյանը շարունակել է, որ, որպես կանոն, ԱՄՆ-ն իր համար կարևոր տարածաշրջաններում մշակում է երկարաժամկետ ռազմավարություններ և դրանցով առաջնորդվում է իր արտաքին քաղաքականությունն իրականացնելիս: Օրինակ՝ Միջին Ասիայի համար գոյություն ունի մանրամասն մշակված ռազմավարություն, որը սահմանում է քաղաքականության առաջնահերթ ուղղությունները, հիմնական շահերն ու ամերիկյան կողմի գործողությունների հաջորդականությունը: Հարավային Կովկասում նման ռազմավարության բացակայությունը ստեղծում է անորոշություն և տարածաշրջանային կայունության համար պոտենցիալ ռիսկեր.
«Ընդհանուր առմամբ, Հայաստանի և Հարավային Կովկասի վերաբերյալ ԱՄՆ-ի ոչ մի նախագահ չի մշակել լիարժեք ռազմավարություն: Յուրաքանչյուր ԱՄՆ նախագահ հրապարակում է ազգային անվտանգության ռազմավարություն՝ փաստաթուղթ, որը կարևորագույն նշանակություն ունի առաջիկա տարիների արտաքին քաղաքականության իրականացման համար: Նման փաստաթղթերում երբեք չի նշվել, որ Հարավային Կովկասը ռազմավարական նշանակություն ունի ԱՄՆ-ի համար: Կլինթոնի և Բայդենի վարչակարգերի օրոք միայն նշվել է Հարավային Կովկասում հակամարտությունների կարգավորման կարևորությունը: Սա վկայում է այն մասին, որ մեր տարածաշրջանում ԱՄՆ-ն ռազմավարական շահ, փաստորեն, չունի»:
Ռազմավարական շահերի բացակայության պայմաններում մնում են միայն առաջնահերթ նպատակները, օրինակ՝ տարածաշրջանում Ռուսաստանի և Իրանի զսպումը, նրանց ազդեցության վերականգնմանը հակազդելը, այդ երկրների ազդեցությունը Թուրքիայի ազդեցության ավելացմամբ հավասարակշռելու փորձերը: Սակայն այս ամենը չի դիտարկվում որպես «ռազմավարական նպատակ»:
««Ռազմավարական» եզրույթը մեր տարածաշրջանի վերաբերյալ չի օգտագործվում: Եթե TRIPP նախագիծը դառնա իրականություն, դա ռազմավարական քայլ չի լինի, այլ ավելի շուտ բիզնես-ներկայություն»,- ընդգծել է փորձագետը՝ հավելելով, որ ապագայում նման ներկայությունը որոշակի հանգամանքներում կարող է վերածվել ռազմավարականի, սակայն ներկա պահին այն այդպիսին չէ:

