Հայաստանի հնարավոր շահույթը TRIPP-ից՝ տարեկան մոտ $4.5 մլն

Հայաստանի հնարավոր շահույթը TRIPP-ից՝ տարեկան մոտ $4.5 մլն

Հայաստանի համար Վաշինգտոնում ստորագրված եռակողմ հռչակագրի ամենաքննարկվող ենթակառուցվածքային կետը՝ այսպես կոչված «Թրամփի ճանապարհը» (TRIPP), կարող է բերել չափազանց սահմանափակ ուղիղ եկամուտ։ Ինչպես նշում է ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախկին նախագահ Դավիթ Անանյանը, եթե նախագծի տնտեսական պայմանները մնան ներկայիս հայտնի սահմաններում, Հայաստանի շահույթը տարանցիկ վճարներից կկազմի շուրջ $4.5 մլն տարեկան։

«Այս գումարը կարող է աճել միայն տեսական առավելագույն սցենարի դեպքում, երբ բեռնափոխադրման ծավալը կհասնի 20 մլն տոննայի, իսկ Հայաստանի բաժնեմասը՝ 100%։ Այդ դեպքում խոսքը կգնա $17.2 մլն-ի մասին», — պարզաբանում է Անանյանը։

Նրա հաշվարկները հիմնված են մի քանի հիմնական պարամետրերի վրա։ Նախ, ենթադրվում է, որ բարձրացված (էստակադային) ավտոմայրուղու երկարությունը կկազմի մոտ 43 կմ, իսկ տարեկան բեռնափոխադրման ծավալը՝ 15 մլն տոննա։ Սա համադրելի է միջին խոշոր միջազգային տարանցիկ ուղիների բեռնատարողության հետ։

Երկրորդ, վճարի չափը հաշվարկվել է միջազգային սակագների առավելագույն ցուցանիշով՝ $0.02 մեկ տոննա-կիլոմետրի համար։ Հայաստանի բաժնեմասը, ըստ նրա, նախնական գնահատմամբ կարող է լինել մոտ 35%՝ հիմնվելով համաշխարհային PPP (Public-Private Partnership) նախագծերի փորձի վրա։

Վերջապես, հաշվի է առնվել, որ ճանապարհը չի ինտեգրվելու Հայաստանի ներքին լոգիստիկ կամ տնտեսական համակարգերին։ Դա նշանակում է, որ մեր երկրի շահույթը սահմանափակվելու է միայն տարանցիկ վճարներով՝ առանց լրացուցիչ եկամուտների կանգառներից, վառելիքի վաճառքից, սպասարկման կետերից կամ մաքսային ծառայություններից։

«Եթե այս նախագիծը չընդլայնվի և չկապվի Հայաստանի տնտեսության հետ, ապա դրա տնտեսական օգուտը կլինի խիստ համեստ։ Իսկ եթե քաղաքական պայմանները փոխվեն, և տարածաշրջանային սահմանները լիովին բացվեն, նման փակ միջանցքի անհրաժեշտությունը կդառնա հարցականի տակ», — ընդգծում է Դավիթ Անանյանը։

Այսպիսով, «Թրամփի ճանապարհը» կարող է դառնալ ոչ թե տարածաշրջանի տնտեսական շարժիչ, այլ պարզապես տեխնիկական տարանցիկ լուծում, որի ֆինանսական օգուտները Հայաստանի համար կմնան սիմվոլիկ, եթե իրականացումը կնա վերոհիշյալ սցենարով։

Scroll to Top