Հեռախոսների նույնականացման նոր համակարգը` անձնական տվյալների հավաքագրման գործիք

Հեռախոսների նույնականացման նոր համակարգը` անձնական տվյալների հավաքագրման գործիք

Կառավարության նախաձեռնությունը՝ հեռախոսների նույնականացման համարների (IMEI) գրանցման համակարգի ներդրման հայտարարված նպատակներն ամբողջությամբ չեն արտացոլում նախագծի իրական բովանդակությունը։ Այս մասին հայտարարել է արդարադատության նախկին նախարար Արփինե Հովհաննիսյանը։ 

Նրա խոսքով՝ իշխանությունները ներկայացնում են նախաձեռնությունը որպես մաքսանենգության դեմ պայքարի, կեղծ նույնականացման համարներով հեռախոսների շրջանառությունը կանխելու և օրինական ներմուծողների շահերը պաշտպանելու միջոց։

«Առաջին հայացքից նպատակը լիովին տրամաբանական է թվում։ Այդ մասին են հայտարարում կառավարության ներկայացուցիչները՝ վստահեցնելով, որ նախաձեռնությունը որևէ առնչություն չունի անձնական տվյալների հետ։ Սակայն իրականում այդպես չէ»,– նշել է Հովհաննիսյանը։

Նախկին մեխանիզմները չեն կիրառվել

Նախկին նախարարի գնահատմամբ՝ եթե կառավարությունը նոր համակարգը ներկայացնում է որպես մաքսանենգության դեմ պայքարի գործիք, ապա փաստացի ընդունում է, որ մինչ այժմ այդ պայքարը բավարար արդյունավետությամբ չի իրականացվել։

Հովհաննիսյանը հիշեցրել է, որ դեռևս 2023 թվականին ընդունվել էր օրենսդրական փոփոխություն, որի համաձայն՝ 2025 թվականի հունվարի 1-ից Պետական եկամուտների կոմիտեն պետք է իրականացներ տնտեսվարողների գործունեության չափագրումներ, համեմատեր ձեռքբերման և իրացման ծավալները և այդ միջոցով բացահայտեր ապօրինի ներմուծման դեպքերը։

Նրա խոսքով՝ այդ մեխանիզմը գործնականում չի կիրառվել։

«Մեկուկես տարվա ընթացքում այդ օրենքի շրջանակում որևէ արդյունավետ վարչարարություն չի իրականացվել, որևէ քաղաքական կամ իրավական պատասխանատվություն չի ստանձնվել, իսկ հիմա ներկայացվում է նոր գործիք»,– ասել է նա։

«Եվրոպական մոդելի փոխարեն ընտրվել է այլ ճանապարհ»

Հովհաննիսյանի խոսքով՝ Եվրոպայում գործող IMEI գրանցման համակարգը հիմնականում սահմանափակվում է հեռախոսների նույնականացման համարների շտեմարանի ձևավորմամբ, որը կապի օպերատորներին հնարավորություն է տալիս սպասարկել միայն օրինական սարքերը։

Սակայն, ըստ նրա, Հայաստանի առաջարկվող համակարգն այդ շրջանակներից դուրս է գալիս։

«Այստեղ արդեն ցանկանում են ունենալ տեղեկատվություն այն մասին, թե տվյալ հեռախոսը որ անձին է պատկանում, ինչ հեռախոսահամար է օգտագործվում, ինչպես նաև տեսնել ամբողջ պատմությունը, թե այդ SIM քարտը նախկինում որ սարքերում է օգտագործվել»,– նշել է նա։

Խոսքը միայն մաքսանենգության դեմ պայքարի մասին չէ

Հովհաննիսյանի կարծիքով՝ իշխանությունների այն պնդումը, թե նոր կարգավորումները չեն տարածվելու արդեն օգտագործվող հեռախոսների վրա, համոզիչ չէ, քանի որ քաղաքացիները մշտապես նոր սարքեր են ձեռք բերում կամ ներմուծում։

Նրա խոսքով՝ նախագծում նաև հստակ չի սահմանվում, թե անձնական ինչ տվյալներ են հավաքագրվելու և ինչ նպատակներով։

«Եթե նպատակը մաքսանենգության դեմ պայքարն է, ապա ինչո՞ւ են անհրաժեշտ օգտագործողների անձնական տվյալները։ Ինչո՞ւ չի նշվում, թե կոնկրետ ինչ տեղեկություններ են հավաքագրվելու»,– հարցադրում է արել նախկին նախարարը։

Նրա գնահատմամբ՝ նախաձեռնության իրական նպատակը իրավապահ մարմինների համար քաղաքացիների վերաբերյալ տեղեկատվության հասանելիության ընդլայնումը։

«Սա, ըստ էության, իրավապահ մարմինների աշխատանքը հեշտացնելու փորձ է։ Այդ պատճառով էլ ընտրվել է ոչ թե Եվրոպայում կիրառվող հիմնական մոդելը, այլ կամբոջական, թուրքական, հնդկական և ռուսական մոտեցումը։ Այդ դեպքում ինչո՞ւ քաղաքացիներին ուղիղ չեք ասում, որ հավաքագրելու եք նաև անձնական տվյալներ, և որ այս համակարգը նախատեսված չէ միայն մաքսանենգության դեմ պայքարի համար»,– եզրափակել է Հովհաննիսյանը։

Scroll to Top