ԱՄՆ-ի համար TRIPP նախագիծը Հարավային Կովկասում առաջնահերթ ռազմավարական նախաձեռնություններից մեկն է, սակայն դրա նշանակությունը Վաշինգտոնի համար շատ ավելի լայն է, քան պարզապես հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորումը։ Այս կարծիքն է հայտնել Ամերիկյան հետազոտությունների հայկական կենտրոնի ղեկավար Սուրեն Սարգսյանը՝ նշելով, որ նախագծի իրական նպատակը տարածաշրջանում ԱՄՆ-ի երկարաժամկետ աշխարհաքաղաքական և տնտեսական շահերի սպասարկումն է։
ԱՄՆ-ի ամենամեծ ներգրավվածությունը տարածաշրջանում 1992 թվականից ի վեր
Սարգսյանի գնահատմամբ՝ TRIPP-ը վկայում է, որ Միացյալ Նահանգները Հարավային Կովկասում այսօր ունի այնպիսի ներգրավվածություն, որը չի ունեցել ՀՀ անկախությունից ի վեր։
«1992 թվականից սկսած Միացյալ Նահանգները մեր տարածաշրջանում այս աստիճանի ներգրավվածություն չի ունեցել։ Սա ԱՄՆ-ի ամենաէական և ամենաշոշափելի ներկայությունն է Հարավային Կովկասում»,– նշել է նա։
Նրա խոսքով՝ սխալ կլինի նախագիծը դիտարկել բացառապես Հայաստանի և Ադրբեջանի համատեքստում։
«TRIPP-ը Հայաստանի և Ադրբեջանի մասին չէ։ Դա շատ ավելի մեծ տնտեսական և աշխարհաքաղաքական նախագիծ է, որի մի փոքր հատվածն է միայն վերաբերում մեր տարածաշրջանին»,– ասել է փորձագետը։
Սարգսյանի խոսքով՝ նախագծի առանցքային գաղափարը նույնն է, ինչ ԱՄՆ-ն առաջ էր տանում դեռևս 1990-ականներին․ խոսքը Կենտրոնական Ասիայի ռեսուրսները դեպի Եվրոպա տեղափոխելու մասին է՝ շրջանցելով Ռուսաստանը, Չինաստանը և Իրանը։
«Սա նույն տրամաբանությունն է, որի շրջանակում ժամանակին քննարկվում էր Գոբլի պլանը։ Այն ժամանակ մեխանիզմները որոշակիորեն տարբեր էին, սակայն ռազմավարական նպատակը նույնն էր՝ ստեղծել հաղորդակցային և տնտեսական ուղիներ, որոնք կախված չեն Ռուսաստանից, Չինաստանից և Իրանից»,– նշել է նա։
Առաջնայինը, բայց ոչ միակը
Նրա խոսքով՝ այդ քաղաքականության մեջ TRIPP-ը միայն մեկ բաղադրիչ է։ Ըստ Սարգսյանի՝ ԱՄՆ-ի տարածաշրջանային շահերի շրջանակում են. հայ-թուրքական և հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորումը, Ռուսաստանի ազդեցության սահմանափակումը Հարավային Կովկասում, Իրանի ազդեցության հակակշռումը։
Սարգսյանի խոսքով՝ Վաշինգտոնը դեռ 1992 թվականից տարբեր ձևաչափերով աշխատել է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման ուղղությամբ։
«Միացյալ Նահանգները թե՛ կուլիսային, թե՛ հրապարակային դիվանագիտության բոլոր գործիքներն օգտագործել է Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման համար։ Եվ այսօր այդ գործընթացը հասել է իր ամենահեռավոր կետին»,– նշել է նա։
Փորձագետի գնահատմամբ՝ հայ-թուրքական և հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորումը ԱՄՆ վարչակազմի հաշվարկներով էապես սահմանափակելու է Ռուսաստանի ազդեցության լծակները տարածաշրջանում։
Նրա խոսքով՝ Վաշինգտանում տարիներ շարունակ ձևավորվել է այն համոզմունքը, որ Ռուսաստանը իր ազդեցությունը Հարավային Կովկասում պահպանում է չլուծված հակամարտությունների միջոցով։ «Ռուսաստանը խաղում է հակամարտությունների առկայության վրա՝ փորձելով դրանց միջոցով պահպանել իր ազդեցությունը։ Միացյալ Նահանգները, հակառակը, փորձում է ազդեցություն ձևավորել հակամարտությունների բացակայության պայմաններում՝ տնտեսական նախագծերի և համագործակցության միջոցով»,– ասել է Սարգսյանը։
ԱՄՆ-Իրան հարաբերությունները կարող են փոխել նախագծի տրամաբանությունը
Փորձագետի կարծիքով՝ TRIPP-ի ապագան մեծապես կախված է նաև Վաշինգտոնի և Թեհրանի հարաբերություններից։ Եթե ԱՄՆ-ն և Իրանը շարժվեն հարաբերությունների կարգավորման ուղղությամբ, ապա, ըստ Սարգսյանի, չի կարելի բացառել, որ Թեհրանը փորձի առաջարկել իր տարածքով անցնող արդեն գոյություն ունեցող երթուղիները։
«Ես չեմ բացառում, որ Իրանը կարող է ասել՝ եթե հարաբերությունները կարգավորում ենք, ապա ինչո՞ւ եք նոր ճանապարհ կառուցում Հայաստանի տարածքով, երբ արդեն պատրաստ ենթակառուցվածքներ կան Իրանում»,– նշել է նա։ Միաժամանակ նա ընդգծել է, որ ներկայում նման սցենարը դժվար իրագործելի է, քանի որ ԱՄՆ-ի և Իրանի միջև վստահության մակարդակը չափազանց ցածր է։
«Խնդիրներն այնքան խորն են, արմատացած և փոխկապակցված, որ նույնիսկ քաղաքական կամքի առկայության դեպքում դրանք արագ լուծում չեն ստանա։ Այս գործոնը, բնականաբար, անդրադառնալու է նաև TRIPP նախագծի վրա»,– ասել է Սարգսյանը։
Իրանը դժվար թե համակերպվի իր սահմանների մոտ ամերիկյան ներկայությանը
Սարգսյանի խոսքով՝ անհրաժեշտ է հասկանալ նաև, թե որ երկրների շահերից չի բխում TRIPP-ի իրականացումը։
Նա հիշեցրել է, որ նախագիծը կարող է դառնալ Իրանի սահմանին ամենամոտ ամերիկյան տնտեսական, քաղաքական և նույնիսկ ռազմաքաղաքական ներկայությունը։
«Պատերազմի ընթացքում Իրանը հարվածներ էր հասցնում ոչ միայն ԱՄՆ-ի ռազմական օբյեկտներին, այլ նաև ամերիկյան բիզնես նախագծերին։ Եթե TRIPP-ն այդ ժամանակ արդեն գործեր, ես չեմ բացառում, որ այն նույնպես կարող էր դառնալ նման գործողությունների թիրախ»,– նշել է նա։
Սարգսյանի գնահատմամբ՝ նույնիսկ ԱՄՆ-Իրան հարաբերությունների որոշակի բարելավումը չի նշանակում, որ Թեհրանը պատրաստ կլինի ընդունել իր սահմանների անմիջական հարևանությամբ ամերիկյան ազդեցության նոր կենտրոնի ձևավորումը։
Կարևոր է նաև Իսրայելի գործոնը
Փորձագետի խոսքով՝ TRIPP-ի շուրջ գործընթացների վրա անմիջական ազդեցություն ունի նաև Իսրայելի գործոնը։
Նրա խոսքով՝ Միացյալ Նահանգները չի կարող անտեսել Իսրայելի անվտանգային շահերը, իսկ Թել Ավիվը, ըստ նրա, արդեն իսկ փորձել է ազդել ԱՄՆ-Իրան բանակցությունների ընթացքի վրա։
«Մենք տեսնում ենք, որ Իսրայելը փորձեր է անում խոչընդոտել ԱՄՆ-Իրան բանակցությունները և առնվազն այս պահի դրությամբ այդ փորձերը որոշակի արդյունավետություն ունեն»,– նշել է Սարգսյանը։
Նրա կարծիքով՝ այդ պատճառով TRIPP-ի ապագան կախված չէ միայն Երևան–Բաքու, Երևան–Անկարա կամ Վաշինգտոն–Բաքու հարաբերություններից, այլ նաև Թեհրան–Վաշինգտոն հարաբերությունների զարգացումից։
Հաշվի առնելով իրավիճակի ողջ բարդությունը այսօր բարդ է կանխատեսել TRIPP նախագծի իրականացման հնարավոր ժամկետները։ Ըստ Սարգսյանի՝ այս պահին որևէ հստակ ժամանակացույց գոյություն չունի։ «Ամենատարբեր հաշվարկներ են արվում, տարբեր ժամկետներ են շրջանառվում, բայց որևէ հստակ ժամկետ այսօր չկա»,– ասել է նա։ Նրա խոսքով՝ նախագծի իրականացումը կախված է մի շարք աշխարհաքաղաքական զարգացումներից, ուր շատ անհայտներ կան։

