Հայաստանի մակրոտնտեսական դրական պատկերը չպետք է մոլորեցնի։ Տնտեսական աճը պետք է գնահատել ոչ թե միայն թվերով, այլ բովանդակությամբ։ Այս մասին նշում է ՀՀ Կենտրոնական բանկի նախկին նախագահ Բագրատ Ասատրյանը։
Մինչև 6.5% աճի պոտենցիալ
Ասատրյանի գնահատմամբ՝ այս տարվա տնտեսական աճը կարող է հասնել մինչև 6–6.5 տոկոսի։ Նրա խոսքով՝ այդ պոտենցիալը տեսանելի է, սակայն կարևոր է ոչ թե պարզապես արձանագրել ցուցանիշների աճը, այլ հասկանալ՝ ինչ գործոններով են նրանք պայմանավորված։
«Երբ գործոնները չեն նպաստում էական, որակական աճի, նույն չափով չեն կարող ազդել նաև տնտեսական աճի ցուցանիշի վրա։ Պետք չէ ոգևորվել միայն այն պատճառով, որ տնտեսական ակտիվության ցուցանիշը գերազանցել է նախորդ տարվանը։ Պետք է մտնել բովանդակության մեջ»,– նշում է նա։
Նրա համոզմամբ՝ իշխանությունների առաջնային գործառույթը պետք է լինի ծրագրային շեղումների վերլուծությունը՝ ինչ էին ծրագրել և ինչ արդյունք են ստացել։ Եթե արդյունքները չեն համընկնում ծրագրերի հետ, ապա խոսքը քաղաքականության անարդյունավետության խնդրի մասին է։
Մակրոկայունություն կա, կառուցվածքային տեղաշարժ՝ ոչ բավարար
Նախկին ԿԲ նախագահը կարևորում է այն փաստը, որ պահպանվում է մակրոտնտեսական կայունությունը՝ շարունակական տնտեսական աճ, համեմատաբար ցածր գնաճ։ Նա դա համարում է լուրջ նվաճում, որը պետք է պահպանել։
Սակայն, ըստ նրա, խնդիրը կառուցվածքային է․ արտահանման որակական փոփոխությունները, մրցունակ արտադրության և մրցունակ ոլորտների զարգացումը դեռևս բավարար առաջնահերթություն չեն դարձել։ «Մենք աճում ենք, բայց չենք զարգանում»,– արձանագրում է Ասատրյանը՝ շեշտելով, որ պետք է աշխատել տնտեսության կառուցվածքի փոփոխության և արդյունավետության բարձրացման ուղղությամբ։
Հարկային մշակույթ և «զրո հարկի» վտանգները
Անդրադառնալով սոցիալական և հարկային քաղաքականությանը՝ Ասատրյանը քննադատում է «բոլորին հարկերից ազատելու» պոպուլիստական մոտեցումները։
Նրա համոզմամբ՝ հարկահավաքումը միայն բյուջետային մուտքերի խնդիր չէ, այլ մշակույթ։ «Զրո հարկ չպետք է լինի։ Կարելի է կիրառել արտոնություններ, խրախուսման այլ մեխանիզմներ, բայց ամբողջությամբ հարկային դաշտից դուրս բերելը սխալ է, որովհետև հետագայում հաևկային դաշտ հետ բերելը շատ ավելի բարդ է դառնում»,– նշում է նա։
Միևնույն ժամանակ նա զգուշացնում է, որ ֆիսկալ քաղաքականությունը չպետք է գերակա դառնա տնտեսական քաղաքականության մյուս ուղղությունների նկատմամբ։ Ֆիսկալ կարգապահությունը կարևոր է, և այդ ոլորտում Հայաստանը զգալի առաջընթաց ունի, սակայն հարկաբյուջետային խստությունը չպետք է խեղդի զարգացման այլ ուղղությունները։
Պարտքի աճ և ծախսերի անհամաչափություն
Ասատրյանը մտահոգիչ է համարում այն փաստը, որ պետական պարտքի աճի տեմպը գերազանցում է տնտեսական աճի տեմպը, հատկապես այն դեպքում, երբ բյուջեում արձանագրվել է ծախսերի թերակատարում, մասնավորապես՝ կապիտալ ծախսերի մասով։
Նրա խոսքով՝ եթե հիմնարար, աճի պոտենցիալ ստեղծող ծախսերը չեն իրականացվում, իսկ պարտքը շարունակաբար աճում է, ապա առաջանում են անհամաչափություններ, որոնք երկարաժամկետ ռիսկեր են պարունակում։
Քաղաքական փոփոխություններն ու տնտեսական սկզբունքները
Անդրադառնալով քաղաքական ցիկլերին՝ Ասատրյանը նշում է, որ իշխանությունները կարող են փոխվել, սակայն տնտեսական քաղաքականության հիմնարար սկզբունքները երկար տարիներ մնացել են գրեթե անփոփոխ։ Հետևաբար, ըստ նրա, անհրաժեշտ է լայն մտածել տնտեսության զարգացման պոտենցիալի մասին և կենտրոնանալ արդյունավետության բարձրացման վրա։
«Պետք է խոսենք ոչ թե միայն աճի, այլ արդյունավետության մասին։ Այստեղ անելիքները շատ են»,– եզրափակում է նախկին ԿԲ նախագահը։

