Ինքնակամ շինությունների հաշվառման նոր փուլը արդեն մեկնարկել է․ ինչ է փոխվել

Ինքնակամ շինությունների հաշվառման նոր փուլը արդեն մեկնարկել է․ ինչ է փոխվել

Հունվարի 20-ից Հայաստանի Հանրապետությունում ուժի մեջ է մտել ինքնակամ շինություններին վերաբերող օրենսդրական փոփոխությունների փաթեթը, որը քաղաքացիներին տրամադրում է լրացուցիչ մեկ տարի՝ մինչև 2021 թվականը կառուցված ինքնակամ շինությունները հաշվառելու համար։ Փոփոխությունն ընդունվել է քաղաքացիների բազմաթիվ դիմումների արդյունքում, երբ մարդիկ փաստում էին, որ նախորդ կարգավորումների ժամանակ չեն հասցրել կամ պարզապես չեն տեղեկացվել գործընթացի մասին, կամ գտնվել են Հայաստանի Հանրապետությունից դուրս։

Նոր կարգավորումը մի կողմից ստեղծում է իրավական հնարավորություն, մյուս կողմից՝ պարտադրում է առավել ուշադիր մոտեցում, քանի որ հաշվառումը դեռևս չի նշանակում շինության օրինականացում, իսկ գործընթացի սխալ ընկալումը կարող է քաղաքացիներին կանգնեցնել նոր խնդիրների առաջ։

Ինչ է նախատեսում ուժի մեջ մտած օրենքը

Օրենսդրական փոփոխությամբ սահմանվել է, որ մինչև 2026 թվականի դեկտեմբերի 31-ը քաղաքացիները կարող են հաշվառել այն ինքնակամ շինությունները, որոնք արտացոլված են 2021 թվականին իրականացված Հայաստանի Հանրապետության օդային լուսանկարահանման նյութերում։ Սա վերաբերում է այն կառույցներին, որոնք նախկինում չեն հաշվառվել՝ անկախ պատճառներից։

Գործընթացի տրամաբանությամբ քաղաքացին նախ պետք է իրականացնի շինության չափագրում, այնուհետև տվյալները մուտքագրվեն էլեկտրոնային համակարգ, և միայն հաշվառման հաստատում ստանալուց հետո հնարավոր է դառնում դիմել համայնքային իշխանություններին՝ տվյալ շինության օրինականացման հարցը քննարկելու նպատակով։

Հաշվառումը չի համարվում օրինականացում

Հաշվառումը ինքնին իրավական վերջնական արդյունք չէ։ Այն գործընթացի սկիզբն է, որը հնարավորություն է տալիս քաղաքացուն դիմել համայնք և ակնկալել, որ համապատասխան որոշմամբ շինությունը կարող է ճանաչվել օրինական, եթե այն համապատասխանի քաղաքաշինական նորմերին, տարածքային պլանավորմանը և իրավական պահանջներին։

Այսինքն՝ հաշվառումը պարտադիր քայլ է օրինականացման ճանապարհին, սակայն այն որևէ կերպ չի երաշխավորում, որ շինությունը անպայման կստանա օրինական կարգավիճակ։

Ինչու է վտանգավոր գործընթացը թողնել վերջին ժամկետին

Նախորդ տարիների փորձը ցույց է տվել, որ հաշվառման գործընթացը տարեվերջին կտրուկ ծանրաբեռնվում է։ Եթե տարվա առաջին ամիսներին հաշվառումների թիվը համեմատաբար փոքր է, ապա դեկտեմբերին այն հասնում է մի քանի հազար դիմումների։

Սա հանգեցնում է մասնագետների գերծանրաբեռնվածության, սպասման ժամկետների երկարացման և որոշ դեպքերում նաև ծառայությունների արժեքի բարձրացման։ Այդ պատճառով քաղաքացիներին հորդորվում է գործընթացը սկսել հնարավորինս շուտ և չսպասել 2026 թվականի վերջնաժամկետին։

Ինչպես է սկսվում հաշվառման գործընթացը

Երբ քաղաքացին համոզվում է, որ իր շինությունը կառուցվել է մինչև 2021 թվականի օդային լուսանկարահանման իրականացումը, անհրաժեշտ է դիմել որակավորված չափագրողի կամ գեոդեզիստի։ Չափագրումը պետք է իրականացվի փաստացի և ճշգրիտ կոորդինատներով՝ անկախ կադաստրային քարտեզում առկա հնարավոր սխալներից։

Քաղաքացին այս փուլում հանդիսանում է պատվիրատու և պատասխանատու կողմ, ուստի կարևոր է վերահսկել, որ աշխատանքներն իրականացվեն պատշաճ կերպով։ Չափագրողը տվյալները բեռնում է էլեկտրոնային համակարգ, ինչի մասին քաղաքացին ստանում է SMS հաղորդագրություն։ Հաջորդ հաղորդագրությունը ստացվում է այն պահին, երբ կադաստրի մասնագետները ուսումնասիրում և հաստատում են տվյալները, ինչով հաշվառումը համարվում է իրականացված։

Որ շինություններն են համարվում ինքնակամ

Ինքնակամ են համարվում բոլոր այն շինությունները, որոնք կառուցվել են առանց քաղաքաշինական փաստաթղթերի՝ անկախ կառուցման ժամանակահատվածից։ Սա վերաբերում է ինչպես խորհրդային տարիներին, այնպես էլ հետխորհրդային շրջանում կառուցված բազմաթիվ կառույցների։

Եթե խորհրդային տարիներին կառուցված շինությունը արդեն նշված է գույքաթերթում, ապա այն կրկնակի հաշվառման կարիք չունի։ Մնացած դեպքերում ինքնակամ են համարվում առանց թույլտվության կառուցված կցակառույցները, պարիսպները, բնակելի տարածքի ընդլայնումները, ավտոտնակները, տնտեսական շինությունները և բազմաբնակարան շենքերին կցված կառույցները՝ պայմանով, որ դրանք կառուցվել են մինչև 2021 թվականի օդային լուսանկարահանման իրականացումը։


👉 https://vectors.am/category/orensdrutyun/

Scroll to Top