TRIPP ենթակառուցվածքային նախաձեռնության առաջմղման համատեքստում ռուսական կողմը վերջին շրջանում ավելի հաճախ է արտահայտում մտահոգություն Հայաստանի իշխանությունների գործողությունների և դրանց հնարավոր քաղաքական ենթատեքստի վերաբերյալ։ Մոսկվայում շրջանառվող գնահատականների համաձայն՝ Երևանը փորձում է ձևավորել այնպիսի գործընթացներ, որոնց շրջանակում Ռուսաստանը կարող է ներկայացվել որպես ծրագրի մասնակից՝ անկախ նրանից, թե որքանով է այդ մասնակցությունը իրական և բովանդակային։
Քաղաքագետ Տիգրան Գրիգորյանի գնահատմամբ՝ այսպիսի մոտեցումները ակնհայտորեն արտացոլում են ռուսական քաղաքական մշակույթին բնորոշ դավադրապաշտական մտածողությունը, որոնք Հայաստանի իրական քաղաքական հաշվարկների հետ որևէ աղերս չունեն։ Նրա խոսքով՝ երկաթուղու վերանորոգման թեման ինքնին որևէ նոր նախաձեռնություն չէ և չի կարող դիտարկվել որպես հատուկ քայլ՝ Ռուսաստանին «ներքաշելու» համար։
Ռուսական պարտավորություններ և սխալ մեկնաբանություններ
Գրիգորյանը հիշեցնում է, որ երկաթուղային համակարգի արդիականացումը վաղուց արդեն ամրագրված է ռուսական կողմի պարտավորությունների մեջ։ Երբ ժամանակին ստորագրվել է համապատասխան կոնցեսիոն պայմանագիրը, դրա առանցքային կետերից մեկն այն էր, որ ռուսական կողմը պետք է ներդրումներ կատարի և արդիականացնի համակարգը։ Հետևաբար, այդ թեմայի շուրջ Երևանի քայլերը դժվար թե կարելի է ներկայացնել որպես նոր քաղաքական մանևր կամ թաքնված օրակարգ ունեցող առաջարկ։
Միաժամանակ քաղաքագետը նշում է, որ Հայաստանի իշխանությունները այս փուլում Ռուսաստանին ուղղակիորեն չեն դիտարկում որպես առանցքային դերակատար TRIPP ենթակառուցվածքային նախագծում։ Սակայն վերջերս արտաքին գործերի նախարարի հայտարարությունը ցույց տվեց, որ Ռուսաստանը կարող է որոշակի իմաստով դառնալ այդ նախագծի շարունակությունը, եթե դրա առանձին հատվածները կապվեն ռուսական վերահսկողության տակ գտնվող այլ երկաթուղային ցանցերի հետ։
Այս համատեքստում քաղաքագետը կարևոր հանգամանք է համարում նաև այն փաստը, որ ռուսական երկաթուղային համակարգը ներկայում գտնվում է բավականին բարդ վիճակում՝ պայմանավորված ռուս-ուկրաինական պատերազմով և դրա հետևանքով առաջացած տնտեսական ու լոգիստիկ ճնշումներով։
Հայաստանի շահը՝ ենթակառուցվածքների արագ վերականգնումն է
Գրիգորյանի գնահատմամբ՝ անկախ արտաքին դերակատարների ներգրավվածության աստիճանից, Հայաստանի համար առաջնահերթ է սեփական տարածքում առկա բոլոր ենթակառուցվածքների արագ վերականգնումը։ Հարավային հաղորդակցության բացումը չպետք է կանգ առնի որևէ մեկ հատվածի վատ վիճակի պատճառով, քանի որ դա ռազմավարական նշանակություն ունի երկրի համար։
Եթե տվյալ փուլում երկաթուղու որոշ հատվածներ գտնվում են ռուսական վերահսկողության ներքո, ապա դրանց գործարկումից ստացվող տնտեսական շահը մասամբ ուղղվելու է նաև ռուսական կողմին։ Սա, ըստ քաղաքագետի, Ռուսաստանին հնարավորություն է տալիս դուրս չմնալ գործընթացներից և պահպանել իր ներկայությունը տարածաշրջանային հաղորդակցությունների համակարգում։
Նրա գնահատմամբ՝ հենց այս ձևաչափն է,որ այս փուլում Ռուսաստանի համար դառնում է առավել իրատեսական տարբերակ տարածաշրջանային գործընթացներում ներգրավված մնալու համար՝ առանց այն չափազանցնելու կամ քաղաքական դավադրությունների տեսության մեջ ընկնելու։

