Իրան–ԱՄՆ հուշագիր․ բեկում, թե՞ ժամանակ շահելու միջոց

Իրան–ԱՄՆ հուշագիր․ բեկում, թե՞ ժամանակ շահելու միջոց

Իրանն ու Միացյալ Նահանգները էլեկտրոնային եղանակով ստորագրել են մեկուկես էջանոց հուշագիր, որը, ըստ կողմերի հայտարարությունների, բաղկացած է 14 կետից։ Փաստաթուղթը դեռևս վերջնական համաձայնագիր չէ, իսկ դրա շուրջ առարկայական քննարկումները նախատեսվում են առաջիկա օրերին Եվրոպայում կայանալիք հանդիպման ընթացքում։ Սակայն արդեն այժմ հարց է առաջանում՝ արդյոք այս հուշագիրը կարող է շրջադարձային նշանակություն ունենալ Իրան–ԱՄՆ հարաբերություններում, թե սա ընդամենը հերթական փորձն է ժամանակ շահելու և լարվածությունը ժամանակավորապես նվազեցնելու համար։

Իրանագետ Տիգրան Դավուդյանի գնահատմամբ՝ նման հակամարտություններում սովորաբար չի կարող լինել բացարձակ հաղթող կամ պարտվող կողմ։ Նրա խոսքով՝ թե՛ Թեհրանը, թե՛ Վաշինգտոնը ձգտում են սեփական հասարակություններին ներկայացնել, որ բանակցությունների արդյունքում կարողացել են պաշտպանել իրենց շահերն ու պարտադրել իրենց կամքը հակառակ կողմին։

Դավուդյանը նշում է, որ հուշագրի առանցքային կետերից մեկը վերաբերում է Հորմուզի նեղուցի ապաշրջափակմանը, ինչը հնարավորություն կտա հարյուրավոր նավերի անվտանգ անցմանը։ Փոխարենը Միացյալ Նահանգները պետք է վերացնի Պարսից ծոցի և Օմանի ծովի հատվածում կիրառվող սահմանափակումները, որպեսզի Իրանը կարողանա վերականգնել նավթի արտահանման բնականոն գործընթացը։

Իրանագետի խոսքով՝ Թեհրանը նաև պահանջում է, որ նախատեսվող հրադադարի ռեժիմը 60 օրով երկարաձգվի, ընդ որում գործընթացում ներառվի նաև Լիբանանի ուղղությունը։ Դավուդյանը սա դիտարկում է որպես Իրանի՝ տարածաշրջանային դաշնակիցների, մասնավորապես շիական ուժերի նկատմամբ ցուցաբերվող հետևողական աջակցության դրսևորում։

Նրա գնահատմամբ՝ վերջին շրջանում նկատվում է նաև որոշակի փոփոխություն Վաշինգտոնի և Թել Ավիվի հարաբերություններում։ Եթե նախկինում Իսրայելն ավելի մեծ ազդեցություն էր ունենում ամերիկյան քաղաքական որոշումների վրա, ապա այժմ ԱՄՆ-ն ավելի զգուշավոր է դարձել և փորձում է առաջնորդվել սեփական ռազմավարական շահերով։

Խոսելով հուշագրի հեռանկարների մասին՝ Դավուդյանը կարծում է, որ այն կարող է իրական բեկում մտցնել իրավիճակում, քանի որ այս պահին կողմերից ոչ մեկը շահագրգռված չէ լայնածավալ պատերազմի շարունակմամբ։ Նրա խոսքով՝ Միացյալ Նահանգները հաշվի են առնում մի շարք ներքին և արտաքին գործոններ՝ ներքաղաքական գործընթացներից մինչև նավթի գների հնարավոր աճը, մինչդեռ Իրանը, չնայած դեռևս ունի ռազմական ռեսուրսներ, լուրջ տնտեսական դժվարությունների առաջ է կանգնած։

Իրանագետը հիշեցնում է, որ վերջին շաբաթներին Թեհրանը ակտիվորեն փորձում է հասնել իր ֆինանսական միջոցների ապասառեցմանը։ Այդ համատեքստում Իրանի բարձրաստիճան պատվիրակությունը վերջերս այցելել էր Կատար՝ քննարկելու շուրջ 6 միլիարդ դոլարի հասանելիության հարցը, ինչը, նրա գնահատմամբ, կենսական նշանակություն ունի երկրի տնտեսության համար։

Միաժամանակ Դավուդյանը ուշադրություն է հրավիրում այն հանգամանքի վրա, որ շուրջ երկու տասնամյակ բանակցությունների հիմնական թեմաներից մեկը՝ Իրանի հրթիռային ծրագիրը, ընդհանրապես ներառված չէ հուշագրի 14 կետերում։ Նույնիսկ միջուկային ծրագրի հարցը, նրա խոսքով, փաստաթղթում չի ստացել այն ընդգծված տեղը, որը նախկինում պահանջում էին ԱՄՆ-ն և Իսրայելը։

Իրանագետը նշում է, որ այս հանգամանքն է դժգոհություն առաջացրել Իսրայելում։ Նրա կարծիքով՝ Վաշինգտոնը որոշ չափով հոգնել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի քաղաքականությունից և ավելի հաճախ է հանդես գալիս ինքնուրույն դիրքորոշմամբ։ Դավուդյանը հիշեցնում է, որ վերջին ամիսներին լրատվամիջոցներում տեղեկություններ էին շրջանառվում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Նեթանյահուի միջև լարված հեռախոսազրույցների մասին, իսկ ԱՄՆ-ը հրապարակային դժգոհություն էր հայտնել նաև Իսրայելի Լիբանանում իրականացված գործողությունների կապակցությամբ։

Այդուհանդերձ, փորձագետը շեշտում է, որ Միացյալ Նահանգները շարունակում է մնալ Իսրայելի գլխավոր դաշնակիցը և վերջին տարիներին զգալի ռազմական աջակցություն է ցուցաբերել նրան։ Սակայն ներկայիս իրավիճակում Վաշինգտոնը, ըստ նրա, կարծես պատրաստ չէ անվերապահորեն աջակցել Իսրայելի բոլոր նախաձեռնություններին և ավելի մեծ ուշադրություն է դարձնում սեփական տարածաշրջանային ու տնտեսական շահերին։

Դավուդյանի համոզմամբ՝ հենց այդ շահերի համընկնումն է, որ այս պահին մեծացնում է հուշագրի հաջողության հավանականությունը և նվազեցնում նոր լայնածավալ ռազմական բախման վտանգը։


👉 https://vectors.am/category/regional/

Scroll to Top