Առաջիկա շաբաթները վճռորոշ են լինելու ողջ Մերձավոր Արևելքի անվտանգության համակարգի համար

Իրան–ԱՄՆ լարվածություն. դիվանագիտությո՞ւն, թե՞ նոր բախման վտանգ

Իրան–ԱՄՆ հարաբերություններում լարվածությունը շարունակում է աճել։ Իսլամաբադում անցկացված առաջին բանակցությունները չտվեցին սպասվող արդյունքը, իսկ հաջորդ փուլի անցկացման հնարավորությունը դեռևս մնում է անորոշ։ Արդյոք կողմերը կհասնե՞ն դիվանագիտական լուծման, թե՞ իրավիճակը կգնա հերթական ռազմական բախման ճանապարհո։ Այս հարցերի շուրջ իր կարծիքն է հայտնել իրանագետ Տիգրան Դավուդյանը։

Բանակցությունների ձախողման պատճառները

Փորձագետի խոսքով՝ Պակիստանի միջնորդությամբ սկսված առաջին փուլը սկզբում դրական ընթացք ուներ։ ԱՄՆ-ը համաձայնել էր հրադադարի տարածմանը նաև Լիբանանի վրա, ինչը Իրանի հիմնական նախապայմաններից էր։ Սակայն բանակցությունները բարդացան կողմերի ներկայացված պահանջների պատճառով․ Վաշինգտոնը ներկայացրել էր շուրջ 15 կետ, Թեհրանը՝ մոտ 10։

Միաժամանակ, ինչպես նշում է Դավուդյանը, Իրանի ներսում որոշումների կայացման բազմակենտրոն համակարգը դժվարացնում է միասնական դիրքորոշման ձևավորումը։ Բանակցություններին մասնակցող թիմը չի կարող լիարժեքորեն ներկայացնել երկրի ներսում գործող բոլոր ազդեցիկ խմբերի դիրքորոշումները, հատկապես երբ առկա են նաև կոշտ գծի կողմնակիցներ։

Միջնորդական դեր և երկրորդ փուլի սպասումները

Կարևոր դերակատարում ունի Պակիստանը, որը շարունակում է միջնորդական առաքելությունը։ Այդ շրջանակում երկրի զինված ուժերի ղեկավարությունը շփումներ է իրականացրել թե Թեհրանում, թե Վաշինգտոնում՝ փորձելով նախապատրաստել բանակցությունների հաջորդ փուլը։

Չնայած անորոշությանը՝ փորձագետը չի բացառում, որ Իրանը կմասնակցի բանակցությունների երկրորդ փուլին։ Դրա համար, սակայն, Թեհրանը առաջ է քաշում նոր պայմաններ, մասնավորապես՝ ծովային շրջափակման թուլացում կամ վերացում։

Պահանջներ և հակասություններ

Իրանի հիմնական պահանջները կապված են պատժամիջոցների մեղմացման, ֆինանսական միջոցների ապասառեցման և ծովային սահմանափակումների վերացման հետ։ «Խոսքը վերաբերում է Իրանի տասնյակ միլիարդ դոլարների հասնող ֆինանսական միջոցների, որոնք գտնվում են տարբեր արտասահմանյան բանկերում և մնում են անհասանելի Թեհրանի համար», — նշեց նա։

Մյուս կողմից, ԱՄՆ-ի առաջնային պահանջը Իրանի կողմից ուրանի հարստացման դադարեցումն է։ Քննարկվում են տարբեր սցենարներ՝ սահմանափակումներ սահմանելու ժամկետների շուրջ, ինչպես նաև բարձր մակարդակով հարստացված ուրանի ճակատագիրը՝ դրա փոխանցումը երրորդ երկրներին կամ նոսրացում միջազգային վերահսկողությամբ։

Դիվանագիտության պատուհանը դեռ բաց է

Չնայած տարաձայնություններին՝ կողմերը դեռ չեն փակել բանակցությունների դուռը։ Ըստ Դավուդյանի՝ գործընթացը շարունակում է մնալ դիվանագիտական դաշտում, թեև իրավիճակը մնում է փխրուն։

Նրա գնահատմամբ՝ առաջիկա զարգացումները մեծապես կախված կլինեն ինչպես քաղաքական կամքից, այնպես էլ միջնորդական ջանքերից։ Մինչ այդ տարածաշրջանը շարունակում է մնալ լարվածության բարձր ռիսկի գոտի, որտեղ յուրաքանչյուր սխալ քայլ կարող է հանգեցնել նոր էսկալացիայի։

Scroll to Top