ա ինքնին դեռ չի նշանակում, թե բողոքի ալիքը հասել է իր ավարտին։

Իրանական զարգացումներ. Թույլ հույսեր՝ ռազմական սցենարը շրջանցելու համար

Չնայած այն հանգամանքին, որ վերջին գիշեր Իրանում կրկին արձանագրվել են բողոքի գործողություններ, դրանց մասշտաբը և ուղեկցող բռնության աստիճանը էականորեն նվազել են։ Այս մասին նշում է իրանագետ Վարդան Ոսկանյանը։ Նրա խոսքով՝ սա ինքնին դեռ չի նշանակում, թե բողոքի ալիքը հասել է իր ավարտին։ «Իրական պատկերը պարզ կդառնա առաջիկա հինգշաբթի–ուրբաթ օրերին, երբ Իրանում կլինեն հանգստյան օրեր և հնարավոր կլինի գնահատել հանրային ակտիվության իրական դինամիկան։

Իրանում հայտարարվել է եռօրյա սուգ՝ բախումների ընթացքում երկու կողմերում գրանցված զոհերի պատճառով, ինչը ևս վկայում է իրավիճակի զգայունության մասին»,  -նշուն է նա։

Ներքին բողոքներից դեպի արտաքին որոշումներ

Ոսկանյանի գնահատմամբ՝ այս փուլում առավել կարևոր է ոչ այնքան Իրանի ներսում տեղի ունեցող բողոքի գործողությունների փաստը, որքան ԱՄՆ նախագահի կողմից Իրանի նկատմամբ հնարավոր գործողությունների վերաբերյալ կայացվելիք որոշումը։ Նրա խոսքով՝ իշխանությունները մեծ հաշվով կարողացել են ներքին բողոքները տեղափոխել կառավարելիության դաշտ, մինչդեռ արտաքին ճնշման գործոնը շարունակում է մնալ վճռորոշ։

Երեկ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, Վաշինգտոն վերադառնալիս, կրկին անդրադարձել է Իրանի հարցին՝ հաստատելով, որ վերջնական որոշում դեռևս չկա և քննարկվում են մի քանի տարբերակներ։ Ըստ իրանագետի՝ ակնհայտ է, որ այդ որոշումը անմիջականորեն կապված է լինելու ինչպես Իրանի ներսում ընթացող զարգացումների, այնպես էլ Իրան–ԱՄՆ միջև առկա, թեկուզ ոչ հրապարակային, միջնորդավորված շփումների հետ։

Թույլ հույսեր՝ ռազմական սցենարը շրջանցելու համար

Ոսկանյանի դիտարկմամբ՝ Իրան–ԱՄՆ հարաբերություններում ռազմական սցենարը շրջանցելու ուղղությամբ ի հայտ են գալիս դեռևս շատ թույլ հույսեր։ Այս համատեքստում նա առանձնացնում է Օմանի արտգործնախարարի վերջին այցը Թեհրան, որը, նրա գնահատմամբ, գրեթե անկասկած, ունեցել է միջնորդական առաքելություն Թեհրանի և Վաշինգտոնի միջև։

Ըստ փորձագետի՝ մեծ հավանականությամբ հենց Օմանի միջոցով է փոխանցվել այն իրանական ուղերձը, որի մասին հրապարակայնորեն խոսել է ԱՄՆնախագահ Թրամփը։ Բանակցությունների հնարավորության մասին այսօր հանրային դաշտում խոսել է նաև Իրանի արտաքին գործերի նախարարը՝ շեշտելով, որ Թեհրանը պատրաստ է թե՛ բանակցության, թե՛ պատերազմի։

Թաքնված կապուղիներ և միջնորդական մրցակցություն

Առավել ուշագրավ է, սակայն, Իրանի ԱԳՆ խոսնակի պարզաբանումը, ըստ որի՝ դեռևս պահպանվում է Արաղչի–Վիթֆոք ուղիղ հաղորդակցության խողովակը, որը ներկայումս կարծես թե չի օգտագործվում։ Սա, ըստ Ոսկանյանի, վկայում է այն մասին, որ դիվանագիտական հնարավորությունները ամբողջությամբ չեն սպառվել, սակայն դրանք մնում են չակտիվացված։

Միևնույն ժամանակ միջնորդական առաքելության հարցում նկատվում է որոշակի մրցակցություն․ Օմանի հետ մեկտեղ ակտիվություն են ցուցաբերում նաև Եգիպտոսը, Իրաքը և Թուրքիան՝ փորձելով իրենց դերակատարումն ունենալ Իրանի և ԱՄՆ-ի միջև լարվածության կարգավորման գործընթացում։

Հնարավորության պատուհան Հայաստանի համար

Իրանագետի գնահատմամբ՝ նման չափազանց բարդ և բազմաշերտ իրավիճակները, մարտահրավերների հետ մեկտեղ, նաև հնարավորության պատուհաններ են։ Այդ համատեքստում Հայաստանը կարող է փորձել սպասարկել իր ազգային շահերը, որոնք որևէ կերպ չեն համընկնում ԱՄՆ–Իրան ռազմական բախման սցենարի հետ։

Ոսկանյանի համոզմամբ՝ նույնիսկ ոչ տեսանելի դիվանագիտության շրջանակում Երևանը կարող է հանդես գալ միջնորդական նախաձեռնությամբ։ Նման առաքելության հաջողության դեպքում Հայաստանը կարող է ոչ միայն խուսափել տարածաշրջանային ցնցումների բացասական հետևանքներից, այլև էականորեն բարելավել ու ամրապնդել իր աշխարհաքաղաքական դիրքերը տարածաշրջանում։

Scroll to Top