Ընդդիմությունն ունի հսկայական չօգտագործված ռեսուրս

Ընդդիմության ճգնաժամի մեջ է․ չկա օրակարգ, չկա  արժանահավատություն

Հայաստանի քաղաքական դաշտում ընդդիմության խոցելիությունը այսօր հասել է առավելագույն մակարդակի։ Այս մասին նշեց է քաղաքագետ Արման Գրիգորյանը՝ արձանագրելով, որ ստեղծված իրավիճակի համար հիմնական պատասխանատվությունը հենց ինքն ընդդիմությունն է կրում։ Նրա խոսքով՝ ընդդիմադիր ուժերը ոչ միայն «ցաք ու ցրիվ են», այլև չեն կարողանում հասարակությանը ներկայացնել հստակ, համարժեք և մրցունակ օրակարգ։
Չկա այլընտրանք, չկա բացատրություն

Քաղաքագետի գնահատմամբ՝ ընդդիմության հիմնական խնդիրներից մեկը Նիկոլ Փաշինյանի ձևավորած նարատիվին հակադրվող հստակ օրակարգի բացակայությունն է։ Ընդդիմությունը չի առաջարկում այնպիսի քաղաքական տեսլական, որը կկարողանա վիճարկել թե՛ գործող իշխանության պնդումները, թե՛ այն թեզը, ըստ որի՝ ընդդիմության իշխանության գալը կհանգեցնի նոր պատերազմի կամ ապակայունացման։

«Ընդդիմությունից հոդաբաշխ բացատրություններ չկան», — նշում է Գրիգորյանը՝ ընդգծելով, որ խնդիրը միայն բացատրությունների պակասը չէ։ Ավելի խորքային խնդիր է արժանահավատության ճգնաժամը, հատկապես այն ուժերի մոտ, որոնք ունեն ամենամեծ ռեսուրսներն ու ներկայությունը քաղաքական դաշտում։

Անցյալի պատասխանատվությունից խուսափելու գինը

Գրիգորյանը հատուկ ուշադրություն է դարձնում այն հանգամանքին, որ Նիկոլ Փաշինյանին «կապիտուլյանտ», «հողատու» կամ «դավաճան» անվանող ուժերի և անհատների նախկին դիրքորոշումները  էականորեն չեն տարբերվել Փաշինյանի 2018–2020 թվականներին որդեգրած քաղաքականությունից։

«Գալ ու քննադատել Նիկոլ Փաշինյանին՝ առանց սեփական սխալների մասին խոսելու, առանց սեփական պատասխանատվության բաժինը ընդունելու՝ լուրջ խնդիր է», — ընդգծում է նա։ Քաղաքագետի համոզմամբ՝ հասարակությունը, նույնիսկ ապատիկ վիճակում, բնազդային մակարդակում շատ լավ զգում է, թե երբ քննադատությունը անկեղծ չէ և արժանահավատությունից զուրկ։

Հենց այս հանգամանքն էլ, ըստ Գրիգորյանի, Նիկոլ Փաշինյանի համար քաղաքականապես շահավետ է դարձնում ներկայիս ընդդիմությունը։ Գործող վարչապետը մշտապես կարող է հակադարձել՝ հարցնելով, թե «ում հետ եք փոխարինում ինձ», հիշեցնելով ընդդիմադիր դերակատարների անցյալը և նրանց պատասխանատվությունից խուսափելու փաստը։

«Մեր ձևով» շարժման անորոշությունը

Խոսելով «Մեր ձևով» շարժման մասին՝ Գրիգորյանը նշում է, որ այստեղ խնդիրը անցյալի քաղաքական բեռը չէ, այլ հստակ օրակարգի բացակայությունը։ Նրա դիտարկմամբ՝ շարժման հրապարակային խոսքը սահմանափակվում է ընդհանուր, դեկլարատիվ հայտարարություններով՝ արտադրություն կազմակերպելու, տնտեսությունը զարգացնելու մասին, առանց կոնկրետ մեխանիզմների և հստակ քաղաքական առաջարկների։

«Ես դեռ չեմ տեսել լուրջ օրակարգ, որը միաժամանակ կլինի այլընտրանք Նիկոլ Փաշինյանին և կունենա կոնկրետություն», — ասում է նա՝ հավելելով, որ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերում նույնպես շարժման կողմից լուրջ ու համակարգված խոսք չի լսվել։

Խաղաղության թեզի փակուղին

Քաղաքագետի համոզմամբ՝ ընդդիմադիր ուժերի որոշ մասն էլ, փորձելով մրցել իշխանության հետ, կրկնում է նույն խաղաղասիրական թեզերը՝ հայտարարելով, որ իրենք նույնպես խաղաղության կողմնակից են և պատրաստ են հարգել արդեն գոյություն ունեցող պայմանավորվածությունները։ Սակայն, ըստ Գրիգորյանի, սա չի կարող Նիկոլ Փաշինյանի համար իրական մրցակցային սպառնալիք լինել։

Բացի այդ, նա նշում է, որ Արցախի հարցի կամ հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացի վրա կենտրոնանալը հենց այն դաշտն է, որը շահավետ է գործող իշխանության համար։ Այդ կերպ քաղաքական բանավեճը տեղափոխվում է երկրորդական հարթություն՝ շրջանցելով պատասխանատվության հարցը։

Խնդրի խորքային շերտը՝ երկրի ռազմավարական ուղղությունը

Գրիգորյանի գնահատմամբ՝ խնդիրը միայն Արցախը, պատերազմը կամ հայ-ադրբեջանական հարաբերությունները չեն։ Գործող իշխանության հիմնական, բայց քողարկված ծրագիրը, ըստ նրա, երկրի ռազմավարական կողմնորոշման փոփոխությունն է։ Իսկ խաղաղության օրակարգը ընդամենը ածանցյալ է այդ ավելի լայն նախագծից։

«Իրականում իշխանությունն ինքը պիտի լիներ պաշտպանվողի դիրքում, ոչ թե ընդդիմությունը», — եզրափակում է քաղաքագետը՝ ընդգծելով, որ առանց այս հարցերի ուղիղ ու ազնիվ քննարկման քաղաքական դաշտում իրական փոփոխություններ սպասելն անիրատեսական է։

Scroll to Top