Հայաստանյաց Առաքելական Եկեղեցու շուրջ ձևավորվող գործընթացները Նոր տարվանից հետո նոր թափ են ստացել։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և 10 եպիսկոպոսները ստեղծեցին է եկեղեցու «նորոգման» համակարգող խումբ։ Ըստ հայտարարված ձևակերպումների՝ խումբը պետք է, ըստ էության, զբաղվի վարչապետի կողմից ավելի վաղ առաջադրված եկեղեցական նորոգումների ծրագրի առաջխաղացմամբ։
Սակայն պարզ չէ ի՞նչ իրավական կարգավիճակ ունի այս խումբը։ Ի՞նչ սահմանադրական կամ օրենսդրական նորմերով է այն գործում։ Այս հարցերի շուրջ իր գնահատականն է ներկայացնում քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը։
«Խորհուրդ ձևավորելը»՝ որպես տապալման մեխանիզմ
Մեկնաբանելով վերոհիշյալ նախաձեռնությունը՝ քաղաքագետը հիշեցրեց «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանի ավելի վաղ հնչեցրած դիտարկումը. «եթե ուզում ես ինչ-որ բան տապալել, հանձնաժողով ձևավորիր»։ Նրա խոսքով՝ սա դեռ խորհրդային միության ժամանակներից եկող կառավարչական հիվանդություն է։
«Խորհուրդը ինքնին ոչ մի իրավական ուժ չունի։ Չես կարող պարզապես 10 կամ 11 մարդկանց միավորել ինչ-որ նպատակի շուրջ և դա ներկայացնել որպես ինստիտուցիոնալ գործընթաց», — նշում է Մելիք-Շահնազարյանը։
Քաղաքական երկու ծրագիր՝ «մաքսիմում» և «մինիմում»
Քաղաքագետի համոզմամբ՝ Նիկոլ Փաշինյանի գործողությունների հիմքում առնվազն երկու քաղաքական նպատակ կա։
Առաջինը՝ «պլան մաքսիմումն» է։ Ըստ այդ սցենարի՝ իշխանության վերջնական նպատակը Հայաստանյաց Առաքելական Եկեղեցին կառավարելի դարձնելն է՝ մինչև նոր Վեհափառի ընտրություն և եկեղեցու լիակատար վերահսկողություն։ «Այն, ինչի մասին իշխանությունը բարձրաձայն խոսում է, հենց այս մաքսիմալ ծրագիրն է», — նշում է փորձագետը՝ ընդգծելով, որ դրա իրագործելիությունը դեռ ապագայի հարց է։
Սակայն կա նաև երկրորդ, ոչ պակաս կարևոր նպատակ՝ «պլան մինիմումը»։
Եկեղեցին՝ որպես ընտրական օրակարգից շեղման գործիք
Մելիք-Շահնազարյանի գնահատմամբ՝ իշխանությունը փաստացի ընտրական տարում, ընտրություններից ամիսներ առաջ, հանրային ուշադրությունը միտումնավոր շեղում է բոլորովին այլ ուղղությամբ։
«Սա արվում է,որ ոչ ոք չխոսի ընտրությունների մասին, ընդդիմությունը չպատրաստվի ընտրություններին, այլ զբաղվի եկեղեցու պաշտպանությամբ։ Նիկոլ Փաշինյանն է հենց դա բերել քաղաքական դաշտ», — ասում է նա։
Ըստ քաղաքագետի՝ խնդիրը ոչ թե միայն եկեղեցու շուրջ օրակարգ ձևավորելն է, այլ այդ օրակարգի միջոցով հիմնական քաղաքական հարցերը լուսանցք մղելը։ Մասնավորապես՝ իշխանությունների հեռացման հնարավոր մեխանիզմների քննարկումը, այդ թվում՝ իմպիչմենտի գործընթացը։
Իմպիչմենտը՝ մղված երկրորդ պլան
«Եթե նպատակն այս իշխանությունների հեռացումն է, ապա այսօր բոլորս պետք է քննարկեինք դրա ճանապարհները։ Իմ խորին համոզմամբ այդ ճանապարհը իմպիչմենտն է, որը մինչև հիմա մնում է ակտուալ», — ընդգծում է Մելիք Շաննազարյանը։
Սակայն, նրա խոսքով, այդ թեման քաղաքական օրակարգից դուրս է մղվել հենց եկեղեցու շուրջ արհեստականորեն ձևավորված աղմուկի պատճառով։ Արդյունքում քաղաքական ուժերը, փորձագետները և անգամ լրագրողները կենտրոնացել են ոչ թե իշխանության փոփոխության, այլ եկեղեցու պաշտպանության մեթոդների շուրջ վեճերի վրա։
Վտանգ՝ առանց այլընտրանքի ընտրությունների առաջ
Քաղաքագետը զգուշացնում է՝ եթե ընդդիմությունը մոտ ապագայում չձևակերպի հստակ ռազմավարություն և չանցնի գործնական քայլերի, իրավիճակը կարող է հանգեցնել իշխանության վերարտադրության։
«Եթե հասարակությունը չի տեսնում այլընտրանքային առաջարկ, նա պարզապես չի մասնակցի ընտրություններին։ Իսկ ընտրություններին կմասնակցեն միայն Նիկոլ Փաշինյանի ադմինիստրատիվ ռեսուրսն ու իր կայուն ընտրազանգվածը», — ասում է նա։
Այս պարագայում, ըստ Մելիք-Շահնազարյանի, իշխանությունը կարող է նույնիսկ չդիմել ընտրակեղծիքների՝ հաղթանակն ապահովելով քաղաքական դաշտի դատարկման հաշվին։Եկեղեցու շուրջ ձևավորված «համակարգող խումբը» այսպիսով դառնում է ոչ միայն իրավականորեն հարցականներով լի նախաձեռնություն, այլ նաև լուրջ քաղաքական գործիք։ Անկախ նրանից՝ իշխանությանը կհաջողվի՞ իրականացնել «պլան մաքսիմումը», թե ոչ, «պլան մինիմումը»՝ հասարակության ուշադրությունը հիմնական քաղաքական հարցերից շեղելը, արդեն իսկ զգալի չափով իրագործվում է։
Իսկ այդ ընթացքում իրական քաղաքական օրակարգը շարունակում է մնալ ստվերում։

