Իրանի հարցում ԱՄՆ-ի և Իսրայելի մոտեցումներն ու նպատակները տարբեր են

Իրանի հարցում ԱՄՆ-ի և Իսրայելի մոտեցումները տարբեր են

Իրանի հարցում ԱՄՆ-ի և Իսրայելի մոտեցումներն ու նպատակները տարբեր են։ Նման կարծիքի է Իրանագետ Իրանագետ Տիգրան Դավուդյանը։ 

Թրամփը չի դիտարկում ամբողջական «ռեժիմ չեյնջի» տարբերակը

Իրանագետի խոսքով՝ Դոնալդ Թրամփը չի դիտարկում ամբողջական «ռեժիմ չեյնջի» տարբերակը Իրանում։ Դավուդյանի գնահատմամբ՝ ԱՄՆ նախագահը  չի ձգտում պարտադիր կերպով արմատապես փոխել իշխանությունը, այլ ավելի շուտ ցանկանում է տեսնել նույն վարչակարգի ներսից եկող, բայց ավելի մեղմ քաղաքականության կողմնակից ղեկավարների։

Նա օրինակ է բերում Վենեսուելան՝ նշելով, որ այնտեղ, չնայած ճնշումներին, իշխանությունը մնաց նույն քաղաքական ուժի ձեռքում։ Նրա խոսքով՝ Թրամփը հույս ունի, որ Իրանում հնարավոր նոր ղեկավարությունը կարող է լինել նույն համակարգից, բայց որդեգրել ավելի զիջող արտաքին քաղաքականություն։

Դավուդյանի խոսքով՝ Իրանի ներսում արդեն քննարկվում են հնարավոր թեկնածուների անուններ։ Նշվում է անվտանգության խորհրդի քարտուղար Լարիջանիի անունը, ինչպես նաև նախկին նախագահ Հասան Ռոհանիի, որը հայտնի է որպես բարեփոխական մոտեցումների կողմնակից։

Իրանագետի գնահատմամբ՝ եթե իշխանության գան նման գործիչներ, Վաշինգտոնը կարող է ակնկալել քաղաքական որոշակի մեղմացում։ 

Արտաքին ուժեր և ընդդիմադիր խմբեր

Սակայն նա ընդգծում է, որ Իսրայելի մոտեցումը տարբերվում է ԱՄՆ-ի հնարավոր հաշվարկներից։

Դավուդյանի խոսքով՝ Իսրայելի ռազմավարական նպատակը ոչ թե պարզապես կուրսի փոփոխությունն է, այլ Իսլամական Հանրապետության ամբողջական «ծնկի բերումը»։

Իրանագետը նշում է, որ Իրանի շուրջ ձևավորվող իրավիճակում ակտիվանում են նաև տարբեր ընդդիմադիր և զինված խմբեր։ Նրա խոսքով՝ Իսրայելը աջակցություն է ցուցաբերում հատկապես քրդական ուժերին, և կա վտանգ, որ Իրաքի տարածքից կարող են ներթափանցումներ իրականացվել դեպի Իրան։

Բացի այդ, Դավուդյանը հիշեցնում է Իրանի մոջահեդների կազմակերպության մասին, որը նախկինում զինված պայքարի մեջ է եղել և Իրաքի տարածքում է գործել։ Նրա խոսքով՝ տեսականորեն չի բացառվում, որ նման խմբերը կրկին ակտիվանան։

Երրորդ ուղղությունը, ըստ իրանագետի, կապված է Իրանի նախկին շահի որդու հետ, որը համարվում է ընդդիմադիր շարժման խորհրդանշական դեմքերից մեկը։ Սակայն, ինչպես ընդգծում է Դավուդյանը, այդ շրջանակները հիմնականում զինված պայքարի կողմնակից չեն։

Scroll to Top