Իրանի ներկայիս համակարգը բազմիցս ապացուցել է իր կենսունակությունը

Իրանի ներկայիս համակարգը բազմիցս ապացուցել է իր կենսունակությունը

Արդեն շուրջ երկու շաբաթ է, ինչ Իրանում շարունակվում են հակակառավարական ցույցերը, որոնք, տարբեր աղբյուրների գնահատմամբ, ուղեկցվել են հարյուրավոր զոհերով։ Թեև ստացվող տեղեկատվությունը հաճախ հակասական է և ունի կասկածելի հավաստիություն, մի բան ակնհայտ է․ երկրում հասարակական լարվածությունը դեռևս չի նվազել։

Սոցիալ-տնտեսական ճգնաժամ և արտաքին գործոն

Ըստ իրանագետ Կարեն Մկրտչյանի՝ վերջին շաբաթներին բողոքի ակցիաների ակտիվացումը պայմանավորված է ինչպես ներքին, այնպես էլ արտաքին գործոններով։ Ներքին մակարդակում Իրանը կանգնած է սոցիալ-տնտեսական ծանր ճգնաժամի առաջ, ինչի առկայությունը պաշտոնապես ընդունել են նաև երկրի բարձրագույն ղեկավարները՝ ներառյալ հոգևոր առաջնորդը։ Երկրում առկա է խնդիրների մի ամբողջ փաթեթ, և թեև իշխանությունները փորձում են առաջարկել լուծումներ, սակայն դրանք դեռևս բավարար չեն հասարակական դժգոհությունը մեղմելու համար։

Միևնույն ժամանակ, իրանագետը շեշտում է, որ Իրանի ներքին խնդիրները երբեք զուտ ներքին չեն եղել։ Երկիրը գտնվում է Մերձավոր Արևելքի ռազմավարական առանցքային հատվածում, ունի խոշոր ածխաջրածնային պաշարներ, ինչը նրան պահում է արտաքին ուժերի մշտական ուշադրության կենտրոնում։ Այդ պատճառով, ըստ նրա, ներկայիս զարգացումների մեջ նկատելի է նաև արտաքին դերակատարների ակնհայտ շահագրգռվածությունը։

Առանց առաջնորդի բողոքի շարժում

Ներկայիս բողոքի ալիքի առանցքային առանձնահատկություններից մեկը, ըստ Մկրտչյանի, հստակ առաջնորդի բացակայությունն է։ Իրանի ներսում չկա քաղաքական կամ հասարակական գործիչ, որը կարողանա հանդես գալ որպես ընդդիմության միասնական ներկայացուցիչ և նստել բանակցությունների սեղանի շուրջ։

Այլընտրանքային տարբերակ դիտարկվող նախկին շահական արքայազնը, որը ապրում է արտերկրում, նույնպես չի վայելում համընդհանուր աջակցություն Իրանում։ Սոցիալական ցանցերում շրջանառվում են տարբեր անուններ, սակայն մինչ օրս որևէ գործիչ չի ձևավորվել որպես իրական առաջնորդ հենց Իրանի ներսում։ Սա, ըստ փորձագետի, լուրջ խոչընդոտ է շարժման հետագա զարգացման համար։

Շփումներ ԱՄՆ-ի հետ և հնարավոր գործարքներ

Նա ընդգծեց, որ Իրանի ներկայիս կառավարման համակարգը բազմիցս ապացուցել է իր կենսունակությունը։

Չնայած սրված ռազմական հռետորաբանությանը՝ վերջին օրերին միջազգային խոսույթում ակտիվորեն քննարկվում են Իրանի և ԱՄՆ-ի միջև հնարավոր շփումները։ Մկրտչյանի գնահատմամբ՝ Իրանը նույնիսկ այս լարված պայմաններում փորձում է ճշգրիտ հաշվարկել իր շահերը և որոշ հարցերում կարող է գնալ սահմանափակ զիջումների։

Առավել հավանական զիջումների դաշտը, ըստ նրա, միջուկային ծրագիրն է, ինչը կարող է ամերիկյան կողմին հնարավորություն տալ ներկայացնելու դա որպես քաղաքական հաջողություն։ Միևնույն ժամանակ, իրանագետը չի կարծում, որ Թեհրանը պատրաստ է ավելի լայն զիջումների։

Ածխաջրածինների հարցը նույնպես կարող է դառնալ բանակցությունների առարկա։ Իրանը, լինելով նավթագազային ռեսուրսներով հարուստ երկիր, կարող է օգտագործել այդ գործոնը որպես լուրջ խաղաքարտ՝ հատկապես հաշվի առնելով, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտնի է գործարքային քաղաքական մոտեցմամբ։

Scroll to Top