Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) Բաքվի գրասենյակը շուտով կդադարեցնի իր գործունեությունը։
Ինչպես լրատվամիջոցներին հայտնել է ԿԽՄԿ երևանյան գրասենյակի հաղորդակցության ծրագրի ղեկավար Զառա Ամատունին, Ադրբեջանի իշխանությունները պաշտոնապես տեղեկացրել են կազմակերպությանը գրասենյակի փակման մասին, և ներկայումս «Ադրբեջանում պահվող հայերի ոչ մի այցելություն չի նախատեսվում»։ Ամատունու խոսքով՝ կալանավորներին վերջին այցելությունը տեղի է ունեցել հունիսին, և մինչև գրասենյակի լիակատար փակումը նոր այցելություններ չեն սպասվում։ Նա նշել է, որ կազմակերպությունը շարունակում է երկխոսությունը Ադրբեջանի իշխանությունների հետ, բայց իրականում հաստատվել է միայն իր գործունեությունը կրճատելու փաստը։
Ադրբեջանի իշխանությունների այս որոշումը ակնհայտ դեմարշ է՝ տարածաշրջանում գործող փաոքրաթիվ չեզոք մարդասիրական կառույցներից մեկի դեմ։ Կարմիր խաչի գրասենյակի փակումը և հայ գերիների այցելությունների դադարեցումը նշանակում է նրանց կալանքի պայմանների մշտադիտարկման վերջին միջազգային գործիքի կորուստ։ Սա չափազանց վտանգավոր է Ադրբեջանի համատեքստում, որտեղ ավանդաբար գրանցվում են մարդու իրավունքների հետ կապված համակարգային խնդիրներ, դատական և քրեակատարողական համակարգերում թափանցիկության բացակայություն, ինչպես նաև բազմաթիվ վկայություններ խոշտանգումների և դաժան վերաբերմունքի մասին, այդ թվում՝ հայ ռազմագերիների նկատմամբ։
Վերջին տարիներին միջազգային մարդու իրավունքների կազմակերպությունները և անկախ փորձագետները բազմիցս նշել են, որ ադրբեջանական բանտերում պահվում են քաղբանտարկյալներ, որ խոշտանգումների պրակտիկան մնում է անպատիժ, և որ դատական համակարգն օգտագործվում է որպես քաղաքական ճնշման գործիք։ Հայ գերիների դեպքում իրավիճակն էլ ավելի բարդ է. խոսքը ոչ միայն միջազգային մարդասիրական իրավունքի խախտման, այլև բանտարկյալներին որպես շանտաժի և քաղաքական գործարքների գործիք օգտագործելու մասին է։ Կարմիր խաչի չեզոքացումը այս համակարգից հարված է ոչ միայն մարդասիրական պաշտպանությանը, այլև միջազգային վերահսկողության և հաշվետվողականության գաղափարին։
Ֆորմալ առումով, Ադրբեջանը մնում է Ժնևի կոնվենցիաների կողմ, որոնք պարտավորեցնում են չեզոք մարդասիրական կազմակերպություններին մուտք ապահովել կալանքի տակ գտնվող անձանց մոտ։ Ռազմագերիների մասին Ժնևի կոնվենցիայի 8-րդ հոդվածի համաձայն՝ պետությունները պարտավոր են Կարմիր Խաչի միջազգային կոմիտեին (ԿԽՄԿ) տրամադրել գերիների մոտ մուտք գործելու հնարավորություն՝ նրանց կալանքի պայմանները ստուգելու և մարդասիրական կարիքները բավարարելու համար: Այս միջազգային համաձայնագրերը ստորագրելով՝ Ադրբեջանը ստանձնել է պարտավորություններ, որոնք այժմ ցուցադրաբար անտեսում է: Ավելին, Կարմիր Խաչի կողմից հայ գերիներին այցելեու հնարավորության դադարեցումը խախտում է նույն Կոնվենցիայի 13-րդ հոդվածում ամրագրված մարդասիրական վերաբերմունքի սկզբունքը և սպառնում է մարդու հիմնարար իրավունքներին, այդ թվում՝ կյանքի և դաժան վերաբերմունքից պաշտպանության իրավունքին:
Մեկնաբանելով իրավիճակը՝ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը.
«Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի Բաքվի ներկայացուցչության փակումը բավականին վտանգավոր է և դրանով մեծ հարված է հասցվելու ադրբեջանական բանտերում գտնվող հայերի իրավունքների պաշտպանությանն ու նրանց հետ կոմունիկացիայի իրականացմանը: Թեև Ադրբեջանը միշտ էլ խնդիրներ է առաջացրել միջազգային առաքելությունների աշխատանքում, այնուամենայնիվ, Կարմիր Խաչը դժվարությունների գնով Ադրբեջանում աշխատել է և հատկապես հայ գերիների/ռազմագերիների, անհետ կորածների հարցում կարևոր գործառույթ ապահովել: Ադրբեջանում ժողովրդավարության և օրենքի գերակայության բացակայության պայմաններում` առկա մեծաթիվ բարդություններին կգումարվի նաև Կարմիր Խաչի բացակայությունը, որն այնտեղ գտնվող հայերի համար հույսի և կենսական անհրաժեշտության կարևորություն ունի»։
Ներկա իրավիճակում հատկապես կարևոր է, որ միջազգային հանրությունը չսահմանափակվի միայն մտահոգություն հայտնելով, այլ ավելի վճռական դիրքորոշում ընդունի: Միջազգային հանրությունը, այդ թվում՝ ՄԱԿ-ը և Ժնևի կոնվենցիաների ստորագրողները, պետք է վճռականորեն արձագանքեն՝ պահանջելով Ադրբեջանից վերականգնել ԿԽՄԿ-ի մուտքը և կատարել իր միջազգային պարտավորությունները: Միջազգային հանրության անգործությունը հավասարազոր է մարդասիրական չափանիշների քայքայման լուռ համաձայնության, ինչի ականատեսը, ցավոք, դառնում ենք ավելի ու ավելի հաճախ։

