Հաշվի առնելով Հայաստանի և Ադրբեջանի միջև արյունահեղությունների հարյուրամյա պատմությունը, խաղաղության հաստատումը մեկ փաստաթղթով հնարավոր չի: Այս մասին հայտարարել է «Անի» վերլուծական կենտրոնի ղեկավար Թաթուլ Հակոբյանը՝ մեկնաբանելով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի երեկվա գրառումը, որտեղ նա պնդում էր, որ Երևանի և Բաքվի միջև «հավերժ խաղաղություն» է հաստատվել:
«Ես չէի ցանկանա նվազեցնել Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթի նշանակությունը, բայց իրական խաղաղություն հաստատելու համար անհրաժեշտ է դեռ շատ ջանքեր գործադրել», — նշել է նա: Հակոբյանը հավելել է, որ Հայաստանի և ու Ադրբեջանի հասարակությունները՝ ոչ միայն սովորական քաղաքացիները, այլև քաղաքական վերնախավն ու քաղաքականության մշակողները, դեռ պետք է անցնեն հաշտեցման երկար և դժվարին գործընթացը:
«Ես դեռ չեմ խոսում նրա մասին, որ ոչ ոք չպետք է խանգարի գործընթացին: Այս պահին «խանգարողները» դեռ լռում են, բայց եթե նրանք սկսեն գործել, այս բոլոր համաձայնությունները, մեծ հավանականությամբ կմնան թղթի վրա», — նշել է նա:
Հակոբյանը չի կարծում, որ Սպիտակ տանը և ԱՄՆ նախագահի ներկայությամբ խաղաղության պայմանագրի նախաստորագրումը կարող է որևէ ազդեցություն ունենալ Բաքվի վրա՝ բացառելով Ադրբեջանի կողմից Հայաստանի դեմ ռազմական ագրեսիայի վերսկսման հնարավորությունը։
«Համաշխարհային պատմությունը տեսել է բազմաթիվ դեպքեր, երբ նույնիսկ փաստաթուղթը ստորագրելուց հետո կողմերը որոշակի ժամանակահատվածից հետո պատռել են այն և վերսկսել պատերազմը։ Այնուամենայնիվ, սա կարևոր փաստաթուղթ է, որ Ադրբեջանը առաջիկայում չհարձակվի կամ մասնակի ներխուժումներ չանի Հայաստանի սուվերեն տարածքում, ինչը արել է 44-օրյա պատերազմից հետո», — նշել է նա։
Հակոբյանի խոսքով, այս փաստաթուղթը Հայաստանի համար «շնչելու և խորհելու որոշակի հնարավորություն է»։

