Փաշինյանի առաջարկները լեգիտիմացնում են Բաքվին թեզերը

Կորուստների լրացում և նոր պատերազմի պատրաստություն. Ի՞նչ է անում Բաքուն 

Աառնվազն ներկա փուլում Ադրբեջանի զինվելու հիմնական թիրախը միանշանակ Հայաստանն է։ Այս մասին նշեց «Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար Վիտալի Մանգասարյանը։  Նրա խոսքով՝ շրջանառվող թեզերը, թե Բաքուն զենք է ձեռք բերում Իրանի դեմ հնարավոր գործողությունների համար, այս փուլում լուրջ չեն։

«Կարելի է տեսականորեն պատկերացնել, որ 30–40 տարվա կտրվածքով Ադրբեջանի պլաններում կարող են լինել նաև Իրանի դեմ որոշակի գործողություններ, բայց այս փուլում ակնհայտ է՝ առաջնային թիրախը մենք ենք», — նշում է Մանգասարյանը։

Մանգասարյանը հիշեցնում է, որ 2020 թվականի պատերազմից և 2023 թվականին Արցախի վերջնական հայաթափումից հետո Ադրբեջանը կրել է զգալի կորուստներ՝ թե մարդկային ռեսուրսների, թե տեխնիկական միջոցների առումով։

«Բնական է, որ այդ կորուստները պետք է լրացվեն։ Հիմա այդ բացը լրացնելուն զուգահեռ Ադրբեջանը նաև մի քիչ ավելի հեռուն է նայում», — ընդգծում է նա։

Ըստ վերլուծաբանի՝ այս հարցում Բաքուն հաշվի է առնում տարբեր սցենարներ՝ Հայաստանում իշխանության հնարավոր փոփոխություն, տարածաշրջանային զարգացումներ, հարևան երկրներում անկայունություն։ 

Նրա խոսքով՝ պատերազմների էջը կարող է ձևականորեն փակված թվալ, սակայն աշխարհում տեղի ունեցող վերադասավորումները ցույց են տալիս, որ ուժի քաղաքականությունը վերադարձել է միջազգային հարաբերությունների կենտրոն։

Վերլուծաբանը զուգահեռ է անցկացնում համաշխարհային գործընթացների հետ՝ հիշեցնելով, որ այսօր անգամ խոշոր պետությունների ղեկավարները բացահայտ տարածքային հավակնություններ են հնչեցնում։

«Եթե մի օր արթնանանք և այս կամ այն պետության ղեկավարը ասի, որ Հայաստանի այս կամ այն հատվածը իրենն է, մենք ի՞նչ պետք է անենք։ Փորձե՞նք հակազդել, թե՞ ուղղակի տալ», — հարցադրում է անում Մանգասարյանը։

Նրա համոզմամբ՝ եթե պետությունը որդեգրում է այն քաղաքականությունը, ըստ որի «ով ինչ ուզում է՝ տալիս ենք», ապա այդ դեպքում զենք գնելու և պաշտպանական կարողություններ զարգացնելու մասին խոսելն անիմաստ է։

«Եթե այդ քաղաքականությունն է, ապա ինչի՞ մասին է ընդհանրապես խոսքը։ Դա ուղղակի կործանարար ճանապարհ է», — եզրափակում է Վիտալի Մանգասարյանը։

Scroll to Top