Ռազմական ավիացիայի հարցում ընտրություն կատարելը չափազանց բարդ գործընթաց է, որը կախված է ոչ միայն տեխնիկական կամ ֆինանսական հնարավորություններից, այլ նաև քաղաքական կողմնորոշումներից և երկարաժամկետ ռազմավարական հաշվարկներից։ Այս մասին նշել է ռազմաքաղաքական հարցերով փորձագետ Լեոնիդ Ներսիսյանը։
«Ռազմական ավիացիան հենց ընտրության տեսանկյունից շատ բարդ թեմա է․ պետք է հասկանալ՝ որ պետությունների հետ, ինչ պայմաններով և ինչ նպատակներով ես գնում նման որոշման», — նշում է փորձագետը՝ ընդգծելով, որ խոսքը տարիների ու նույնիսկ տասնամյակների վրա հաշվարկված քայլի մասին է։
Հնդկական կործանիչը՝ առավելություններ և չլուծված հարցեր
Ներսիսյանի խոսքով՝ հնդկական Tejas MK1A կործանիչն ունի ինչպես դրական կողմեր, այնպես էլ լուրջ խնդիրներ, որոնցից մեկը կայանում է նրանում, որ այն չափազանց նոր է։ Փաստացի այն Հնդկաստանի առաջին սեփական արտադրության կործանիչն է, և դրա շահագործման ամբողջական փորձը դեռ ձևավորված չէ։
«Առնվազն պետք է սպասել և հասկանալ, թե ինչու ընկավ այդ կործանիչը Դուբայի ավիաշոուի ժամանակ։ Հնարավոր է՝ դա տեխնիկական խնդիր չի եղել, բայց վերջնական պատասխան դեռ չկա», — ասում է Ներսիսյանը՝ հավելելով, որ նման դեպքերը պետք է մանրակրկիտ ուսումնասիրվեն մինչև որևէ որոշում կայացնելը։
Նրա համոզմամբ՝ անհրաժեշտ է նաև դիտարկել այլ հնարավոր տարբերակներ, հատկապես հաշվի առնելով, որ քաղաքական իրավիճակը կարող է կարճ ժամանակում փոխվել։
Եվրոպական տարբերակներ՝ քաղաքական հնարավորություններ և ֆինանսական սահմանափակումներ
Փորձագետը չի բացառում, որ մոտ ապագայում որոշ արևմտյան երկրներ կարող են վերանայել իրենց մոտեցումները, Հայաստանի և ԱՄՆ-ի հարաբերությունների սերտացման ֆոնի վրա։ Նրա խոսքով՝ տեսականորեն հնարավոր է պայմանավորվածությունների հասնել ֆրանսիական կամ շվեդական կողմերի հետ։
Սակայն ֆրանսիական «Rafale» կործանիչի դեպքում, ըստ Ներսյանի, առաջանում է չափերի և գնի խնդիրը։
«Rafale-ը միակ նոր սերնդի կործանիչն է, որը ներկայում արտադրվում է Եվրոպայում։ Այն, անկասկած, լավագույններից մեկն է չորրորդ սերնդի մեջ, բայց Հայաստանի չափի պետության համար այն շատ մեծ է, ունի շատ երկար թռիչքի հնարավորություն և միաժամանակ շատ թանկ է», — ընդգծում է նա։
Ներսիսյանի կարծիքով՝ գնային տեսանկյունից «Rafale»-ը դժվար է համարել ամենաօպտիմալ լուծումը Հայաստանի համար։
«Լավագույնը» միշտ չէ, որ ամենաճիշտն է
Փորձագետը զգուշացնում է նաև այն վտանգի մասին, երբ պետությունը կարող է գայթակղվել ամենաթանկ և ամենաառաջադեմ տեխնիկայով՝ առանց ամբողջական հաշվարկի։
«Եթե նույնիսկ պատկերացնենք, որ վաղը Հայաստանին ասեն՝ կարող եք F-35 գնել, ինչը ակնհայտորեն չի լինելու, ապա հարց է առաջանում՝ ինչ քանակով։ Կգնե՞նք երեք հատ, առավելագույնը 12», — ասում է Ներսիսյանը։
Նրա խոսքով՝ նույնիսկ 12 կործանիչ գնելը կարող է տարիներով փակել բանակի ցանկացած այլ գնումների հնարավորությունը։
«Այդ 12 կործանիչը գնելուց հետո մենք հինգ, վեց, յոթ տարի կարող է ընդհանրապես ոչ մի այլ գնում չկարողանանք անել բանակի համար, այնքան մեծ գումար է պահանջվելու», — նշում է նա։
Սպասարկման և պատրաստվածության թաքնված ծախսերը
Ներսյանի գնահատմամբ՝ միայն գնումով խնդիրը չի ավարտվում է, ընդհակառակը՝ գնումից հետո այն սկսվում է։ Թանկ կործանիչների սպասարկումը, շահագործումը և օդաչուների պատրաստվածությունը պահանջում են հսկայական ֆինանսական ռեսուրսներ։
«Այդ տիպի կործանիչ ունենալու դեպքում յուրաքանչյուր օդաչու տարեկան առնվազն 120 ժամ թռիչք պետք է կատարի։ Սպասարկումը, ուսուցումը, տեխնիկական ապահովումը ահռելի գումարներ են պահանջում», — ընդգծում է փորձագետը։
Նրա համոզմամբ՝ որոշ դեպքերում «ամենալավը» կարող է ավելի շատ խնդիրներ ստեղծել, քան իրական օգուտ բերել։
«Պետք է ամեն ինչ շատ լավ հաշվարկել մինչև որոշում ընդունելը, որովհետև լավագույն լուծումը միշտ չէ, որ տվյալ երկրի համար ամենաարդյունավետն է», — եզրափակում է Ներսիսյանը։

