Իրանի ներկայիս համակարգը բազմիցս ապացուցել է իր կենսունակությունը

Գերկենտրոնացում Իրանի շուրջ․ տարածաշրջանը՝ նոր պատերազմի շեմի՞ն

ԱՄՆ-ի ներկայիս ռազմավարությունը թե՛ բովանդակային, թե՛ ձևային առումով կառուցված է ուժի դիրքերից հանդես գալու տրամաբանության վրա։ Քաղաքագետ Ալեն Ղևոնդյանի գնահատմամբ՝ խոսքը ոչ միայն ռազմական հնարավոր գործողություններ նախաձեռնելու մասին է, այլ նաև այդ ուժի գործոնը բանակցային գործընթացներում օգտագործելու մեխանիզմի։

«Սա միջազգային քաղաքականության մեջ ընդունված քաղտեխնոլոգիա է, սակայն Իրանի շուրջ ուժերի այս աստիճանի կենտրոնացումը արդեն անցնում է որոշակի կարմիր գծեր», — նշում է Ղևոնդյանը՝ ընդգծելով, որ ներկայում առկա է ուժերի գերկենտրոնացում Իրանի շուրջ։

Էսկալացիայի դեպքում՝ Իրանը պատրաստ է պատասխանել

Քաղաքագետի խոսքով՝ խոսքը միայն ծովային ուժերի մասին չէ։ ԱՄՆ-ի դաշնակից պետությունների տարածքներում ևս նկատվում են զգալի ռազմական կուտակումներ։ Թեև սա կարող է դիտարկվել որպես վատագույն սցենար, սակայն, ըստ նրա, Վաշինգտոնը չի խուսափում նման քաղաքականության հրապարակային ցուցադրումից։

«Ամերիկյան ներկայիս քաղաքականությունը բաց տեքստով հայտարարում է, որ բոլոր հարցերին մոտենում է իր ազգային շահերի, ինչպես նաև Իսրայելի ազգային շահերի դիրքերից՝ ուժը հռչակելով որպես հիմնական գործոն», — ասում է Ղևոնդյանը։

Ռազմական հնարավոր էսկալացիային Իրանը, ըստ քաղաքագետի, պատրաստ է։ Սակայն «պատրաստվածություն» հասկացությունը բազմաշերտ է՝ կախված այն բանից, թե ում, ինչ մասշտաբներով և ինչ ուղղություններով կհասցվեն հարվածները։

Թեև առանձին արաբական երկրներ պարբերաբար հայտարարում են, որ իրենց տարածքներից ռազմական գործողություններ չեն իրականացվի, Ղևոնդյանը նշում է, որ իրականությունը կարող է այլ պատկեր ցույց տալ։

«Իրանը պատասխանելու է, ընդ որում  պատասխանելու է ոչ միայն Իսրայելին։ Մենք արդեն ունենք նախադեպ, երբ տարիներ առաջ օնլայն ռեժիմով հետևում էինք, թե ինչպես են իրանական հրթիռները ուղղվում Իսրայելի վրա։ Կարծում եմ՝ այս անգամ միայն դրանով Իրանը չի սահմանափակվի», — ընդգծում է նա։

Իրանի պատասխանը կարող է լինել շատ ուժգին։ «Իրանը յուրահատուկ քաղաքական մշակույթ ունեցող պետություն է։ Այն տարածաշրջանի ամենահզոր երկրներից է՝ շուրջ 85 միլիոն բնակչությամբ, աշխարհի ամենաերիտասարդ հասարակություններից մեկը, որը նույնիսկ սանկցիաների պայմաններում կարողացել է ստեղծել բարձր տեխնոլոգիաներ», — ասում է Ղևոնդյանը։

Նրա խոսքով՝ իրանական դրոններն այսօր համարվում են աշխարհի լավագույններից, իսկ դրանց որոշ մոդելներ անգամ օգտագործվել են որպես տեխնոլոգիական հիմք ԱՄՆ բանակում։

Ցամաքային ներթափանցումներ և տարածաշրջանային ապակայունացում

Ղևոնդյանը չի բացառում նաև ցամաքային ներթափանցումների սցենարը։ Նրա խոսքով՝ վերջին շաբաթներին արդեն իսկ փորձեր են արվել Իրանում անկայունության օջախներ ստեղծելու ուղղությամբ։

«Այս գործընթացում, կարծում եմ, ներգրավվածություն կունենան նաև Սիրիայում բանտերից ազատվող ԴԱԻՇ-ի ահաբեկիչները, որոնք կարող են օգտագործվել որպես գործիք՝ Իրանի տարածք ներթափանցելու համար», — նշում է քաղաքագետը։

Էսկալացիայի մասշտաբներն ու դրա հետևանքները, ըստ քաղաքագետի, կարող են դառնալ ծանր թե՛ մեր տարածաշրջանի, թե՛ ամբողջ Մերձավոր Արևելքի համար։ Եթե ԱՄՆ-ին հաջողվի ճնշումների միջոցով հարված հասցնել Իրանի քաղաքական կայունությանը և փոխել պետական կառավարման համակարգի որոշ բաղադրիչներ, դա կարող է արմատապես փոխել իրավիճակը։

Ռեժիմի փոփոխության փորձեր են արվելու

«Իրանը կրոնապետություն է, որտեղ երկրի ղեկավարը ռահբարն է՝ այս դեպքում Խամենեին։ Պետական կառավարման համակարգում կան որոշակի լարվածություններ՝ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի, նախագահի ինստիտուտի միջև», — նշում է Ղևոնդյանը։

Նրա համոզմամբ՝ ռեժիմի փոփոխության ուղղությամբ փորձեր են արվելու, և այդ պահանջները հնարավոր է արդեն իսկ փոխանցված լինեն Թեհրանին։ Միևնույն ժամանակ ակնհայտ է նաև Իրանի շուրջ ընդհանուր պատրաստվածությունը, այդ թվում՝ նրա հյուսիսային հարևան Ադրբեջանի ուղղությամբ։

Scroll to Top