Օրինագիծ․ 2026-ից  զինծառայությունը կարող է դառնալ 18 ամիս

Օրինագիծ․ 2026-ից  զինծառայությունը կարող է դառնալ 18 ամիս

Հայաստանի պաշտպանության նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել օրենքի նախագիծ, որով առաջարկվում է պարտադիր զինվորական ծառայության ժամկետը կրճատել 6 ամսով և սահմանել 18 ամիս՝ սկսած 2026 թվականի ամառային զորակոչից։  Հաշվարկների համաձայն՝ ռեֆորմի ուժի մեջ մտնելը կհանգեցնի զինծառայության մեջ գտնվող զորակոչիկների ընդհանուր  թվի 25%-ով կրճատմանը` սկսած 2028 թվականից։

Նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ կառավարության 2021-2026թթ. ծրագրով նախատեսվել է պարտադիր զինվորական ծառայության ժամկետի կրճատում՝ ի հաշիվ պայմանագրային ծառայության աճի: Ըստ հեղինակների՝ վերջին տարիներին պայմանագրային զինվորական ծառայության ընդլայնման նպատակով կատարվել են գործուն քայլեր, ի դեմս՝ «Պաշտպան հայրենյաց» ծրագրի, արհեստավարժ սերժանտական համակարգի, զինծառայողների ատեստավորման համակարգի ներդրման, սահմանամերձ զորամասերում երկարամյա ծառայության զինվորական կենսաթոշակի պահպանմամբ պայմանագրային զինվորական ծառայության կազմակերպման գործընթացի, որի արդյունքները գնահատվում են դրական և միտում ունեն առավել գրավիչ դարձնել և ընդլայնել պայմանագրային զինվորական ծառայությունը: 

«Այդ կապակցությամբ՝ նպատակահարմար է գտնվել շարքային կազմի 24-ամսյա պարտադիր զինվորական ծառայության ժամկետը 2026 թվականի ամառային զորակոչից սկսած կրճատել 6 ամսով՝ սահմանելով 18-ամսյա ժամկետով պարտադիր զինվորական ծառայություն: Օրենքի նախագծի ընդունման արդյունքում այլ իրավական ակտերում փոփոխություններ կատարման անհրաժեշտություն չի առաջանում»,- ասված է հիմնավորման մեջ:

 Ըստ օրինագծի հեղինակների՝ օրենքի փոփոխությունների  ընդունմամբ կանխատեսվում է պարտադիր զինվորական ծառայության կազմակերպման ուղղությամբ ծախսերի նվազում՝ սկսած 2028 թվականից, քանի որ 2026թ. ամառային զորակոչի շրջանակներում հուլիսի 1-ից սկսած 18 ամիս ծառայության ժամկետն ավարտվում է 2027թ. դեկտեմբերի 31-ին:

Ընդդիմադիրները օրենագիծը կապում են առաջիկա ընտրություններում իշխանության կողմից շահավետ դիրքերից հանդես գալու ցանկությամբ և մատնանշում են ռեֆորմի թույլ կողմերը։

Ըստ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանի՝ կառավարության հիմնավորումները ակտիվ համալրումների առումով չեն համապատասխանում իրականությանը։ Նա նշում է,  որ վերջին 4 տարիներին մարտական հերթապահության և մարտական այլ խնդիրների կատարման համար յուրաքանչյուր տարի հազարավոր պահեստազորայիններ և ԵԿՄ ներկայացուցիչներ ընդգրկվում:

Պատասխանատուները պնդում են, թե պահեստազորայինների հավաքը բացառապես ուսումնական, վերապատրաստման նպատակ ունի։ Սակայն, Աբրահամյանի պնդմամբ՝ հավաքների գլխավոր նպատակը` մարտական հերթապահության խնդիրների ապահովումն է:

Ինչ վերաբերում է «Պաշտպան հայրենյաց» ծրագրով զինվորական ծառայությունում  ընդգրկման ակտիվացմանը, ապա Աբրահամյանի գնահատմամբ, որքան էլ ակտիվ լինի այդ ներգրավումը, դրա հաշվին ընդհանուր համալրվածության խնդիրների լիարժեք հաղթահարումը հնարավոր չէ:

«Այս պայմաններում իշխանությունը փորձում է 3 խնդիր լուծել` նախընտրական «տրյուկ» անել` փորձելով բանակի կրճատումը ընտրաքվեի վերածել; կրճատել բանակը` հետագա զիջումները «հիմնավորելով» պետության անկարողությամբ; ադրբեջանական պահանջ կատարել` վստահեցնելու, որ ՀՀ-ն դիմադրելու, պայքարելու որևէ նպատակ չունի», — համոզված է Աբրահամյանը:

Scroll to Top