Իշխանությունների «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը միջազգային հանրության կողմից առաջին հերթին մեկնաբանվում է որպես քաղաքական և դիվանագիտական խորհրդանշան, այլ ոչ թե իրական տնտեսական հնարավորություն։
ՊԵԿ նախկին նախագահ Դավիթ Անանյանի պնդմամբ՝ տնտեսական իրագործելիության տեսանկյունից նախաձեռնությունը բախվում է մի շարք լուրջ սահմանափակումների։ Այսպես, նշում է նա, ակնառու է տարանցիկ ներուժի սահմանափակ լինելը։
«Հայաստանի միջանցիկ դիրքը, թեև ռազմավարական իմաստով կարևոր է, գործնականում ավելի շատ ունի սիմվոլիկ նշանակություն։ Տվյալ նախաձեռնությամբ Հայաստանի տարածքով տարանցիկ բեռնաշրջանառությունը դժվար թե գերազանցի տարեկան 2–3 մլն տոննան, այն դեպքում երբ Վրաստանով արդեն իսկ անցնում է ավելի քան 20 մլն տոննա, իսկ Իրանի տարածքով՝ շուրջ 200 մլն տոննա», — կարծում է Անանյանը։
Մեկ այլ պատճառ՝ ցածր եկամտաբերությունն է։ Ըստ Անանյանի՝ տարանցման, մաքսային և սպասարկման վճարները նշված ծավալների պարագայում կարող են ապահովել տարեկան մոտ 10–14 մլն ԱՄՆ դոլարի եկամուտ։ Սակայն ենթակառուցվածքների սպասարկման, անվտանգության և աշխատուժի ծախսերը հաշվի առնելուց հետո զուտ տնտեսական օգուտը հազիվ թե գերազանցի 3–5 մլն ԱՄՆ դոլարը։
Բացի այդ, նախաձեռնությունը կպահանջի բարձր կապիտալ ծախսեր։ Նախնական տեխնիկական գնահատականներով անհրաժեշտ ներդրումների նվազագույն շեմը սկսվում է 350–400 մլն ԱՄՆ դոլարից, նշում է նա։ «Սա ներառում է գծերի վերականգնում, մաքսակետերի կառուցում, կամուրջների և հանգույցների շինարարություն։ Սակայն այդ ծախսերը դեռևս չեն ներառում քաղաքական և անվտանգային ռիսկերն ու հավելյալ գործոնները», — պնդում է փորձագետը։
Անանյանը հիշեցրեց, որ Հայաստանը շարունակելու է չունենալ ուղղակի ելք ծովային ուղիներ։ «Թեև Թուրքիայում (Մերսին, Դերզեյ) կամ Ադրբեջանում (Ալյաթ) հասանելիություն ապահովելը տեսականորեն թվում է հնարավոր, սակայն ներկա տարածաշրջանային իրադրությունում դրանք մնում են անիրագործելի և հիպոթետիկ։ Իրականում Հայաստանը շարունակելու է կախված մնալ Վրաստանի (Փոթի, Բաթումի) և Իրանի (Բանդար Աբբաս) նավահանգիստներից», — ասաց նա։
Այս ամենը բերում է ներդրումների վերադարձի անորոշության, շարունակում է Անանյանը։ «Տնտեսագիտական մոդելավորումները ցույց են տալիս, որ ներդրումների վերադարձի ժամկետը լավագույն դեպքում կգերազանցի 50 տարին։ Նման երկարաժամկետ հորիզոնը հակասում է միջազգային ենթակառուցվածքային ֆինանսավորման ստանդարտներին», — բացատրում է նա։
Անանյանի կարծիքով՝ նախաձեռնությունն այս փուլում ավելի շուտ ծառայում է Հայաստանի արտաքին քաղաքական պատկերի ձևավորմանը։ Այն ներկայացվում է որպես խաղաղարար գաղափար, որը կարող է գրավել որոշ միջազգային կենտրոնների ուշադրությունը։ Սակայն տնտեսական բաղադրիչի թույլ հեռանկարը մեծացնում է վտանգը, որ նախաձեռնությունը կմնա միակողմանի ընկալման դաշտում՝ չարդարացնելով դրան առնչվող սպասելիքները։
«Միաժամանակ գոյություն ունի իրական ռիսկ՝ կապված որոշ ենթակառուցվածքների նկատմամբ Հայաստանի ինքնիշխան վերահսկողության կորուստի հետ, հատկապես եթե հաղորդակցական կապերը դառնան հիմնականում ուղղված դեպի Ադրբեջան և Թուրքիա», — եզրափակեց նա։

