Պարտության գաղտնիքները․ ՔՊ-ի լռության հետևում ընտրություններն են

Պարտության գաղտնիքները․ ՔՊ-ի լռության հետևում ընտրություններն են

44-օրյա պատերազմի հանգամանքները ուսումնասիրող խորհրդարանական հանձնաժողովի զեկույցը չհրապարակելու որոշումը պայմանավորված է ոչ թե իրավական պատճառներով, այլ առաջին հերթին քաղաքական հաշվարկով։  Նման կարծիքի է Ռազմական փորձագետ Հայկ Նահապետյանը։ 

Նա ընդգծեց, որ նման քննարկումները կուժեղացնեին հասարակական դժգոհությունը, ինչից իշխանությունը փորձում է խուսափել 2026 թվականի ընտրությունների նախաշեմին։ Նահապետյանի գնահատմամբ՝ զեկույցի հրապարակումը կդառնար «քաղաքական օրակարգի թիվ մեկ թեմա» մինչև խորհրդարանական ընտրությունները.

«Եթե այդ փաստաթուղթը հրապարակվեր տեղեկատվական հոսքերում դրա յուրաքանչյուր դրվագ, յուրաքանչյուր անուն դառնալու էր քննարկումների առանցք։ Մարդիկ նորից խոսելու էին, որ Նիկոլ Փաշինյանը, լինելով գերագույն հրամանատար, պարտություն է կրել։ Սա գործող իշխանության համար կործանարար թեմա կլիներ, որովհետև առանց այն էլ նրանց վարկանիշը ցածր է»։

Մի քանի հարյուր պաշտոնյա պետք է պատասխանատվության ենթարկվեր

Նահապետյանը հիշեցնում է, որ ցանկացած պետությունում, եթե կա պատերազմ, ապա հաղթանակը կամ պարտությունը ուղիղ կապվում է ռազմաքաղաքական ղեկավարության հետ.
«Մենք այդ պատերազմում պարտվել ենք։ Եթե հանձնաժողովը իսկապես խորքային քննություն է իրականացրել ոչ միայն 44 օրվա, այլ նաև դրան նախորդած գործընթացների վերաբերյալ, ապա տրամաբանական է, որ եզրակացության արդյունքում Հայաստանի Հանրապետությունում նվազագույնը մի քանի հարյուր պաշտոնատար անձ, Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, պետք է պատասխանատվության ենթարկվեր»։

Փորձագետը վստահեցնում է, որ նման եզրահանգման կարելի է հասնել նույնիսկ առանց զեկույցը տեսնելու. «Ես կարող եմ բերել առնվազն 10 փաստ այն մասին, թե ինչպես են իշխանությունները նախապատրաստել այդ պարտությունը՝ սկսած 2018 թվականից»։

Հարցեր առանց պատասխանի 

Նա մատնանշում է մի շարք ռազմաքաղաքական քայլեր, որոնք, ըստ իրեն, որոշիչ են եղել։ Այսպես՝ նախորդ իշխանությունները Ռուսաստանի հետ 300 միլիոն դոլար վարկային պայմանագիր էին կնքել անօդաչուների դեմ արդյունավետ պայքարի համար՝ ձեռք բերելով ՌԷՊ և «Պանցիր» համակարգեր, սակայն «Փաշինյանի իշխանության գալուց հետո այդ պայմանագիրը չեղարկվեց»։ Բյուջեից կատարվել են ռազմական ոչ արդյունավետ գնումներ, մասնավորապես՝ «Սու» տիպի ինքնաթիռներ՝ առանց սպառազինության։

Նահապետյանը նաև շեշտում է զինվորական անձնակազմի բարոյահոգեբանական վիճակի վրա արձանագրված բացասական ազդեցությունը։ «2018-ից Աննա Հակոբյանը պետական մակարդակով քարոզում էր, որ մեր տղաները զոհվել են հանուն ոչնչի», և սա ուղղակիորեն ազդել է անձնակազմի տրամադրության վրա։ Պատերազմի նախապատրաստման փուլում ևս եղել են լուրջ բացթողումներ․ Փաշինյանը հրապարակավ ասել է, որ պատերազմի մասին իմացել է միայն մի քանի օր առաջ, ինչը նշանակում է, որ զինված ուժերի ստորաբաժանումները պետք է դուրս բերվեին մշտական տեղակայման վայրից, սակայն դա չի իրականացվել։

2020 թվականի սեպտեմբերի 1-ին Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղարի ստորագրությամբ Հայաստանին առաջարկվել է հրամանատարաշտաբային զորավարժություն՝ 26 օր առաջ, սակայն «այդ առաջարկը ընթացք չի ստացել»։ Հատկանշական է նաև Լիլիթ Մակունցի հայտարարությունը Թուրքիային վերաբերվող հարցում․ «Եթե նման հայտարարություն է արվել, ապա կամ նա ուներ պաշտոնական տեղեկանք, կամ պարզապես դա Փաշինյանի ուղերձն էր»։ Պատերազմի մեկնարկին պաշտպանության նախարարի բացակայությունը, ինչպես նաև հինգ ռեզերվային գնդերի լուծարումը՝ չկարողանալով համալրել ստորաբաժանումները, ևս լուրջ խոչընդոտներ են ստեղծել։ Նահապետյանը նշում է նաև, որ հոկտեմբերի 19-ին ՌԴ նախագահ Պուտինը առաջարկել է դադարեցնել պատերազմը, սակայն Փաշինյանը մերժել է այն՝ հակառակ ԶՈւ գլխավոր շտաբի զգուշացումների։

Նրա խոսքով՝ խոսքը ոչ թե ենթադրությունների, այլ փաստացի իրողությունների մասին է, որոնց պատասխանատվությունը պետք է կրեն թե՛ քաղաքական, թե՛ ռազմական ղեկավարները։

Scroll to Top