Չորրորդ հանրապետության հռչակումը լուրջ բացասական հետևանքներ է ունենալու և հետևաբար դրա դեմ պիտի այլընտրանքային քաղաքական օրակարգ առաջարկվի։ Քաղաքական գիտությունների դոկտոր Արսեն Գասպարյանը։
Նրա գնահատմամբ՝ հանրապետության համարակալումը կարող է բացասաբար ազդել նաև ներկայիս իշխանությունների հեղինակության վրա։
Գասպարյանը նշեց. «Ես դեմ այդ համարակալմանը: Հանրապետության հերթական համարակալումը խոսում է առաջին հերթին հարատև քաղաքական անկայունության մասին»։
Ըստ նրա՝ դա վկայում է անընդհատ փոփոխվող կառավարման համակարգերի և դրանց ձախողման մասին, ինչւ ստեղծում է անվստահություն ոչ միայն ներքին կյանքում, այլ նաև միջազգային ընկալման մեջ։ Գասպարյանը նաև ընդգծեց բրենդավորման խնդիրները. Հայաստանն անկախությունից ի վեր չունի ամուր հանրային դիվանագիտության կառույց, որը կզբաղվի երկրի ճանաչելիությամբ և միջազգային հեղինակությամբ։
Որպես օրինակ նա նշեց ՀՀ դրոշը։ «Եթե Հայաստանի, Կոլումբիայի և Վենեսուելայի դրոշները դնեք իրար կողքի, աշխարհի բնակչության 70–90%-ից ավելին չի տարբերի, որը դրոշն է Հայաստանի, որը՝ Կոլումբիայի, և որը՝ Վենեսուելայի: Սա խառնաշփոթություն է ստեղծում և միանշանակ ցույց տալիս, որ երկրի բրենդավորումն վատն է», նշեց նա։
Գասպարյանը հավելեց, որ նոր հանրապետության հռչակումը մարդկանց և օտարների մոտ հարցեր է առաջացնելու. «Լավ, այս մարդիկ կասեն՝ չորրորդ հանրապետություն, որն է եղել երրորդը, որն է եղել երկրորդը, ի՞նչ կարիք կա այս մեր խնդիրները հանել դուրս, դրանք մերն են, մենք մեր մեջ կքննարկենք»:
Նա նշեց, որ նման մոտեցումները հաճախ օգտագործվում են բռնապետական երկրներում։
«Գրեթե բոլոր բռնապետերը հռչակում են նոր հանրապետություն՝ իրենց հեղափոխությունն ու իշխանափոխությունը հիմնավորելու և երկարատև կառավարում ապահովելու նպատակով: Երբ նրանք միանգամից գալիս են իշխանության կամ պատրաստվում են նոր ընտրությունների, նոր հանրապետություն են հռչակում: Այս պատճառներով, կարծում եմ, չորրորդ հանրապետության հռչակումը նույնպես լուրջ բացասական հետևանքներ է ունենալու», — եզրափակեց քաղաքագետը։

