Պարզ դավաճանություն․ Քաղաքական շոու պատարագի փոխարեն

Պարզ դավաճանություն․ Քաղաքական շոու պատարագի փոխարեն

Վերջին շրջանում տարբեր հոգևորականներ են ի հայտ գալիս, որոնք Հայ Առաքելական Եկեղեցու կանոնագրքի բացահայտ խախտմամբ  բացեիբաց արտահայտում են իրենց անհամաձայնությունը Վեհափառ Հայրապետի հետ՝ օգտագործելով միջոցներ, որոնք ավելի շատ նման են քաղաքական ակցիաների, քան հոգևորականին վայել պահվածքի։  

Ի՞նչ է կատարվում իրականում և ի՞նչ հետևանքներ այս ամենը կարող է ունենալ եկեղեցու ու հայ ժողովրդի համար։ Այս հարցերի շուրջ խոսել է պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ռուբեն Մելքոնյանը։

Պարզ դավաճանություն

Մելքոնյանի գնահատմամբ՝ ներկայիս գործընթացները մի քանի շերտ են պարունակում, բայց դրանց հիմքում ընկած է մեկ բան՝  պարզ դավաճանություն։

«Նրանք դավաճանում են իրենց ուխտը, դավաճանում են իրենց համոզմունքները և այն երդումները, որոնք տրվել են Վեհափառին և իրենց ծառայությանը»,- ընդգծեց պրոֆեսորը։

Նա հավելեց, որ այդ հոգևորականները դավաճանում են նաև իրենց սեփական կերպարը. «Սրբազանները, եթե դառնում են պատեհապաշտներ, ինչո՞վ են տարբերվում շարքային քաղաքական գործչից։ Ինչու՞ պետք է նա լինի առանձնաշնորհյալ, ինչու՞ մարդիկ պետք է ուզենան համբուրել նրա աջը կամ ստանալ նրա օրհնությունը, եթե նա որևէ բանով չի տարբերվում շարքային քաղաքական արկածախնդրից կամ քաղաքական առևտրականից, որը կարող է փոխվել ամեն իշխանության հետ»։

Մելքոնյանն ընդգծեց նաև համերաշխության բացակայությունը. եթե որոշ հոգևորականներ իրենց սրբազան եղբայրների հանդեպ չունեն ոչ մի համերաշխություն և ավելի մտերիմ են համարում ժամանակավոր կառավարչին, ապա դա լուրջ հարցեր է առաջացնում նրանց հոգևոր կոչման, ճիշտ ընտրության վերաբերյալ։

Փողի պաշտամունքը և չարդարացված ամբիցիաները

Այդ նույն սրբազանները, որոնք քարոզում են ծխականներին խուսափել մեղքերից, իրենք են ընկնում այդ մեղքերի մեջ, շարունակեց Մելքոնյանը։ Խոսքը փողի և նյութականի պաշտամունքի մասին է, որի գայթակղությանը որոշ հոգևորականներ չդիմացան։ Կան հոգևորականներ, որոնք,  պաշտելով հարստությունը, դավաճանում են Վեհափառին, իրենց սրբազան եղբայրներին և եկեղեցու սկզբունքները։

Ըստ Մելքոնյանի՝ մյուս գործոնը չարդարացված ամբիցիաներն են. որոշ հոգևորականներ հույս ունեն, որ այս ամենի շնորհիվ կարող են հասնել Ամենայն Հայոց Կաթողիկոսի գահին։ 

Քաղաքական շոու պատարագի փոխարեն

Վերջին և, ըստ Մելքոնյանի, ամենածանր խախտումը պատարագի վերածումն է քաղաքական շոուի։ Նա բացատրեց, որ պատարագը հոգևոր արարողություն է, որտեղ հավատացյալը հոգևորականի միջնորդությամբ պետք է կապվի Տիրոջ հետ, խոստովանի և վերարժևորի իր կյանքը։ «Դա քաղաքական շոու չէ»,- ընդգծեց նա։

Մելքոնյանն ընգծեց, որ  Նիկոլ Փաշինյանին ծափահարություններով են դիմավորում եկեղեցում, իսկ հոգևորականները, կարծես,  ոչ թե պատարագ են մատուցում, այլ քաղաքական ներկայացում են կազմակերպում՝ Վեհափառի անունը չեն տալիս, մտածելով՝ «Քանի որ Փաշինյանն այստեղ է, եկեք պատարագը մի քիչ փոխենք»։

«Սրբազանները և թեմի առաջնորդները կանգնած լսում են, թե ինչպես են զեղչում իրենց Վեհափառի անունը, և ոչ մի քայլ չեն ձեռնարկում»,- ասաց Մելքոնյանը։

Ըստ նրա՝ այս ամենը վկայում է, որ որոշ հոգևորականներ գերակայություն են տալիս գործող վարչապետին, ոչ թե Կաթողիկոսին։

«Իրենք ժամանակավոր պաշտոնյա վարչապետի և օծյալ Կաթողիկոսի միջև ընտրում են Փաշինյանին, ընտրում են ժամանակի վարչապետին»,- եզրափակեց Ռուբեն Մելքոնյանը։

Scroll to Top