Վերջին շրջանը նշանավորվել է միանգամից երկու ուղղություններով ամերիկյան նախաձեռնությունների շուրջ գործընթացների ակտիվացմամբ։ Խոսքը ռուս-ուկրաինական պատերազմի կարգավորման Թրամփի պլանի և հայ-ադրբեջանական հակամարտության լուծմանն ուղղված «Թրամփի ուղի» (TRIPP) նախաձեռնության մասին է։
Մասնագետների կարծիքով՝ ԱՄՆ-ն այս շրջանում առավելապես հաշվի է նստում Մոսկվայի դիրքորոշման հետ, ինչը հարցեր է առաջացնում այլ խաղացողների համար հնարավոր հետևանքների մասին։ Ի՞նչով է հղի նման ակտիվությունը ռուս-ուկրաինական ուղղությամբ և ինչպե՞ս դա կանդրադառնա ամերիկյան նախագծերի վրա Հարավային Կովկասում։ Այս հարցերի շուրջ իր կարծիքն է հայտնում քաղաքագետ Ստեփան Դանիելյանը։
Ոչ թե ռուս-ուկրաինական, այլ ռուս-եվրոպական
Նրա խոսքով՝ իրավիճակը ճիշտ գրահատելու համար անհրաժեշտ է օգտագործել ճի՛տ եզրույթներ։ Իրականում այսօր խոսքը գնում է ոչ թե «ռուս-ուկրաինական պատերազմի», այլ «ռուս-եվրոպական պատերազմի» մասին, նշում է Դանիելյանը: Հարցի մյուս կարևոր տարրը կայանում է նրանում, որ ներկայիս ամերիկյան վարչակազմը այս գործընթացում անտեսում է Եվրոպայի դիրքորոշումը։ Դանիելյանը հիշեցրեց Եվրոպական Միության արտաքին գործերի նախկին բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելի հայտարարությունը, ով բնութագրել էր իրավիճակը հետևյալ կերպ՝ «ներկայիս Ամերիկան, Թրամփի Ամերիկան, Եվրոպայի դաշնակիցը չէ»:
«Այսինքն՝ այս ռուս-եվրոպական պատերազմը հանգուցալուծման է գալիս, և ես կարծում եմ, որ այս պարագայում գնահատականը հետևյալն է՝ Եվրոպան պարտություն է կրել»,- ասաց Դանիելյանը:
Նոր աշխարհակարգ է ստեղծվում
Դանիելյանը շեշտեց, որ վերջին 500 տարվա ընթացքում առաջին անգամ Եվրոպայում տեղի ունեցած պատերազմի հանգուցալուծման ժամանակ Եվրոպայի կարծիքը ոչ ոք չի հարցնում: «Միացյալ Նահանգների նախագահը պատերազմի արդյունքները քննարկում է Ռուսաստանի նախագահի հետ: Սա ֆունդամենտալ երևույթ է, որը նշանակում է մեծ փոփոխություն»,- նշեց նա: ,
Նման իրավիճակը, ըստ քաղաքագետի, խորքային փոփոխությունների նախանիշ՝ Եվրոպան համաշխարհային քաղաքականությունից դուրս է մնում, հիմնական խաղացողներ են դառնում Ռուսաստանը, Միացյալ Նահանգները և բնականաբար՝ Չինաստանը, իսկ հետագայում նաև նոր, տնտեսապես ուժեղ երկրները:
Դանիելյանը համեմատեց ներկայիս իրավիճակը պատմական իրադարձությունների հետ՝ նշելով, որ մեծ պատերազմից հետո սովորաբար լինում է խաղաղության կոնֆերանս և նոր աշխարհակարգ է ձևավորվում: «Ովքեր որ սեղանի շուրջը նստած են, իրենց շահերը դնում են սեղանին և նոր սկզբունքների մասին պայմանավորվում»,- ասաց նա: Հիմա սեղանի շուրջ Եվրոպան չկա: Եվրոպան կարող է տարբեր պատճառաբանություններ բերել, որ առանց իրեն լուծում չլինի, բայց ըստ էության խաղից դուրս է մնացել: Նոր աշխարհակարգ է ստեղծվում:
Ռուսաստանը՝ երրորդ կողմ Հարավային Կովկասում
Այս համատեքստում Դանիելյանը անդրադարձավ Հարավային Կովկասում ամերիկյան նախաձեռնությանը՝ «Թրամփի ուղուն»: Նա նշեց, որ ըստ շրջանառվող լուրերի, ամերիկյան կողմը պնդում է՝ այս նախագծում երրորդ կողմ պետք է լինի, և այդ կողմը պետք է լինի Ռուսաստանը: «Չգիտեմ, թե այդ ինֆորմացիան որքանով է ճիշտ, բայց դեռևս ամիսներ առաջ ես այն կարծիքն էի առաջ քաշում, որ լինելու է երրորդ կողմ՝ Ռուսաստանը»,- նշեց քաղաքագետը:
Նա պարզաբանեց, որ Հարավային Կովկասը կարող է դառնալ կա՛մ պատերազմի օջախ, կա՛մ համագործակցության օջախ: «Եթե Ռուսաստանը չկա, ապա սա դառնում է պատերազմի օջախ, հաշվի առնելով նաև Իրանի դիրքորոշումը, որի համար Հարավային Կովկասը և Սյունիքը չափազանց կարևոր են»,- եզրափակեց Դանիելյանը.
Ռուս-ամերիկյան գործարքը Ուկրաինայում՝ որպես մոդել
Հարցին, թե ինչ դեր կարող է ունենալ Ռուսաստանը Հարավային Կովկասի ապաշրջափակման և հատկապես «Թրամփի ուղու» հարցում, Դանիելյանը պատասխանեց՝ առաջ բերելով ուկրաինական օրինակը։
Նա բացատրեց, որ եվրոպացիների դժգոհության գլխավոր պատճառն այն է, որ Ռուսաստանի սառեցված ակտիվներից ստացված գումարները Միացյալ Նահանգները Ռուսաստանի հետ միասին ուղղում է համատեղ տնտեսական ծրագրերի վրա։ Ըստ շրջանառվող տեղեկությունների՝ կա պայմանավորվածություն նաև Դոնբասի հանածոների շուրջ, որտեղ Ուկրաինայինմնում է մոտ 100 միլիարդ, իսկ մնացածը դառնում է համատեղ օգտագործման, ԱՄՆ-ն ստանում է եկամտի 50 տոկոսը։
Եթե Ուկրաինայում նման համագործակցություն է ընթանում, ապա, ըստ քաղաքագետի, բնական է, որ նույնը տեղի կունենա նաև Հարավային Կովկասում՝ Սյունիքով ճանապարհի վրա։

