Երկար ժամանակ Հայաստանի իշխանությունները կտրականապես հերքում էին Սյունիքի մարզում «Միջազգային խաղաղության և բարգավաճման Թրամփի ուղի» (TRIPP) նախագծի շրջանակներում երկարաժամկետ վարձակալության վերաբերյալ ցանկացած խոսակցություն: Իշխող վերնախավի անդամները նման հայտարարությունները սադրանք էին որակում: Սակայն եկավ այն պահը, երբ իշխանությունը ստիպված ընդունեց, որ նման սցենար, այնուամենայնիվ, քննարկվում է:
Ի՞նչ է քննարկվում:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի պնդմամբ՝ քննարկվում է 49 կամ 99 տարի ժամկետով կառուցապատման իրավունք տրամադրելու սցենար: «Ընկերությունը ստանալու է կառուցապատման իրավունք, առանձնահատկությունն այն է, որ կառուցապատման իրավունքի ժամկետի ավարտից հետո այդ հողի վրա գտնվող գույքը դառնում է Հայաստանի Հանրապետության սեփականությունը, բայց հողը միշտ է Հայաստանի Հանրապետության սեփականությունը։ Ինչի՞ հետ է կապված ժամկետների կարգավորումը՝ այդտեղ ներդրումներ են արվելու և ներդնողը պետք է ունենա որոշակի երաշխիք, որ իր ներդրումները հետ է ստանալու շահույթի որոշակի մարժայով: Եթե մենք ասենք, որ 5 տարով ենք տալիս այդ հողը, ոչ մեկ ներդրում չի անի, որովհետև անիրատեսական է 5 տարում այդքան ներդրած գումարը հետ ստանալը», — հայտարարել է նա:
Կառուցապատման իրավունքը երկարաժամկետ վարձակալության հատուկ ձև է, որի համաձայն ներդրողը ստանում է ոչ միայն օգտագործման համար նախատեսված հող, այլև լայն լիազորություններ՝ կառուցել, զարգացնել և շահագործել օբյեկտներ առանց լրացուցիչ պետական հաստատման; ինքնուրույն սահմանել տարանցիկ սակագներ և տասնամյակներ շարունակ ստանալ ենթակառուցվածքներից ստացված եկամուտները։ Ըստ էության, սա ռազմավարական միջանցքի նկատմամբ տնտեսական վերահսկողության փոխանցում է օտարերկրյա ընկերությանը՝ երկու կամ երեք սերնդի կյանքի տևողությանը համեմատելի ժամանակահատվածով։
Ռիսկերը Հայաստանի համար
Երկարաժամկետ կառուցապատման իրավունքների փոխանցումը օտարերկրյա ընկերությանը զգալի ռիսկեր է պարունակում Հայաստանի համար; Դրանք կապված են հիմնական ակտիվների և սահմանային տարածքների նկատմամբ վերահսկողության կորստի հետ: Ֆորմալ առումով, Հայաստանը պահպանում է հողի սեփականության իրավունքը, բայց գործնականում կառավարումը տասնամյակներ շարունակ փոխանցվում է ներդրողին՝ ստեղծելով երկրի կախվածությունը կորպորատիվ որոշումներից, սակագներից և աշխարհաքաղաքական շահերից:
99-ամյա վարձակալության պայմանագիրը հատկապես վտանգավոր է. այն փաստացիորեն մեկ դարով սառեցնում է տրանսպորտային միջանցքի նկատմամբ ինքնիշխանությունը: Ներդրողը կկարողանա արգելափակել այլընտրանքային հողօգտագործումը, թելադրել շահագործման պայմանները և ազդել տարածաշրջանային դինամիկայի վրա: Ադրբեջանի հետ լարված հարաբերությունների համատեքստում նման տարածքը կարող է դառնալ «մոխրագույն գոտի» օտարերկրյա վերահսկողության տակ՝ սրելով անվտանգության սպառնալիքները:
Նմանատիպ նախադեպեր եղել են, օրինակ Շրի Լանկայի Համբանտոտա նավահանգստի 99-ամյա վարձակալությունը Չինաստանին 2017 թվականին՝ «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնության (BRI) շրջանակներում: Նախագիծը սկզբում ընկալվում էր որպես տնտեսության խթանման հնարավորություն, բայց հանգեցրեց «պարտքային թակարդի». Չինաստանը վերահսկողություն ստացավ բաժնետոմսերի 70%-ի և 15,000 ակր հողի նկատմամբ՝ սահմանափակելով Շրի Լանկայի տարածաշրջանային քաղաքականության հնարավորությունները:
Ֆինանսական ասպեկտ
Ֆինանսական ռիսկերը սրում են իրավիճակը. փորձագետները գնահատում են, որ Հայաստանը կստանա տարանցիկ վճարների միայն մի մասը՝ ՀՆԱ-ի ոչ ավելի, քան 0.1%-ը, հատկապես, եթե երթևեկությունը սպասվածից ցածր լինի: Բացի այդ պետք է հաշվի առնել նաև այն հանգամանքը, որ երկարաժամկետ պայմանագրերը հաճախ ենթադրում են արբիտրաժ օտարերկրյա դատարաններում (Լոնդոն, Ժնև կամ Միացյալ Նահանգներ), որտեղ զարգացող երկրները պատմականորեն պարտվում են իրենց շահերի պաշտպանության հարցում:
Բնապահպանական ռիսկեր
Երկարաժամկետ կառուցապատման իրավունքը պարունակում է նաև բնապահպանական և սոցիալական խնդիրներ: Քանի որ ներդրողև ստանում է իրավունք կատարել կառուցապատման աշխատանքներ առանց կառավարության լրացուցիչ հաստատումների, բացվում են լայն հնարավորություններ պարզապես անտեսելու տեղական չափանիշները: Տեղի բնակիչները կարող են բախվել հարկադիր վտարման և արոտավայրերի կորստի, մինչդեռ երկարա-ամլետ կառուցապատման իրավունքը գործնականում անհնար է դարձնում մոնիթորինգը և շտկումները: Սահմանամերձ տարածքներում իր փխրուն էկոհամակարգով Հայաստանի համար նման սցենարները կարող են առաջացնել ոչ միայն բնապահպանական ճգնաժամ, այլև ներքին բողոք՝ խաթարելով սոցիալական կայունությունը:

