ՔՊ-ն այլևս «սովածների  կուսակցություն» չէ. Գնում է պայքար ֆինանսական հոսքերի վերահսկողության համար

ՔՊ-ն այլևս «սովածների  կուսակցություն» չէ. Գնում է պայքար ֆինանսական հոսքերի համար

Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն այժմ հանդես է գալիս որպես «ֆինանսական ռեսուրսների գեներացնող ուժ», ինչը անխուսափելիորեն առաջացնում է ներքին հակասություններ, որոնք անմիջականորեն կապված են այդ հոսքերի վերահսկողության հետ։ Այս մասին նշել է քաղաքագետ Արգիշտի Կիվիրյանը։

«Այնտեղ, որտեղ կենտրոնացված են ֆինանսական ռեսուրսները, միշտ ի հայտ են գալիս միմյանց հետ մրցակցող ազդեցության կենտրոններ, որոնք ձգտում են իրենց վերահսկողությունը հաստատել։ Ակնհայտ է, որ այսօրվա ՔՊ-ն այլևս «սովածների կուսակցություն» չէ, որը հույսը դնում էր բացառապես անդամավճարների վրա։ Այսօր ՔՊ-ն դարձել է բավականին «յուղոտ» կառույց և, ըստ էության, ժառանգել է Հանրապետականում ժամանակին գոյություն ունեցող ավանդույթները։ Հենց այդ պատճառով ՔՊ-ում կուսակցական ներկուսակցական հակամարտությունները գաղափարախոսական բնույթ չեն կրում, այլ հիմնականում էլիտաների միջև պայքար են։ Եվ ներկայիս ճգնաժամը վերջինը չէ։ Քանի դեռ կուսակցությունում շրջանառվում են լուրջ գումարներ, նման բախումներ պարբերաբար կառաջանան», — նշել է Կիվիրյանը։

Նշենք, որ ըստ մամուլի տեղեկությունների,  ԱԺ պատգամավոր Հայկ Սարգսյանը ՔՊ կուսակցության վարչությանը գրավոր պահանջ է ներկայացրել, որպեսզի Ալեն Սիմոնյանին հեռացնեն կուսակցությունից։ Այդ մասին նա օրեր առաջ պատմել է Կոտայքի մարզում տեղի ունեցած կուսակցության ժողովի ժամանակ, որին 100-ից ավելի մարդ էր ներկա եղել։

«Սկզբում բոլորս շոկի մեջ էինք, բայց երբ նա պատմեց, թե որն է պատճառը, ելույթից հետո բոլորը սկսեցին ծափահարել։ Երբ Հայկ Սարգսյանը օրենքի նախագիծ է գրել բուքմեյքերական ընկերությունների հարկերը բարձրացնելու համար, Ալեն Սիմոնյանը ջղայնացել է, քանի որ խաղադրույք ընդունող ընկերությունից ֆինանսական շահ ունի։ Նա սկսել է բացահայտ պատերազմել Սարգսյանի դեմ, վեճը հասել է մինչև Փաշինյանին, Սիմոնյանը պահանջել է նկատողություն տալ Սարգսյանին էթիկայի կանոնները խախտելու համար և կասեցնել օրենքի քվեարկությունը, բայց Փաշինյանը հանձնարարել է կողմ քվեարկել այդ օրենքին։», – 24News-ին փոխանցել է նիստին ներկա անձանցից մեկը, ով նախընտրեց անանուն մնալ։ Հայկ Սարգսյանը նաև տեսանյութեր է ուղարկել կուսակցության բոլոր անդամներին, որտեղ իր ասածները հիմնավորում է փաստերով։

Հայկ Սարգսյանը ո´չ հերքում է, ո´չ էլ հաստատում է տեղեկությունը՝ խոստանալով, որ կուսակցության վարչության ընտրություններից հետո անպայման կպատասխանի մեր բոլոր հարցերին:

Scroll to Top