VECTORS-ի հարցերին պատասխանում է Ժողովրդի հավասարության և ժողովրդավարության կուսակցության (DEM) ՝ Եվրոպական հաստատություններում ներկայացուցիչ Ֆայիկ Յաղըզայը (Strasbourg):
Օջալանի՝ զինաթափման կոչը։ Ձեր կարծիքով՝ սա նրա կամովին ընդունա՞ծ որոշումն էր, թե՞ ճնշման արդյունք։
Իհարկե, կամավոր էր։ Այո, նա բանտարկված է, մեկուսացված՝ մի կղզում, որը գտնվում է թուրքական պետության վերահսկողության տակ։ Բայց նրա միտքը և կամքը երբեք պետության կողմից չեն վերահսկվել։ Նա մնացել է ազատ ոգով։ Օջալանը ուշադիր հետեւում է ներկա քաղաքական իրավիճակին և շատ լավ գիտակցում է, որ զինված պայքարի շարունակումը այլեւս քաղաքական օգուտներ չի տալիս։ Ընդհակառակը՝ այն միայն ժամանակ, մարդկային կյանքեր ու ռեսուրսներ է կուլ տալիս։Այդ պատճառով էլ նա ընտրեց այս ուղին։ Ես լիովին վստահ եմ, որ սա նրա սեփական որոշումն է։
Իրաքյան Քրդստանի նկատմամբ շարունակվող հրետակոծությունների պայմաններում որքանո՞վ է իրատեսական հետևել այդ կոչին։ Ձեր կարծիքով՝ նման իրավիճակում հնարավո՞ր է լիակատար զինաթափում։
Իհարկե, սա լուրջ մարտահրավեր է։ Մի կողմից՝ կա հստակ ցանկություն դադարեցնելու հակամարտությունը։ Օջալանը կոչ է անում PKK-ին՝ ինքնալուծարվել, դնել զենքերը և պայքարը տեղափոխել քաղաքական դաշտ։ Սակայն մյուս կողմից՝ թուրքական պետությունը շարունակում է իր ռազմական գործողությունները՝ հրետակոծություններ և ներխուժումներ Իրաքյան Քրդստանում։ Սա լուրջ խոչընդոտ է և ընդգծում է ամենամեծ խնդիրը. իրական խաղաղ գործընթացը տեղից չի շարժվում։ Մենք գործ ունենք հակասության հետ. մի կողմից՝ շարունակվում են ռազմական գործողությունները, մյուս կողմից՝ խաղաղության ուղղությամբ որևէ էական քայլ չկա։ Օջալանն ակնհայտորեն կոչ է անում թուրքական պետությունը գործել, բայց մինչ այժմ բոլոր նախաձեռնությունները գալիս են հենց իր կողմից կամ PKK-ից։ Պետությունը որևէ քայլ չի ձեռնարկել։
Սա միակողմանի զիջում է թվում։ Ակնհայտ է, որ վստահություն չկա, հատկապես այն պայմաններում, երբ թուրքական կողմում ոչինչ չի փոխվել։ Կարծում եք՝ այս իրավիճակը կարող է նոր քրդական առաջնորդի առաջացման պատճառ դառնալ։
Ո՛չ, դա քիչ հավանական է։ Քրդերի ճնշող մեծամասնությունը աջակցում է Օջալանին։ Նրանք ընդունել և ողջունել են նրա որոշումը։ Քրդստանի ողջ տարածքում մարդիկ ուրախությամբ ընդունեցին նրա խաղաղության կոչը։ Քրդական պայքարը շարունակվում է արդեն ավելի քան 40 տարի։ Թեեւ մենք չենք կարող ասել, որ ամբողջական անկախություն ենք ձեռք բերել՝ ինչը սկզբնապես PKK-ի նպատակն էր, սակայն մենք հասել ենք շատ կարեւոր նվաճումների։ Ամենակարեւորը՝ մենք վերջ ենք դրել ժխտման քաղաքականությանը։ Անցյալում թուրքական պետությունն ընդհանրապես հրաժարվում էր ընդունել քրդերի գոյությունը։ Նրանք հայտարարում էին, որ Թուրքիայում քրդեր չկան, կան միայն այսպես կոչված «լեռնային թուրքեր»։ Նրանք ժխտում էին քրդերեն լեզվի գոյությունը՝ պնդելով, թե դա ընդամենը այլ լեզուների բարբառ է։
Այդ ժամանակաշրջանը ավարտված է։ Քուրդ ժողովուրդի գոյությունը իրականություն է, և այդ իրականությունը ճանաչվում է։ Սա ինքնին մեծ նվաճում է։ Ճիշտ է, Թուրքիայի սահմանադրության եւ պետական կառույցների մակարդակով քրդերենը մինչ օրս չի ճանաչվում որպես կրթության լեզու, սակայն այսօր Թուրքիայում այլեւս ոչ ոք չի համարձակվում պնդել, թե քրդերը գոյություն չունեն։ Սա չափազանց կարեւոր է։ Այլ օրինակ է՝ մեր կուսակցությունը, որն այժմ հավաքում է 10 տոկոսից ավելի քվե։ Նորմալ ժողովրդավարական պայմաններում մենք կունենայինք ավելի շատ ձայներ՝ գուցե 15, նույնիսկ՝ 20 տոկոս։ Սա այդ պայքարի ամենակարեւոր ձեռքբերումներից մեկն է։
Բացի այդ, փոխվել է նաեւ քրդական հասարակությունը։ Մինչ PKK-ի հայտնվելը, քրդական հասարակությունը շատ ֆեոդալական էր, նահապետական։ Իսկ հիմա կարող եմ ասել, որ Մերձավոր Արեւելքում քրդերը համարվում են ամենալիբեռալ ու առաջադեմ համայնքներից մեկը՝ պաշտպանելով կանանց իրավունքները, գենդերային հավասարությունը, փոքրամասնությունների իրավունքները եւ կրոնական ազատությունը։ Այս ամենը հնարավոր է դարձել PKK-ի շնորհիվ, որը արմատապես փոխեց հասարակությունը։ Այսօր քրդերը շատ ավելի ինքնավստահ են, շատ ավելի կազմակերպված։
Օրինակ՝ Ռոժավայում այժմ ունենք փաստացի ինքնավարություն, ինչը նույնպես PKK-ի պայքարի արդյունք է։ Կարող եմ վստահ ասել, որ նույնիսկ Իրաքում՝ եթե չլիներ PKK-ի ազդեցությունը, ո՛չ Բարզանին, ո՛չ Թալաբանին չէին ունենա այն ինքնավար կարգավիճակը, որը հիմա ունեն։ Պարադոքսալ է, բայց նույնիսկ PKK-ին ճնշելու իր փորձերում թուրքական պետությունը փաստացի աջակցել է այդ ինքնավարությանը՝ տարբեր ուղիներով։ Այս իմաստով կարելի է ասել, որ դա եւս PKK-ի պայքարի արդյունք է։ Այսպիսով, PKK-ն մեծ նվաճումներ է գրանցել՝ Թուրքիայի սահմաններից դուրս էլ։
Այսուհետ, ինչպես նշել է Օջալանը, այդ ձեռքբերումները պահպանելու եւ ամրապնդելու համար այլեւս պարտադիր չէ պայքարել Թուրքիայի ներսում։ Պայքարը կարող է շարունակվել խաղաղ ու ժողովրդավարական միջոցներով։ Ի տարբերություն Սիրիայի, Իրանի կամ Իրաքի՝ Թուրքիան ՆԱՏՕ-ի, Եվրոպայի խորհրդի անդամ է եւ Եվրամիության թեկնածու երկիր։ Պաշտոնապես Թուրքիան համարվում է ժողովրդավարական պետություն, քանի որ պատկանում է այդ կազմակերպություններին։ Թեեւ իրականում դա վիճարկելի է, սակայն մենք հավատում ենք, որ այժմ հնարավոր է մեր նպատակներին հասնել խաղաղ, ժողովրդավարական եւ խորհրդարանական ճանապարհով։ Զենքի միջոցով պայքարելու կարիք չկա։ Դա իրատեսական է։
Սակայն այժմ թուրքական պետությունն ասում է, թե Օջալանի զինաթափման կոչը վերաբերում է Սիրիայում, Իրանում եւ այլուր ապրող քրդերին՝ ինչը պարզապես սուտ է։ Պարոն Օջալանը անձամբ ասել է, որ Սիրիայում քրդերի համար զինաթափվելը գործնականում անհնար է։ Այսօր Սիրիայի քրդերը շարունակում են կռվել «Իսլամական պետության» դեմ։ Ռոժավայի գոյությունն իսկական վտանգի տակ է։ Իրաքում իրավիճակն այս պահին մի փոքր ավելի կայուն է՝ դաշնային համակարգի շնորհիվ։ Բայց մնացած բոլոր տարածաշրջաններում վտանգը մնում է ծայրահեղ բարձր։ Իսկ Թուրքիայում, ինչպես նշեցի, եթե երկիրը իսկապես դեմոկրատացվի՝ ինչը պետք է բնական լինի, եթե Թուրքիան ուզում է համարվել Արեւմտյան աշխարհի մաս, ապա, որպես Եվրոպայի խորհրդի անդամ, այն պարտավոր է հետեւել այն սկզբունքներին, որոնց ենթարկվում են մնացած անդամները։
Բայց Թուրքիան արդեն տասնամյակներ շարունակ Եվրոպայի խորհրդի անդամ է, եւ ոչինչ չի փոխվել… Ունե՞ք գործող ծրագիր։ Ինչպե՞ս եք պատրաստվում արձագանքել Թուրքիայի կողմից Իրաքյան Քրդստանի ռմբակոծություններին։
Մենք կապի մեջ ենք ընդդիմադիր շրջանակների հետ եւ կոչ ենք անում թուրքական կառավարությանը դադարեցնել ռմբակոծությունները։ Եթե ուզում ենք, որ խաղաղության գործընթացը հաջողվի, սա պետք է ավարտվի։ Մի կողմում ռմբակոծություն, մյուս կողմում՝ զինաթափման կոչեր՝ այս հակասությունը ոչ մի արդյունքի չի բերի։ Դա պարզապես խափանում է գործընթացի տրամաբանությունը։ Եթե ցանկանում ենք, որ այն առաջ շարժվի, Թուրքիան պետք է դադարեցնի ռազմական գործողությունները եւ անցկացնի իրավական բարեփոխումներ։ Պետք են օրենքներ, որոնք երաշխավորում են, որ զենքը վայր դրած մարդիկ կարող են վերադառնալ Թուրքիա առանց բանտարկման, մահապատժի կամ հետապնդման վախի։ Սա խաղաղ գործընթացի նվազագույն նախապայմանն է։
Թուրքական պետությունն ասում է, թե այս գործընթացում չկան նախապայմաններ, բանակցություններ կամ առեւտուր, բայց իրականում կան հստակ սկզբունքներ, առանց որոնց հնարավոր չէ խաղաղություն հաստատել։ Թուրքիան պետք է փոխի այն պայմանները, որոնք ձեւավորվել են Օջալանի շուրջ, ով այսօր վերահսկում է այս գործընթացը։ Նա պետք է ազատ արձակվի եւ լիարժեքորեն ներգրավվի գործընթացին։ Եվս մեկ առանցքային խնդիր են Թուրքիայում պահվող հազարավոր քաղբանտարկյալները։ Օրինակ՝ մեր կուսակցության նախկին համանախագահներ Սելահաթթին Դեմիրթաշը, Ֆիգեն Յուքսեքդաղը, ինչպես նաեւ նախկին քաղաքապետեր ու խորհրդարանի անդամներ՝ ոչ միայն HDP-ից, այլեւ այլ ընդդիմադիր կուսակցություններից՝ դեռեւս բանտում են։ Նույնիսկ CHP-ի նախագահի թեկնածուն՝ Էքրեմ Իմամօղլուն եւ Ստամբուլի քաղաքապետը՝ նույնպես։ Բոլոր քաղբանտարկյալները պետք է ազատ արձակվեն։
Այսինքն՝ կա հստակ նախապայման ․․․
Սա հստակ նախապայման է մեզ համար։ Բայց նախքան այդ նախապայմանները պաշտոնապես ներկայացնելը, Օջալանը արդեն որոշ քայլեր է ձեռնարկել։ Նա ցույց է տվել իր պատրաստակամությունը, արել է առաջին շարժումները՝ ի նշան գործընթացին իր լուրջ վերաբերմունքի։ Այժմ մենք սպասում ենք՝ տեսնելու, թե ինչպես կարձագանքի Թուրքիան։ Օջալանը կոչ արեց PKK-ին ինքնալուծարվել՝ եւ նրանք լուծարվեցին։ Նա կոչ արեց զինաթափվել՝ եւ նրանք սկսեցին զենքը վայր դնել։ Այժմ, երբ PKK-ն կատարել է իր պարտականությունը, պատասխանատվությունն ընկնում է Թուրքիայի վրա։ Հիմա հերթը Թուրքիայինն է՝ ձեռնարկել կոնկրետ քայլեր։ Մինչեւ այդ՝ մենք պարզապես սպասում ենք։
Եթե ոչինչ չփոխվի, հնարավո՞ր է փոխեք մարտավարությունը եւ վերադառնաք զինված պայքարի։
Այս հարցը ներկայումս ակտիվ քննարկվում է։ Այս շաբաթ խորհրդարանում ընթանում են քննարկումներ՝ հատուկ հանձնաժողով ստեղծելու վերաբերյալ, որն ամբողջությամբ կենտրոնանալու է այս խնդրի վրա՝ ինչպես առաջ շարժվել, եւ ինչ գործնական քայլեր պետք է ձեռնարկի թուրքական պետությունը։ Մենք այս հանձնաժողովի ձեւավորումը համարում ենք դրական առաջընթաց։ Դրանում ընդգրկված կլինեն խորհրդարանի բոլոր քաղաքական ուժերի ներկայացուցիչներ։ Ընդդիմության ներգրավվածությունը, կարող է ճանապարհ հարթել ավելի հավասարակշռված բանակցությունների համար։ Միայն մեկ կամ երկու ծայրահեղ աջակողմյան կուսակցություններ հրաժարվել են մասնակցել հանձնաժողովի աշխատանքին։ Բայց սա լուրջ խնդիր չէ՝ ոչ անսպասելի քայլ է, ոչ էլ գործընթացի համար ճակատագրական խոչընդոտ։
Ի՞նչ եք ակնկալում այս հանձնաժողովից։
Մենք ակնկալում ենք, որ հանձնաժողովը խորհրդարանին առաջարկելու է օրենսդրական բարեփոխումներ՝ մասնավորապես, օրենքների փոփոխություն, որոնք հնարավորություն կտան զենքը վայր դրած անձանց վերադառնալ Թուրքիա՝ առանց բանտարկվելու վտանգի։ Մենք նաեւ հույս ունենք, որ առաջընթաց կլինի Օջալանի կարգավիճակի հարցում։ Լավագույն դեպքում հնարավոր կլինի քննարկել ընդհանուր համաներման հարցը, որպեսզի աքսորում գտնվող բոլոր մարդիկ կարողանան ազատ վերադառնալ։ Այս հանձնաժողովը կարող է նման առաջարկություններ ներկայացնել խորհրդարանին, եւ արդեն այնտեղ՝ խորհրդարանն ու կառավարությունը պիտի որոշեն՝ ընդունել դրանք, թե ոչ։
Բուն հակամարտությունը դադարեցնելուց բացի, մենք հույս ունենք, որ հանձնաժողովը կանդրադառնա խնդրի խորքային պատճառին՝ քրդական հարցին։ Սա ներառում է հնագույն պահանջներ, ինչպես օրինակ քրդերենի ճանաչումը որպես կրթության լեզու։ Մենք չենք ասում, որ այն պետք է փոխարինի թուրքերենին, բայց գոնե պետք է հնարավորություն տրվի ընտրելու քրդերենը դպրոցներում՝ հատկապես այն շրջաններում, որտեղ քրդերը մեծամասնություն են կազմում։ Այսօր Թուրքիայում կան դպրոցներ, որտեղ կրթությունը լիովին անցկացվում է անգլերենով կամ ֆրանսերենով։ Ինչո՞ւ է քրդերենը առանձնահատուկ վերաբերմունքի արժանանում։ Քրդստանի որոշ շրջաններում քրդերենով կրթությունը պետք է հնարավոր լինի։ Սա կլինի Թուրքիան ժողովրդավարացնելու իրական քայլ։
Այս հարցերում Եվրոպայի խորհրդից արդեն բազմաթիվ առաջարկություններ կան Թուրքիայի հասցեին՝ սկսած փոքրամասնությունների լեզուների օգտագործումից մինչեւ տեղական ինքնակառավարման սկզբունքներ։ Թուրքիան մի շարք կոնվենցիաներ է ստորագրել Եվրոպայի խորհրդի շրջանակում։ Եթե Թուրքիան լիովին համապատասխանի այդ չափանիշներին, մենք հավատում ենք, որ շատ բան կփոխվի երկրի ներսում։
PKK-ի պայքարը վաղուց արդեն փոխել է քրդական հասարակությունը՝ ժողովրդավարական ուղղությամբ։ Ինչպես Օջալանն է նշել իր փետրվարի 27-ի հայտարարության եւ վերջին ուղերձի մեջ՝ երբ PKK-ն սկսեց իր պայքարը, աշխարհը բաժանված էր երկու բլոկի միջեւ՝ Խորհրդային եւ ՆԱՏՕ-ական։ Բայց ԽՍՀՄ-ի փլուզումից հետո՝ 1991-ին, ամբողջ աշխարհակարգը փոխվեց։ Այդ պահից սկսած, Օջալանը ձգտում է խաղաղության թուրքական պետության հետ՝ ոչ թե ձգտելով ստեղծել անկախ սոցիալիստական Քուրդիստան, այլ ժողովրդավարական լուծում՝ Թուրքիայի ներսում։ Արդեն 1993 թվականից սկսած, Օջալանը մի շարք փորձեր է արել՝ խաղաղության հասնելու համար, սակայն, ցավոք, Թուրքիան պատրաստ չէր։
Թուրքական կառավարությունները որոշ փորձեր արեցին՝ վերջին անգամ 2013-ից 2015 թվականներին, սակայն դրանք չհաջողվեցին։ Մեկ հիմնական պատճառներից այն էր, որ Էրդողանը փորձեց գործընթացը վարել միայն իր կառավարության միջոցով՝ չներառելով հասարակության ավելի լայն շրջանակներ։ Մենք բազմիցս հորդորեցինք նրան ներգրավել բոլոր կողմերին, քանի որ Թուրքիայի համար խաղաղությունը հնարավոր է միայն ազգային կոնսենսուսի միջոցով։ Ցավոք, այդ գործընթացը տապալվեց։
Սակայն այս անգամ իրավիճակը ուրիշ է։ Գործընթացին ներգրավված է ոչ միայն Էրդողանը, այլ նույնիսկ ամենամեծ ազգայնական կուսակցությունը՝ MHP-ն՝ Դևլեթ Բահչելիի գլխավորությամբ։ Սա մեզ հույս է տալիս։ Նույնիսկ CHP-ն, որը նախկինում մերժում էր խաղաղության գործընթացը, այժմ աջակցություն է ցուցաբերում։ Ընդհանուր առմամբ, կարելի է ասել, որ ներկայումս խորհրդարանում ներկայացված քաղաքական ուժերի շուրջ 90 տոկոսը աջակցում են այս գործընթացին։ Ուստի այո՝ մենք հավատում ենք, որ այս անգամ հաջողությունը հնարավոր է։
Ձեր հիմնական պահանջները վերաբերում են հավասար իրավունքներին եւ բարեփոխումներին, բայց ինչ կասեք ինքնորոշման իրավունքի մասին։ Սա է՞լ է ձեր օրակարգում։
Այս գործընթացն ունի երկու հիմնական փուլ։ Առաջինը՝ դադարեցնել ռազմական գործողությունները եւ երաշխավորել, որ զինված պայքարը չի վերադառնա։ Երկրորդը՝ քաղաքական լուծում տալ քրդական հարցին։ Բայց սա միայն քրդերին չվերաբերող հարց չէ. դրա հիմքում Թուրքիայի ժողովրդավարացումն է։ Եթե Թուրքիան իսկապես դառնա ժողովրդավարական պետություն՝ հիմնված ժողովրդավարական արժեքների եւ սկզբունքների վրա, մենք հավատում ենք, որ քրդական ժողովրդի պահանջների մեծ մասը կբավարարվի բնականոն ճանապարհով։ Եվ ոչ միայն քրդերի. Թուրքիայում կան նաեւ այլ փոքրամասնություններ՝ ասորիներ, հայեր, եզդիներ եւ ուրիշներ։ Այս համայնքների շատերը քրդերից փոքր են թվաքանակով եւ ենթարկվել են ուժեղ ասիմիլացիայի, սակայն նրանք եւս պետք է ունենան իրենց լեզուների, մշակույթի եւ ինքնության պաշտոնական ճանաչում եւ պաշտպանություն։
Այս փուլում մենք պահանջում ենք միայն հիմնական, հստակ քայլեր, որոնք հնարավորություն կտան խաղաղ գործընթացի առաջընթացին։ Զենքը վայր դրած անձինք պետք է հնարավորություն ստանան վերադառնալու Թուրքիա եւ մասնակցելու ժողովրդավարական քաղաքական գործընթացին՝ առանց բանտարկման կամ մահապատժի վախի։ Պարոն Օջալանը պետք է ազատ արձակվի եւ կարողանա ուղղակիորեն մասնակցել գործընթացին։ Բայց ամենակարեւորը՝ պետք է լուծվի այս ամենի արմատական պատճառը՝ քրդական հարցը։ Առանց դրա՝ միշտ կլինի վտանգ, որ կծնվեն նոր շարժումներ, գուցե ավելի ուժեղ կամ ծայրահեղ, քան PKK-ն։ Պատերազմը դադարեցնելը բավարար չէ։ Քրդական ժողովրդի համար պետք է գտնվի քաղաքական լուծում, հատկապես հաշվի առնելով, որ նրանք բաժանված են չորս պետությունների միջեւ։
Դուք պատկերացնո՞ւմ եք, որ չորս քրդական համայնքները միավորվեն ինչ-որ կերպ, չնայած իրենց տարբեր իրողություններին։
Սկզբում Օջալանն ու PKK-ն նպատակ ունեին ստեղծել միավորված, անկախ, սոցիալիստական Քուրդիստան՝ համախմբելով Թուրքիայում, Սիրիայում, Իրաքում եւ Իրանում ապրող քրդերին։ Դա էր զինված պայքարի սկզբնական ռազմավարությունը։ Սակայն Խորհրդային Միության փլուզումից եւ տասնամյակների պայքարից հետո PKK-ն գիտակցեց, որ իրադրությունը փոխվել է։ Այդ տեսլականին հասնելն այլեւս իրատեսական չէր։
Այսօր Օջալանի փիլիսոփայությունը լիովին մերժում է ազգային պետության մոդելը։ Նրա կարծիքով՝ հենց ազգ-պետությունն է խնդրի աղբյուրը՝ այն համակարգը, որը գերակշռում է Ֆրանսիական հեղափոխությունից ի վեր։ Այսօր աշխարհում ոչ մի ազգ-պետություն միատարր բնակչություն չունի։ Սահմանների ներսում միշտ ապրում են տարբեր ժողովուրդներ։ Ազգային պետություններն, ի վերջո, փորձում են կամ ասիմիլացնել, կամ ճնշել փոքրամասնություններին՝ ստիպելով բոլորին ընդունել նույն ազգային ինքնությունը, ինչպես տեսնում ենք Թուրքիայի դեպքում։ Բռնապետական ռեժիմներում դա վերածվում է ուղղակի բռնաճնշումների։ Ժողովրդավարական երկրներում իրավիճակը համեմատաբար լավ է, բայց խնդիրներ այնտեղ էլ կան։
Եթե Թուրքիան դառնա իսկական ժողովրդավարություն, մենք հավատում ենք, որ կարելի է համատեղ գոյակցել առանց առանձին քրդական պետություն ստեղծելու։ Փոքրաթիվ փոքրամասնություններն արդեն իսկ զգալիորեն ասիմիլացվել են եւ գուցե չեն պահանջում լեզվական կամ մշակութային իրավունքներ։ Բայց քրդերը տարբեր են։ Մենք Թուրքիայում առնվազն 25-30 միլիոն ենք, աշխարհում՝ 50-60 միլիոն։ Մենք չենք ասիմիլացվել։ Մեր լեզուն, մշակույթը, ինքնությունն առկա են։ Բացի այդ՝ մենք ապրում ենք որոշակիորեն համախմբված տարածաշրջանում։ Ուստի խնդիրը չի կարելի սահմանափակել միայն մշակույթի ու լեզվի շրջանակում։ Խնդիրը համակարգային է՝ Թուրքիայի չափազանց կենտրոնացված պետական կառույցը։ Բոլոր որոշումները կայացվում են Անկարայում, որը տեղյակ չէ տեղական կարիքներից։ Նույնիսկ երբ քրդերն ընտրում են իրենց քաղաքապետերին ու տեղական խորհուրդներին, իշխանությունները նրանց հեռացնում են, բանտարկում ու փոխարենն նշանակում պետական հոգաբարձուներ։ Սա հենց ժողովրդավարության հիմքն է քանդում։
Բայց խորհրդարանից բացի՝ քաղաքացիական հասարակությունը եւս պետք է ունենա ձայն։ ՔՀԿ-ները, տեղական համայնքներն ու Թուրքիայի հասարակության տարբեր հատվածները՝ բոլորը տուժում են այս հակամարտությունից եւ պետք է ներգրավված լինեն երկխոսության մեջ։ Պատերազմը ազդում է բոլորի վրա, ոչ միայն քրդերի։ Անհրաժեշտ է լայն, ներառական գործընթաց։
Այս անգամ ես ավելի հուսադրված եմ։ Թեկուզ Էրդողանը երկմտի, այժմ դա միայն նրա քաղաքական կամքը չէ՝ դա ամբողջ պետական համակարգի որոշում պետք է լինի։ Պետությունը պետք է մտածի ոչ թե Էրդողանի քաղաքական ապագայի, այլ Թուրքիայի ապագայի մասին։ Հենց այդ պատճառով ես այսօր ավելի, քան երբևէ, հավատում եմ, որ խաղաղությունը հնարավոր է։

