Ապաշրջափակման ամերիկյան սցենար. հնարավորություն, թե՞ վտանգավոր խաղ 

Ամերիկյան սցենարով հաղորդակցությունների ապաշրջափակման քննարկումների համատեքստում Հայաստանը հայտնվել է աշխարհաքաղաքական հակամարտության էպիկենտրոնում, որտեղ յուրաքանչյուր քայլ կարող է ծնել նոր խնդիրներ ու նոր թշնամիներ։ Ռուսաստանն ու Իրանը՝ երկու ռազմավարական դերակատարներ, որոնք տասնամյակներ շարունակ ձևավորել են ուժերի բալանսը Հարավային Կովկասում, մտահոգությամբ են հետևում ԱՄՆ-ի հնարավոր ներգրավվածության խորացման հեռանկարներին։ Այդ մտահոգությունն, ի դեպ, զուրկ չէ հիմքերից։

Պաշտոնական Թեհրանը արդեն բազմիցս ընդգծել է՝ ցանկացած ձևաչափ, որը թուլացնում է հայ-իրանական կապը, դիտարկվում է որպես սպառնալիք։ Իրանը կտրականապես դեմ է «Զանգեզուրի միջանցքին» դրա արտատարածքային տարբերակով։ Բայց երբ խոսքը գնում է ենթակառուցվածքների մասին, որոնք գտնվում են ԱՄՆ-ի կամ արեւմտամետ կառույցների վերահսկողության տակ, Իրանի մտահոգությունները էլ ավելի սրվում են։ Այստեղ խոսքը հիմնականում Իրանի անվտանգությանը սպառնալիքների մասին է` երթուղու անվտանգությունը ապահովող  զինված մարդկանցից, թեկուզ և նրանք հանդիսանան մասնավոր ընկերության ներկայացուցիչներ։ Սա չի կարող չանհանգստացնել Իրանինմ, հատկապես, երբ այս մասնավոր ընկերության ետևում կանգնած են Միացյալ Նահանգները։

Ավելին, այն սցենարը, որի դեպքում Իրանը դուրս է մնում տարանցիկ շղթայից, իսկ բոլոր հոսքերը գնում են Կասպից ծովից դեպի Թուրքիա՝ շրջանցելով Իրանը, չափազանց անբարենպաստ է Թեհրանի համար։ Իրանը նման զարգացումները դիտարկում է որպես գեոտնտեսական մեկուսացում և կփորձի որևէ կերպ ներգրավվել այդ լոգիստիկ ճարտարապետության մեջ՝ կամ/և ճնշման միջոցով, կամ/և սեփական նախաձեռնություններով։

Մոսկվայի համար խնդիրն այս դեպքում վերաբերում է ոչ միայն աշխարհագրությանը, այլև խորհրդանշական հարթությանը։ Հարավային Կովկասը Ռուսաստանի ավանդական ազդեցության գոտին է։ Կոմունիկացիաների ապաշրջափակումը առանց Ռուսաստանի ակտիվ մասնակցության, հատկապես Երևանի հետ հարաբերությունների սառեցման ֆոնին, ընկալվում է որպես Ռուսաստանի դուրս մղման փորձ տարածաշրջանից։ Ավելին, «ամերիկյան սցենարի» տրամաբանության մեջ Մոսկվան տեսնում է հստակ քաղաքական ուղերձ․ Արևմուտքը ներխուժում է մի տարածաշրջան, որը Ռուսաստանի տիրույթում է։

Ռուսաստանի պատասխանը կարող է լինել բազմաշերտ․ ճնշում Հայաստանի վրա՝ էներգետիկ կամ առևտրատնտեսական ուղղություններով, տեղեկատվական արշավի ակտիվացում,այդ թվում նաև Հայաստանի ռուսամետ խմբերի միջոցով, որոնք կքննադատեն ամերիկյան սցենարը անկախ վերջնական տարբերակի տեսքից և նույնիսկ դրական կողմերով հանդերձ, եթե այդպիսիք իհարկե լինեն։

Միևնույն ժամանակ, Մոսկվան կարող է առաջ մղել իր սեփական ապաշրջափակման տարբերակը՝ ԵԱՏՄ հարթակում կամ «խաղաղարարական համակարգման» ձևաչափով, որտեղ հիմնական դերակատարները կլինեն ռուսական կառույցները։ Այս «պատասխան» սցենարը կդրվի ամերիկյան տարբերակի դիմաց՝ Հայաստանը կանգնեցնելով ռազմավարական ընտրության առաջ։

Այս իրավիճակում Երևանը հայտնվում է ընտրության առաջ, որի էությունը ոչ միայն և ոչ այնքան տնտեսական է, որքան աշխարհաքաղաքական։ Սա աշխարհաքաղաքական հավատարիմության և անվտանգության ապագա մոդելի հարց է։

Կարո՞ղ է Հայաստանը շահել այս գործընթացից։ Այո, կարող է։ Բայց միայն այն պայմանով, որ գործի նրբանկատ և ռազմավարական ձևով։ Սա նշանակում է՝ չդառնալ Իրան-Ռուսաստան հակադրության կիզակետը, այլ նրանց ներգրավել որպես նախագծերի շահագրգիռ կողմերի։ Հայաստանը պետք է առաջ մղի ներառական հաղորդակցական ճարտարապետություն, որտեղ յուրաքանչյուր խաղացող՝ Հնդկաստանից մինչև Արաբական Միացյալ Էմիրություններ, կարող է գտնել իր տեղը։

Պետք է կարողանալ այս նախագիծը գործընկերներին ներկայացնել ոչ թե որպես «ամերիկյան», այլ որպես «հայկական իր էությամբ և միջազգային իր ձևաչափով»։ Իսկ ամենակարևորը՝ Հայաստանը պետք է պահպանի վերահսկողությունը հաղորդակցությունների նկատմամբ։

Այսօր Հայաստանը կանգնած է բացառիկ վտանգի բայց և հնարավորության առջև։ Չիշտ գործելու դեպքում հնարավոր է  ոչ միայն ապահովելու ապաշրջափակումը, այլև վերաձևակերպելու իր դերը տարածաշրջանում։ Բայց դա կպահանջի մեծագույն դիվանագիտական ճկունություն։ Ցանկացած կողմնակալություն՝ ԱՄՆ-ի, Ռուսաստանի կամ Իրանի նկատմամբ, ընկալվելու է որպես ինչ-որ մեկի շահերի դեմ հարված։

Նման պարագայում՝ ողջ մնալն ու հաղթելը նշանակում է չընտրել կողմ, ստեղծել հավասարակշռություն՝ ապահովելով, որ Հայաստանը լինի ոչ թե օբյեկտ, այլ տարածաշրջանային ճարտարապետության սուբյեկտ։

Scroll to Top