Ռուսական սահմանափակումները հարվածում են գյուղատնտեսությանը․ 12% անկում

Ռուսաստանի կողմից Հայաստանի նկատմամբ կիրառվող առևտրային սահմանափակումները կարող են ունենալ թիրախային և զգալի ազդեցություն հատկապես գյուղատնտեսական այն ոլորտների վրա, որոնք առավել կախված են ռուսական շուկայից։ Թեև ընդհանուր տնտեսության համեմատ խոսքը մեծ ծավալների մասին չէ, սակայն դրանց հետևանքների կենտրոնացումը մարզերում, դարձնում է սահմանափակումները սոցիալապես զգայուն։ Այս մասին նախկին փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանը։

Գաբրիելյանի խոսքով՝ ռուսական սահմանափակումները հատկապես ցավոտ են այն պատճառով, որ դրանք ուղղված են ոչ միայն արտահանման ընդհանուր ծավալներին, այլ կոնկրետ արտադրական շղթաների։ «Թեև ընդհանուր տնտեսության մեջ ծավալային առումով դրանք էական չեն՝ խոսքը մոտավորապես 500-600 միլիոն դոլարի մասին է, սակայն որպես կոնցենտրացիա՝ հատկապես Արարատյան դաշտի, Արմավիրի և Արարատի մարզերի համար ազդեցությունը բավական մեծ է»,– նշել է նա։

Նրա խոսքով՝ հիմնական խնդիրն այն է, որ ռուսական շուկա է արտահանվում Հայաստանի գյուղատնտեսական արտադրանքի զգալի մասը՝ պահածոներ, վերամշակված սնունդ և այլ ապրանքներ։  Վիճակագրական կոմիտեի վերջին տվյալներով՝ 2025 թվականի հունվար-հունիս ամիսներին Հայաստանի գյուղատնտեսության ոլորտում արձանագրվել է շուրջ 12 տոկոս անկում՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ։

Գաբրիելյանի գնահատմամբ՝ անկման հիմնական պատճառներից մեկը կարող են լինել հենց ռուսական սահմանափակումները։ «Առաջին ընթերցմամբ կարելի է ասել, որ ամենայն հավանականությամբ դա պատժամիջոցների արդյունքն է։ Մեր գյուղատնտեսության, հատկապես բուսաբուծության ոլորտի, ինչպես նաև կաթնամթերքի հիմնական շուկան Ռուսաստանն է»,– նշել է նա։ Միաժամանակ նա ընդգծել է, որ վերջնական գնահատականների համար անհրաժեշտ են ավելի մանրամասն տվյալներ, որոնք հասանելի կլինեն մի քանի ամիս անց։

Հայաստանի կառավարությունը փորձում է ուղղել ռուսական շուկայի համար  նախատեսված ապրանքների արտահանումը դեպի այլ ուղղություններ՝ Եվրոպա, Մերձավոր Արևելք և Կենտրոնական Ասիա։ Սակայն Գաբրիելյանի գնահատմամբ՝ կարճ ժամանակում դա իրականացնել հնարավոր չէ։ «Խնդիրը ոչ թե այն է՝ կառավարությունը ճիշտ է անում, թե սխալ։ Խնդիրը ժամանակի մեջ է։ Ժամանակային առումով դա անհնար է անել»,– նշել է նա։

Նրա խոսքով՝ նույնիսկ եթե Հայաստանը ստանա ազատ առևտրային ռեժիմի լրացուցիչ հնարավորություններ, դա ինքնին չի լուծի խնդիրը։ Օրինակ՝ եվրոպական շուկա հայկական արտադրանքի մուտքի համար միայն մաքսատուրքերի բացակայությունը բավարար չէ։ Անհրաժեշտ է հասկանալ՝ արդյոք հայկական արտադրանքը մրցունակ է գնի, որակի, արտադրական տեխնոլոգիաների և մատակարարման ծախսերի առումով։ «Դրան պետք է ավելացնել նաև մարքեթինգի ծախսերը, ապրանքի ճանաչելիությունը և շուկայի առանձնահատկությունները»,– ասել է նա։

Գաբրիելյանը օրինակ է բերել հայկական կոնյակը՝ նշելով, որ Ռուսաստանում տարիների ընթացքում ձևավորվել էր «արմյանսկի» հասկացությունը, որը շատերի համար ասոցացվում էր կոնյակի հետ։ Սակայն եվրոպական շուկաներում նման ճանաչելիություն չկա։ «Եվրոպայում մարդիկ պարզապես չգիտեն այդ ապրանքի մասին, և անհրաժեշտ է մեծ աշխատանք անել բրենդի ճանաչելիության ուղղությամբ»,– նշել է նա։

Գաբրիելյանը համեմատել է Հայաստանի իրավիճակը Վրաստանի և Ադրբեջանի փորձի հետ՝ հիշեցնելով, որ այդ երկրները ևս բախվել են ռուսական շուկայի սահմանափակումների։ Նրա խոսքով՝ 2005 թվականին Ռուսաստանը արգելել էր վրացական գինու ներմուծումը, իսկ 2013 թվականին քաղաքական փոփոխություններից հետո արգելքը վերացվել էր։ Չնայած Վրաստանը փորձել էր զարգացնել այլ ուղղություններ, այդ թվում՝ Եվրոպայում, ռուսական շուկան կրկին մնացել է հիմնական ուղղությունը։

«Վրացական գինիները Եվրոպայում որպես այդպիսին լայն տարածում չունեցան։ Այսօր Ռուսաստանի շուկան շարունակում է զբաղեցնել կարևոր տեղ և, եթե ճիշտ եմ հիշում, կլանում է վրացական գինու արտահանման շուրջ 60-65 տոկոսը։ Մինչև 2005 թվականը այդ ցուցանիշը մոտ 80 տոկոս էր»,– նշել է նա։ Ըստ Գաբրիելյանի՝ այս օրինակը ցույց է տալիս, որ նույնիսկ տարիների ընթացքում նոր շուկաներ գտնելը բարդ գործընթաց է, և Հայաստանի համար ռուսական շուկայի փոխարինումը չի կարող լինել արագ լուծում։


👉 https://vectors.am/category/tntesutyun/

Scroll to Top