Հայաստանի «և՛․․․և՛․․․» քաղաքականությունը չի ընկալվում ոչ Մոսկվայում, ոչ էլ Արևմուտքում

Հայաստանի իշխանությունների վարած արտաքին քաղաքականությունը հանգեցրել է մի իրավիճակի, երբ թե՛ Ռուսաստանը, թե՛ Արևմուտքը Երևանի քայլերը ընկալում են որպես անորոշություն և անվստահություն առաջացնող քաղաքականություն։ Այս մասին հայտարարել է «Հայացք» վերլուծական կենտրոնի խորհրդի նախագահ, քաղաքագետ Կարեն Բեքարյանը։

Նրա խոսքով՝ Ռուսաստանի կոշտ արձագանքը Հայաստանի եվրաինտեգրման գործընթացին մեկ օրվա կամ մեկ հայտարարության հետևանք չէ, այլ երկար ժամանակ ձևավորված քաղաքականության արդյունք։

Բեքարյանը նշել է, որ անհրաժեշտ է տարբերակել Հայաստանի եվրոպական ինտեգրման գործընթացը և Եվրամիության անդամակցության հեռանկարը։ Նրա խոսքով՝ Հայաստանը տարիներ շարունակ ունեցել է եվրոպական ուղղությամբ համագործակցության օրակարգ՝ մարդու իրավունքների, ժողովրդավարության, տնտեսական բարեփոխումների և այլ ոլորտներում։ Բեքարյանը հիշեցրել է նաև, որ Հայաստանի և Եվրամիության միջև դեռևս նախկին իշխանությունների օրոք ստորագրվել էր Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը (CEPA), որը, նրա գնահատմամբ, խոր համագործակցության հիմք է։

Սակայն, ըստ նրա, մինչև 2018 թվականը ԵՄ անդամակցության հարցը որպես քաղաքական օրակարգային նպատակ չէր դրվում, քանի որ դա անմիջապես երկիրը կարող էր ներքաշել աշխարհաքաղաքական կենտրոնների շահերի բախման դաշտ։ «Երբ դու փոքր երկիր ես և չես աշխատում շահերի հատման, այլ շահերի բախման տիրույթում, դա շատ լուրջ խնդիրներ է ստեղծում»,– նշել է նա։

Բեքարյանի գնահատմամբ՝ Հայաստանի ներկայիս քաղաքականությունը՝ մի կողմից առաջ մղել ԵՄ անդամակցության գործընթացը, մյուս կողմից շարունակել մնալ Եվրասիական տնտեսական միության անդամ, ստեղծել է անոմալ իրավիճակ։ «Օրենք է ընդունվում ԵՄ անդամակցության գործընթացի վերաբերյալ, մի կողմից ասում են՝ այո, դա կա, բայց մյուս կողմից՝ քանի որ այսօր դեռ ԵՄ անդամ չենք դառնում, շարունակում ենք մնալ ԵԱՏՄ-ում»,– ասել է նա։ Նրա խոսքով՝ նման մոտեցումը չէր կարող բացասական արձագանք չառաջացնել ԵԱՏՄ գործընկերների շրջանում։

Բեքարյանի խոսքով՝ Ռուսաստանի և ԵԱՏՄ մյուս երկրների արձագանքը պայմանավորված է ոչ միայն Հայաստանի քայլերով, այլ նաև հենց կառույցի հեղինակության հարցով։ Նա նշել է, որ կազմակերպության անդամ երկրների ընկալմամբ՝ անորոշ վիճակը՝ մնալու կամ դուրս գալու միջև, վնասում է ԵԱՏՄ-ի միջազգային իմիջին։ «Մնում ես՝ մնա, գնում ես՝ գնա։ Այս օդում կախված վիճակը նաև կառույցին իմիջային հարված է»,– ասել է նա։ Նրա խոսքով՝ նման պայմաններում հարց է առաջանում՝ արդյոք ԵԱՏՄ անդամ որևէ երկիր երկարաժամկետ համագործակցության մեջ կմտնի Հայաստանի հետ, եթե չի հասկանում Երևանի վերջնական ուղղությունը։ Բեքարյանը նաև հիշեցրել է, որ նույն երկրները հանդիսանում են ՀԱՊԿ հիմնադիր անդամներ, մինչդեռ Հայաստանը սառեցրել է իր մասնակցությունը կազմակերպությունում և պարբերաբար հայտարարում է, որ լիարժեք վերադարձի հեռանկարն քիչ հավանական է։

Բեքարյանը նշել է, որ իրավիճակը արևմտյան գործընկերների տեսանկյունից դիտարկելիս,  Հայաստանը կրկին հայտնվում է ոչ հուսալի գործընկերոջ դիրքում։ «Արևմուտքում ևս կարող են հարցեր առաջանալ Հայաստանի քաղաքականության վերաբերյալ, երբ Երևանը հայտարարում է ԵՄ երկրների հետ ռազմավարական գործընկերության խորացման մասին, փորձում է ձևավորել անվտանգության նոր օրակարգ, սակայն միաժամանակ շարունակում է մնալ ՀԱՊԿ-ում՝ միայն սառեցնելով մասնակցությունը։ Եթե դու ասում ես՝ ես սա եմ անում, սա եմ անում, բայց միևնույն ժամանակ ՀԱՊԿ-ից դուրս չես գալիս, այլ միայն սառեցնում ես անդամակցությունը, հարց է առաջանում՝ սա ինչ է նշանակում»,– նշել է նա։ 

Բեքարյանը համոզված է, որ ստեղծված իրավիճակի հիմքում չկա արտաքին քաղաքական հստակ ռազմավարություն։ «Շատերը փորձում են այստեղ ինչ-որ գաղափարական հիմք գտնել, բայց նման բան չկա։ Սա ընդամենը իշխանությունը պահելու, իշխանությունը երկարաձգելու միտում ունի»,– հայտարարել է քաղաքագետը։  Նրա խոսքով՝ այս գործընթացը կանխատեսելի էր դեռ այն պահից, երբ իշխանությունները սկսել էին վարել «պատից պատ» քաղաքականություն։  

Բեքարյանը ցավով հայտնեց, որ ստեղծված խնդիրները չեն վերանալու նույնիսկ իշխանությունների փոփոխության դեպքում, քանի որ արտաքին քաղաքական դաշտում ձևավորված անվստահության վերականգնումը երկար ժամանակ է պահանջելու։


👉 https://vectors.am/category/qaghaqakanutyun/

Scroll to Top