Օրերս Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ հայկական ապրանքների արտահանման նկատմամբ Ռուսաստանի կողմից կիրառվող սահմանափակումները հակասում են Հայաստանի և Ռուսաստանի միջև գործող իրավապայմանագրային հարաբերություններին, ինչպես նաև Եվրասիական տնտեսական միության կարգավորումներին։ Այս հայտարարությունը մի շարք փորձագետների կողմից գնահատվեց որպես Ռուսաստանի Դաշնությանը ուղղված մեղմ ազդակ։ Նրանք նկատեցին, որ վարչապետի կողմից նման ձևակերպումների օգտագործումը կարող է վկայել հայ-ռուսական հարաբերություններում նոր փուլ սկսվելու մասին։
Փորձագետ Ռոբերտ Ղևոնդյանի գնահատմամբ՝ նմանատիպ իրավիճակ արդեն եղել է 2022 թվականին, երբ Հայաստանի իշխանությունները քննադատեցին ՀԱՊԿ-ի և Ռուսաստանի գործողությունները՝ դրանք համարելով հակասող Հայաստանի, Ռուսաստանի և ՀԱՊԿ շրջանակներում ստանձնած պարտավորություններին։ «Այդ խոսակցությանը հետևեց այն, ինչ բոլորս հիշում ենք՝ Հայաստանը սառեցրեց իր մասնակցությունը ՀԱՊԿ-ում»,- նշել է Ղևոնդյանը։
Նրա խոսքով՝ թեև այդ գործընթացի վրա ազդել են բազմաթիվ գործոններ, սակայն կարևոր է այն, որ զարգացումների մեկնարկը տեղի ունեցավ հենց նմանատիպ հայտարարություններից հետո։ «Այն, ինչ տեղի է ունենում այս պահին Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում, և այն, որ Ռուսաստանը փորձում է խորացնել ճգնաժամը, կարող է բերել նմանատիպ հետևանքների։ Հայկական ապրանքների նկատմամբ սահմանափակումների շարունակական կիրառումը հենց ճգնաժամի խորացման քայլ էր»,- ասել է փորձագետը։
Միաժամանակ նա ընդգծել է, որ ԵԱՏՄ-ի դեպքում իրավիճակը տարբերվում է ՀԱՊԿ-ից, քանի որ այստեղ Հայաստանը չի կարող ձևականորեն պահպանել անդամակցությունը՝ առանց իրական մասնակցության։ «Այստեղ գործում է միասնական մաքսային ռեժիմ, կան ֆինանսական փոխհարաբերություններ և բազմաթիվ ոլորտներ, որտեղ հնարավոր չէ դե յուրե անդամ լինել, բայց չմասնակցել միության գործունեությանը»,- նշել է Ղևոնդյանը։
Սակայն, նրա խոսքով՝ եթե խնդիրները չլուծվեն, Հայաստանը կարող է հասնել այն փուլին, երբ ստիպված կլինի դուրս գալ ԵԱՏՄ-ից։ «Փաշինյանը ակնարկեց, որ իրավիճակի չկարգավորումը կարող է դառնալ ԵԱՏՄ-ի վերջին սկիզբը։ Դա, իմ կարծիքով, ավելի շատ կարող է նշանակել ոչ թե ԵԱՏՄ-ի փլուզում, այլ իրավիճակ, երբ Հայաստանը այլևս այդ կառույցի կազմում չի լինի»,- ասել է փորձագետը։
Ղևոնդյանը ընդգծել է, որ նման գործընթացը չի կարող տեղի ունենալ մեկ օրում։«Չի լինելու այնպես, որ մի առավոտ արթնանանք և տեսնենք՝ Հայաստանը ԵԱՏՄ-ում չէ։ Հակառակ գործընթացն է տեղի ունեցել՝ մի օր արթնացանք և տեսանք, որ Հայաստանը արդեն անդամակցում է այն ժամանակվա Մաքսային միությանը։ Բայց ժամանակի ընթացքում այս իրավիճակը կարող է, ինչպես դա եղավ ՀԱՊԿ-ի դեպքում, բերել այնպիսի զարգացումների, որոնք վերջնականապես կառանձնացնեն Հայաստանը և ԵԱՏՄ-ն»,- նշել է նա։
Փորձագետի կարծիքով՝ ավելի ցանկալի կլիներ, որ նման որոշումը կայացվեր Հայաստանի նախաձեռնությամբ, սակայն դրա համար անհրաժեշտ են տնտեսական հիմքեր։ «Անհրաժեշտ է, որ դիվերսիֆիկացման գործընթացը շատ ավելի մեծ արդյունքներ տա, Հայաստանը ունենա ավելի լայն հնարավորություններ՝ այդ թվում Ռուսաստանի հետ հարաբերություններից դուրս սեփական տնտեսական շահերը պաշտպանելու համար։ Դրա համար ժամանակ է անհրաժեշտ»,- ասել է Ղևոնդյանը։
Նա հավելել է, որ Հայաստանի՝ ապագայում ԵԱՏՄ-ից դուրս գտնվելու հեռանկարը, իր գնահատմամբ, արդեն իսկ ձևավորված քաղաքական ընտրություն է։ «Ես կարծում եմ, որ այն, որ Հայաստանը մի օր ԵԱՏՄ-ում չի լինելու, Հայաստանի ժողովուրդը դա արդեն որոշել է ինքն իր համար։ Բայց այդ օրը դեռ չի եկել»,- եզրափակել է փորձագետը։

