2015-ի Սահմանադրությունը լղոզեց պատասխանատվությունը կառավարման համակարգում 

2015-ի Սահմանադրությունը լղոզեց պատասխանատվությունը կառավարման համակարգում 

Գործող Սահմանադրությամբ գործնականում գրեթե չկա իրավական ճանապարհ վարչապետին ստիպելու հրաժարական տալ։ Միակ հրանավորությունը՝ իր կամքով հեռանալն է։ Այս մասին հայտնեց  մեդիափորձագետ Տիգրան Քոչարյան՝ հղում անելով սահմանադրական իրավունքի մասնագետների գնահատականներին։ 

«Ժամանակին մասնագետների հետ խոսել եմ, նրանք ասացին՝ եթե Փաշինյանն ինքը չուզենա հրաժարական տալ, նորմալ, իրավական ճանապարհ գրեթե չկա, որով կարողանան ստիպել նրան։ Դրա հիմնական պատճառն էլ հենց այս Սահմանադրությունն է», — մասնավորապես նշեց նա։ 

2015-ի Սահմանադրությունը՝ ամենախայտառակ նախագիծը

Քոչարյանի գնահատմամբ՝  2015 թվականի սահմանադրական մոդելն երևի թե ամենախայտառակ սահմանադրությունն էր։ Մեդիափորձագետը ընդգծեց, որ 2015-ին ընդունված խորհրդարանական կառավարման մոդելը լուրջ կառուցվածքային ճեղքեր ունի։ Նրա գնահատմամբ՝ այն ստեղծեց պատասխանատվության լղոզված համակարգ, որտեղ դժվար է հասկանալ որոշումների և հետևանքների վերջնական պատասխանատուին։

«Այս Սահմանադրությամբ ունենք լղոզված պատասխանատվություն, անհասկանալի դերաբաժանում՝ թե խաղաղության, թե պատերազմի ժամանակ։ Պարզ չէ, թե ով է վերջնական որոշում կայացնողը։ Իշխանությանը կարող է գալ ուժ, որը 50 տոկոսից քիչ քվե է հավաքել։ Այս ամենը ստեղծում է փակուղի, որից օգտվում է գործող կառավարությունը»։

Քոչարյանը նշեց, որ Սահմանադրության ստեղծողները չեն հաշվարկել հնարավոր ճգնաժամային իրավիճակները՝ պատերազմ, անկայունություն, եկեղեցու դեմ ճնշումներ, Արցախի հարցից հրաժարում։

Անհրաժեշտ է վերադարձ ուժեղ վերահսկողության համակարգերին

Քոչարյանի կարծիքով՝ հասարակության շրջանում աճում է այն համոզմունքը, որ պետք է վերանայել պետական կառավարման ճարտարապետությունը։ Նա նշեց, որ բազմաթիվ փորձագետներ առաջարկում են նախագահի ինստիտուտի ուժեղացում և կիսանախագահական համակարգի անցում։

«Պետք է լինի հստակ պատասխանատու։ Չի կարող պետության ղեկավարը ասել՝ պատասխանատու եմ, բայց մեղավոր չեմ։ Կամ հակառակը։ Պետք է լինի մեկը, ում պատասխանատվությունն ընդգծված է։ Երկիրն էլ պետք է ունենա վերահսկողական լծակներ՝ և հասարակության, և խորհրդարանի, և գործադիրի կողմից»։

Նրա համոզմամբ՝ 2015 թվականի Սահմանադրությամբ խախտված ինստիտուցիոնալ բալանսը վաղ թե ուշ պետք է վերականգնվի, և այդ քայլը չպետք է ուշանա։

Քոչարյանը պնդում է, որ պետական կառավարման ճկունությունն ու պատասխանատվության հստակությունը դարձել են ազգային անվտանգության և պետության կայունության առաջնային պայման։

👉 https://vectors.am/category/orensdrutyun/

Scroll to Top