Քաղաքացին այլևս փողոց չի դուրս գալիս, ընդդիմության միակ ռեսուրսը` ընտրատեղամասն է  

Քաղաքացին այլևս փողոց չի դուրս գալու

Հայաստանում քաղաքական գործընթացները գնալով ընդգծում են այն միտումը, որ հասարակության ներգրավվածությունը փողոցային պայքարում հասնում է նվազագույնի։ Այս մասին նշել է քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը՝ ընդգծելով, որ հանրության հիմնական և գրեթե միակ ազդեցության լծակը այսօր դարձել է ընտեղամասում քվեարկությունը։

Բադալյանի խոսքով՝ ընդդիմությունը դեռ չի գիտակցում այս նոր իրականությունը․

«Ընդդիմությունը պետք է հասկանա, որ հասարակության միակ պոտենցիալը մնացել է ընտրատեղամասում։ Քաղաքացին փողոց այլևս դուրս չի գալիս։ Քաղաքացին քվեարկում է՝  դրանից բացի ուրիշ ռեսուրս չի տեսնում»։

Նրա գնահատմամբ՝ ընդդիմադիր շրջանակներում դեռ շրջանառվում են «հեքիաթներ» փողոցային ճնշման հնարավորության վերաբերյալ, սակայն իրականությունն այլ է։ Որպես օրինակ նա բերեց Վաղարշապատի դեպքը․ քաղաքում իշխանության օգտին հանրահավաքին մասնակցել էր մոտ 20 մարդ, բայց ընտրության ժամանակ նույն քաղաքական ուժը ստացել էր 6 հազարից ավել քվե։ Ըստ փորձագետի՝ սա ցույց է տալիս, որ փողոց դուրս եկողը և քվեարկողը երկու տարբեր զանգվածներ են, և քաղաքական համակարգը պետք է հաշվի առնի այս փաստը։

Նրա կարծիքով, ընդդիմության հեռանկարները ավելի են բարդանում որոշ քաղաքական ուժերի  ընտրություններին մասնակցությունն արգելելու կամ գրանցումը կանխելու իշխանության կարողությամբ։ Այս դեպքում մեծ է հավանականությունը, որ այդ ուժերի ընտրազանգվածը կփոշիսցվի կամ չի մասնակցի ընտրություններին։

«Եթե նույնիսկ որևէ կուսակցություն արգելվի, դրա ղեկավարի կոչը քոեարկել այս կամ այն ուժի ագտին չի աշկատի։ Չի կարող ամբողջ ընտրազանգվածը տեղափոխել մեկ այլ ուժի կողմ։ Առավելագույնը՝ 5-10, գուցե 15 տոկոսը կհետևի այդ կոչին։ Ոչ ավել»։

Բադալյանը ընդգծում է նաև ընդդիմադիր քաղաքական դաշտի ներքին հակասությունները։ Նրա խոսքով՝ կան ուժեր, որոնք, իրենց ընդդիմություն հռչակելով,  իբր պայքարում են իշխանության դեմ, սակայն իրականում գործում են վերջինիս օգտին։ Սա, ըստ նրա, ի վերջո զրկում է ընդդիմությանը հնարավորությունից արմատական փոփոխության հիմքեր ստեղծելու։

Քաղտեխնոլոգի կանխատեսմամբ՝ հենց այդ ուժերը 2031 թվականին կգան իշխանության և  իշխանության փոխանցման հարցը այդ ժամանակ կունենա առավել հանգիստ բնույթ։

«2031-ին իշխանությունը վերցնելը արդեն էական նշանակություն չի ունենա։ Վարչապետը դա կհանձնի առանց խնդիրների, և նոր ուժը կհայտարարի՝ Ղարաբաղյան հարցը փակ է։ Պետք է պարզապես համակերպվել այն աշխարհակարգի հետ, որում մենք կանք», — եզրափակեց նա։

👉 https://vectors.am/category/qaghaqakanutyun/

Scroll to Top