Կոսմետիկ փոփոխություն իրական շրջափակման վերացման փոխարեն 

Կոսմետիկ փոփոխություն շրջափակման իրական վերացման փոխարեն 

Թուրքիայի և Հայաստանի միջև սահմանային հնարավոր տեղաշարժերի շուրջ քննարկումները նոր թափ են հավաքում՝ հատկապես այն բանից հետո, երբ Bloomberg-ը, հղում անելով սեփական աղբյուրներին, հաղորդեց, որ առաջիկա վեց ամիսների ընթացքում հայ–թուրքական սահմանը կարող է բացվել երրորդ երկրների քաղաքացիների և դիվանագիտական անձնագիր ունեցողների համար։ Թուրքագետ Ռուբեն Մելքոնյանի դիտարկմամբ՝ խոսքը իրական բացման մասին չէ․ տեղի ունեցող գործընթացները կարելի է դիտարկել որպես նախընտրական քաղաքականության մաս և իմիտացիոն առաջընթաց, որը շահավետ է ինչպես Հայաստանի ներկայիս իշխանության, այնպես էլ Անկարայի համար։

Վեց ամսվա հարցը՝ ընտրական տրամաբանության մեջ

Մելքոնյանի խոսքով՝ Թուրքիան ու Ադրբեջանը շահագրգիռ են գործող իշխանության վերարտադրությամբ․

«Այդ իսկ պատճառով մինչև Հայաստանում հաջորդ խորհրդարանական ընտրությունները նրանք գնալու են գործող իշխանության աջակցման ուղղակի կամ անուղղակի քայլերի։ Այդ աջակցության մեխանիզմներից մեկը Հայաստան–Թուրքիա փ-րդ երկրների քաղաքացիների համար սահմանի բացման կամ բացման հարցում առաջընթացի իմիտացիա ստեղծելն է, որն իշխանությունները կօգտագործեն որպես նախընտրական քարոզչական թեզ՝ իբր խաղաղությունը եկել է, սահմանն էլ բացվում է»։

Նշված հնարավոր բացումը, սակայն, չի վերաբերի Հայաստանի քաղաքացիներին, այլ միայն երրորդ երկրների քաղաքացիներին և սահմանափակ թվով դիվանագետներին։ Մելքոնյանը հիշեցնում է՝ այսպիսի փոխադարձ անցում արդեն իրականացվում է դիվանագիտական մակարդակում, և նոր քայլը իրական շրջափակման վերացում չէ, այլ կոսմետիկ փոփոխություն, որը քաղաքականապես շահավետ է ներկա իշխանությանը։

Անկարայի նախապայմանները մնում են անփոփոխ

Մելքոնյանը շեշտում է՝ Թուրքիան տարիներ շարունակ չի փոխել իր դիրքորոշումը․ հայ–թուրքական հարաբերությունների կարգավորումը կապվում է Հայաստանի կողմից Ադրբեջանի բոլոր պահանջները բավարարման հետ, այդ թվում՝ սահմանադրական փոփոխությունների և խաղաղության պայմանագրի կնքման։

«Թուրքիան երբեք չի նահանջել նախապայմաններից․ անգամ այն ժամանակ, երբ Հիլարի Քլինթոնը ասում էր, որ գնդակը Թուրքիայի դաշտում է։ Այսօր, երբ Հայաստանը ցուցադրում է զիջումների պատրաստակամություն, չկա քաղաքական տրամաբանություն, որով թուրքական կողմը կգնա վերջնական բացման առանց զիճումների ամբողջական փաթեթի ապահովման»։

Այս համատեքստում Մելքոնյանը խիստ անհիմն է գնահատում է Երևանի հայտարարությունները «առանց նախապայմանների կարգավորման» մասին՝ դրանք անվանելով «դիվանագիտական կուրիոզ»․

«Ինչպե՞ս կարող են հարաբերությունները լինել առանց նախապայմանների, եթե հենց իրենք են ասում, որ Թուրքիան հարաբերությունների բարելավումը կապում է Ադրբեջանի հետ։ Դա չի համապատասխանում իրականությանը»։

Երկաթգծի գործարկման իրական հնարավորություն 

Հարցին՝ արդյո՞ք հնարավոր է երկաթգծի վերագործարկումը ապաշրջափակման դեպքում, Մելքոնյանը արձագանքում է, որ տեխնիկապես դա իրատեսական է․ երկաթուղին աշխատել է անգամ շրջափակման ընթացքում, մասնավորապես՝ հացահատիկի տեղափոխման մի շարք բացառիկ դեպքերում։ Սակայն քաղաքական առումով գործընթացը կրկին տեղավորվում է նույն տրամաբանության մեջ։

«Քննարկում են երկաթգիծը, անցակետը, նույնիսկ՝ ինչ գույնի լինի արգելափակոցը։ Ստեղծվում է տպավորություն, որ գործընթացը շարունակվում  է։ Բայց Թուրքիան սա կպահի կիսատակ վիճակում այնքան ժամանակ, քանի դեռ Հայաստանը վերջնական չկատարի Ադրբեջանի պահանջները»։

Մելքոնյանի եզրահանգմամբ՝ սահմանի հնարավոր բացումը, եթե կրկին պայմանավորվի արտաքին պարտավորություններով, կարող է կորցնել իր արժեքը Հայաստանի համար․

«Եթե այդ բացումն իրականացվի Սահմանադրության փոփոխության և Ադրբեջանի պահանջների ամբողջական կատարման գնով, ապա Հայաստանը կարող է ստանալ բաց դռներ, բայց կորցնել ներքին ինքնիշխանության կարևոր բաղադրիչներ»։


👉 https://vectors.am/category/regional/

Scroll to Top