Ադրբեջանական վառելիք Հայաստան. PR–ակցիա, ապաշրջափակման քայլ, թե աշխարհաքաղաքական հաշվարկ

Ադրբեջանական վառելիք Հայաստանում. PR–ակցիա, թե աշխարհաքաղաքական հաշվարկ

Հայաստանը առաջին անգամ պատրաստվում է ստանալ վառելիք Ադրբեջանից․ Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի որոշմամբ կկազմակերպվի ադրբեջանական վառելիքի անվճար, միանվագ փոխադրում դեպի Հայաստան Վրաստանի տարածքով։ Թբիլիսին հաստատել է, որ դեկտեմբերի 5-ին ստացել է պաշտոնական հարցում՝ Ադրբեջանի տարածքից Հայաստան վառելիքի տարանցում իրականացնելու վերաբերյալ՝ արձագանքելով ադրբեջանական մամուլում հնչած պնդումներին, թե սակագնային սահմանափակումները խոչընդոտում են մատակարարումներին։

Որոշ շրջանակներ այս քայլը դիտարկում են որպես քայլ ապաշրջափակման  ուղղությամբ։ Արդյո՞ք  ապաշրջափակումը դառնում է իրականություն, թե սա իրավիճակային, նույնիսկ իմիտացիոն լուծում է։ Իրենց կարծիքն են հայտնում եներգետիկ հարցերով փորձագետներ Արմեն Մանվելյանն ու Վահե Դավթյանը։ 

PR–ակցիա` առանց իրական գործընթացի 

Զարգացումները, որոնք վերջին օրերին ներկայացվում են իբրև հնարավոր ադրբեջանական նավթամթերքի ներկրում Հայաստան, ըստ փորձագետ Արմեն Մանվելյանի, չունեն գործնական հիմք և ավելի շատ ծառայում են PR–նպատակներին։ Նրա խոսքով՝ սա հիշեցնում է Ադրբեջանի տարածքով Հայաստան ցորենի տեղափոխման հարցի շուրջ բարձրացրած աղմուկը, երբ արդյունքում պարզվեց, որ իրականում ներկրվել է անասնակեր այն էլ շատ փոքր քանակի։

«Եթե խոսքը նավթամթերքի մասին է, հավանաբար նկատի ունեն դիզվառելիքի փոքրածավալ ներմուծում, ինչն էլ որևէ ազդեցություն չունի։ Հայաստանը որպես ԵԱՏՄ անդամ իր քվոտաներով ստանում է նավթամթերք Ռուսաստանից՝ և՛ էժան, և՛ կայուն պայմաններով», – ասում է նա։

Վերլուծաբանի կարծիքով՝ սրանով պարզապես փորձ է կատարվում սպասարկել «կեղծ խաղաղության օրակարգը»․

«Հայաստանում և Բաքվում գործող իշխանությունները ձեռքը ձեռքին տված մարդկանց փորձում են համոզել, որ գործընթացներ են գնում, որ խաղաղություն է գալու։ Իրականում սա պարզապես միանգամյա ակցիաներ են՝ հասարակությանը մանիպուլացնելու նպատակով»։

Մանվելյանը նաև նշում է՝ նույնիսկ եթե պատկերացնենք, որ ինչ–որ ճանապարհով նավթ կարող է հասնել Հայաստան, խնդիրն այստեղ միայն տեղափոխմամ մեջ չէ, առավել կարևոր է իրացումը։ Բացի այդ՝ ըստ փորձագետի, Ադրբեջանն ինքը չունի վաճառքի այնպիսի ազատ ծավալներ, որոնք կարող է ուղղել Հայաստան։

«Ադրբեջանը երկարաժամկետ պայմանագրեր ունի տարբեր երկրների հետ և պարտավորություններ՝ մատակարարման առումով։ Միևնույն ժամանակ վերջին 10–15 տարում Ադրբեջանի նավթի արդյունահանման ծավալները նվազել են մոտ 40%-ով։ Այսինքն՝ խոսքը մեծաքանակ նավթի մասին ընդհանրապես լինել չի կարող», – ընդգծում է նա։

Մանվելյանի գնահատմամբ՝ այս ողջ խոսույթը նպատակ ունի միայն ներքին լսարանին ցույց տալ «խաղաղ գործընթացներ», մինչդեռ իրականությունն այլ է։

«Եթե անգամ Հայաստանը ադրբեջանական նավթ ստանա, ապա մենք որոշ չափով սնուցելու ենք Ադրբեջանի ռազմական բյուջեն։ Այդ նավթի վաճառքից ստացված գումարով Բաքուն աճեցնում է ռազմական ծախսերը։ Իսկ մեզ փորձում են համոզել հակառակը»։

Աշխարհաքաղաքական հաշվարկներ

Էներգետիկ անվտանգության փորձագետ Վահե Դավթյանը, վերլուծելով իրավիճակը, նույնպես զուգահեռներ տարավ ղազախական ցորենի ներկրման հարցի հետ։ Նա նշեց, որ ընտրվում են ռազմավարական նշանակության ուղղություններ, հատկապես այն ուղղությունները, որտեղ Հայաստանն ավելի շատ է կախված Ռուսաստանի Դաշնությունից։ Ըստ նրա՝ տեղի ունեցողը պետք է դիտարկել նաև ավելի լայն աշխարհաքաղաքական տրամաբանության մեջ։ 

Նրա խոսքով, գործընթացը Ադրբեջանին հնարավորություն է տալիս ցույց տալ Եվրոպային, որ պատրաստ է նպաստել Հարավային Կովկասում հաղորդակցությունների ապաշրջափակմանը։

«Ադրբեջանը հիմա փորձում է ամրապնդվել որպես կարևոր էներգետիկ դերակատար եվրոպական շուկայում։ Բաքուն ու Բրյուսելը պայմանավորվածություն ունեն գազի մատակարարումները մեծացնելու շուրջ, իսկ երկրորդ ուղղությունը՝ «Միջին միջանցքն» է։ Ադրբեջանը ցանկանում է Հարավային Կովկասը դարձնել այդ միջանցքի առանցքային օղակ», – ասում է Վահե Դավթյանը։

Դավթյանը հիշեցնում է՝ Վրաստանում չեն թաքցնում, որ տարածաշրջանի հաղորդակցությունների վերագործարկումը կարող է նվազեցնել երկրի տարանցիկ նշանակությունը։ Գնահատումներով՝ բեռնափոխադրումների ծավալը Վրաստանում կարող է նվազել մինչև 20–25%–ով։

Այդ պատճառով, ինչպես նշում է փորձագետը, Թբիլիսին այսօր ակտիվորեն մասնակցում է նախաձեռնություններին՝ փորձելով չկորցնել իր դերակատարությունը։

«Վրաստանը փորձում է հանդես գալ որպես միջանկյալ ճանապարհ Հայաստանի և Ադրբեջանի միջև։ Միաժամանակ հիշում ենք, որ Ադրբեջանը «Զանգեզուրյան միջանցքի» թեման օգտագործում էր սակագների բանակցությունների համար։ Վրաստանը հիմա ցույց է տալիս, որ դեռ մնում է կարևոր տարանցիկ գոտի և չի դուրս մղվում տարածաշրջանային ճարտարապետությունից», — եզրափակոց նա։


👉 https://vectors.am/category/tntesutyun/

Scroll to Top