Թեղուտի վաճառքից մինչև TRIPP+․ զուգադիպությո՞ւն, թե մեծ աշխարհաքաղաքական խաղ 

Վերջին շաբաթներին Հայաստանում տեղի են ունեցել մի շարք իրադարձություններ՝ Թեղուտի պղնձի հանքավայրը վաճառվել է ամերիկյան ընկերության, որի ղեկավար Կոնստանտին Սոկոլովը գրեթե նույն ժամանակ նշանակվել է TRIPP+ հիմնադրամի տնօրեն։ Միաժամանակ Միացյալ Նահանգները հայտարարում է Հորմուզի նեղուցը շրջանցող նոր աշխարհատնտեսական նախագծերի մասին, որոնք կարող են փոխել տարածաշրջանային լոգիստիկայի քարտեզը։ Արդյո՞ք խոսքը պարզապես բիզնես գործարքների մասին է, թե՞ դրանք նույն գլոբալ ռազմավարության տարբեր բաղադրիչներն են։ Ի՞նչ նշանակություն ունի Հայաստանի երկրորդ խոշոր պղնձի հանքավայրի սեփականատիրոջ փոփոխությունը, և ինչպե՞ս այն կարող է առնչվել տարածաշրջանում ձևավորվող նոր տնտեսական ու քաղաքական գործընթացներին։

Աշխարհակարգի փոփոխության հարավկովկասյան դրսևորումը

Քաղաքագետ Աբրահամ Գասպարյանի գնահատմամբ՝ Թեղուտի հանքավայրի վաճառքը, Կոնստանտին Սոկոլովի նշանակումը TRIPP+ հիմնադրամի ղեկավարի պաշտոնում և տարածաշրջանում տեղի ունեցող մյուս գործընթացները չեն կարող դիտարկվել որպես առանձին իրադարձություններ։ Նրա համոզմամբ՝ դրանք մեկ լայն աշխարհաքաղաքական գործընթացի տարբեր դրսևորումներն են, որոնք պարզապես ներկայացվում են բիզնես նախագծերի տեսքով։

Գասպարյանի խոսքով՝ հատկապես 2014-2015 թվականներից հետո, երբ Եվրասիական տարածքում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցան մի շարք հեղափոխություններ և իշխանափոխություններ, աշխարհը մտել է գլոբալ վերափոխումների փուլ։ Սակայն, նրա խոսքով, խոսքը ոչ թե առանձին պետությունների աշխարհաքաղաքական ազդեցության վերաբաշխման մասին է, այլ ամբողջ տնտեսական համակարգի վերակառուցման։

«Տեղի է ունենում տնտեսական, էներգետիկ և տրանսպորտային նոր ուղիների կառուցման, իսկ հին ճանապարհների վերաիմաստավորման ու վերարժևորման գործընթաց։ Մենք հիմա հենց այդ փուլում ենք»,– ասում է քաղաքագետը։

Նրա կարծիքով՝ ռուս-ուկրաինական պատերազմը, Կենտրոնական Ասիայում զարգացող իրադարձությունները, Աֆղանստան–Պակիստան սահմանային լարվածությունը նույն մեծ գործընթացի տարբեր դրվագներն են։ Դրանք, ըստ նրա, միայն արտաքին դրսևորումներ են, մինչդեռ իրականում խոսքը խոշոր տերությունների կողմից գլոբալ ցանցերի վերահսկողության մասին է։

Գաղտնի ցանցերից մինչև ռեսուրսների վերաբաշխում

Այս համատեքստում Գասպարյանը հիշեցնում է  Իրան–Իսրայել պատերազմի ընթացքում ի հայտ եկած իրողությունները։ Նրա խոսքով՝ տարիներ շարունակ Իսրայելի հատուկ ծառայությունները ներթափանցել էին Իրանի պետական և անվտանգային համակարգեր, իսկ պատերազմի ընթացքում երևացին այդ աշխատանքի հետևանքները։

«Այդ ցանցը երկար ժամանակ հանգիստ էր մնացել, ինչպես հրաբուխը, հետո ժայթքեց։ Մենք տեսանք, թե ինչպես էին իսրայելական հատուկ ծառայությունները տարիներով աշխատել Իրանում, ներթափանցել պետական անվտանգության, հետախուզական և հատուկ ծառայությունների համակարգ, և ինչ հետևանքներ դա ունեցավ»,– նշում է նա։

Քաղաքագետի համոզմամբ՝ նույն տրամաբանությունն այժմ գործում է նաև Հարավային Կովկասում, որտեղ, ըստ նրա, ձևավորվում են ոչ թե պատահական, այլ տարբեր ուժային կենտրոնների համար ընդունելի՝ «կոնսենսուսային թեկնածուներ»։

Գասպարյանի կարծիքով՝ սխալ է ամբողջ ուշադրությունը կենտրոնացնել Կոնստանտին Սոկոլովի անձի վրա։ «Սոկոլով կլինի, Պողոս կլինի, Պետրոս կլինի՝ այստեղ անձը էական չէ։ Էականը գործընթացն է:  Կարևորը ոչ թե նրանց անուններն են, այլ այն, թե ինչ որոշումների իրականացման համար են ընտրվում»,– ասում է նա։

Հանքերը՝ որպես նոր աշխարհակարգի գլխավոր ռեսուրս

Գասպարյանի համոզմամբ՝ Արցախի շուրջ զարգացումները նույնպես պետք է դիտարկել նույն տրամաբանության շրջանակում։ Նա հիշեցնում է Քաշենի հանքի շուրջ իրադարձությունները և, մասնավորապես, այն շրջափակումը, որն իրականացվում էր «ադրբեջանական բնապահպանների» կողմից։ «Առաջին իսկ օրվանից ամբողջ գործընթացի նպատակը մեկն էր՝ այն, ինչ գտնվում է գետնի տակ, պետք է վերաբաշխվի։ Խոսքը մոլիբդենի, պղնձի և մյուս օգտակար հանածոների մասին է»,– ասում է նա։

Քաղաքագետի գնահատմամբ՝ արդյունաբերական ռեսուրսների աճող պահանջարկը խոշոր տերություններին ստիպում է որոնել նոր հանքային պաշարներ։ Նրա խոսքով՝ նույն տրամաբանությամբ են գործում և՛ Չինաստանը, և՛ Միացյալ Նահանգները։ «Երբ Միացյալ Նահանգների նախագահը բանակցում էր Չինաստանի հետ, օրակարգի առանցքային թեմաներից մեկը հենց օգտակար հանածոներն էին։ Եվրոպային մնաց ուկրաինական հակամարտության կարգավորման պատասխանատվությունը, մինչդեռ Դոնալդ Թրամփը բացահայտ հայտարարում էր Դոնբասից դեպի արևմուտք ընկած տարածքների ընդերքի շուրջ 30-35 տոկոսի նկատմամբ վերահսկողություն հաստատելու անհրաժեշտության մասին։ Այդ մասին ես խոսել եմ դեռ մեկուկես տարի առաջ»,– հիշեցնում է նա։

Գասպարյանի համոզմամբ՝ նույն գործընթացն այժմ տեղափոխվում է նաև Հարավային Կովկաս։ «Այսօր տեղի է ունենում նույն վերաբաշխումը։ Կարևոր չէ, թե ով է դա անում։ Կարևորն այն է, որ ընտրված մարդը վստահություն ներշնչի որոշումների ընդունման մի քանի համաշխարհային կենտրոնների»,– նշում է քաղաքագետը։

ԱՄՆ-ի շահերը Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում

Գասպարյանի գնահատմամբ՝ սխալ կլինի Թեղուտի հանքի վաճառքը ամերիկյան ընկերությանը մեկնաբանել որպես Ռուսաստանի կողմից Հարավային Կովկասում դիրքերի զիջում Միացյալ Նահանգներին։ Նրա խոսքով՝ գործընթացը շատ ավելի բարդ է, քանի որ Վաշինգտոնի առաջնահերթությունները կապված են ոչ միայն Հարավային Կովկասի, այլ ամբողջ Մեծ Մերձավոր Արևելքի հետ։

«Չենք կարող ասել, թե Ռուսաստանը այս վաճառքով տեղը զիջում է Միացյալ Նահանգներին։ Խնդիրը շատ ավելի խորքային է։ Միացյալ Նահանգների կենսական շահերը կապված չեն միայն Հարավային Կովկասի հետ։ Դրանք կապված են Մեծ Մերձավոր Արևելքում իրականացվող արտաքին քաղաքականության, այդ քաղաքականության վերափոխման և, առաջին հերթին, Իրանի հետ»,– ասում է նա։

Քաղաքագետի խոսքով՝ Հարավային Կովկասը Վաշինգտոնի հիմնական առաջնահերթությունը չէ։ «Միացյալ Նահանգները Հարավային Կովկասում կենսական շահեր մեծ հաշվով չունի։ Նրա համար այսօր կան շատ ավելի առաջնային տարածաշրջաններ։ Հատկապես Դոնալդ Թրամփի՝ Մոնրոյի դոկտրինի տրամաբանությունը վերակենդանացնելուց հետո Միացյալ Նահանգները կենտրոնանում է արևմտյան կիսագնդի վրա»,– նշում է Գասպարյանը։

Նրա կարծիքով՝ հենց այդ քաղաքականության շրջանակում Թրամփը եվրոպական դաշնակիցներից պահանջում է ավելի մեծ պատասխանատվություն ստանձնել սեփական անվտանգության համար։

Թրամփի քաղաքականությունն ու Եվրոպայի անվտանգության նոր մոդելը

Գասպարյանը հիշեցնում է, որ վերջին ամիսներին ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը Սպիտակ տանը ներկայացրել էր տվյալներ այն մասին, թե որքանով են ավելացել եվրոպական երկրների ռազմական ծախսերը։

«Շատ հետաքրքիր էր, երբ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը Սպիտակ տանը, Դոնալդ Թրամփի հետ հանդիպման ժամանակ, ցուցադրեց, թե վերջին մեկ-մեկուկես տարվա ընթացքում որքանով են ավելացել եվրոպական երկրների ֆինանսական մուտքերն ու վճարումները ՆԱՏՕ-ի շրջանակում»,– նշում է նա։ Քաղաքագետի համոզմամբ՝ սա վկայում է, որ Վաշինգտոնը փորձում է նվազեցնել սեփական ֆինանսական բեռը՝ անվտանգության ծախսերը տեղափոխելով եվրոպացիների վրա։

«Հայաստանը կամ նույնիսկ ամբողջ Հարավային Կովկասը այս համատեքստում տասներորդ կամ տասներկուերորդ խնդիրն են։ Շատ ավելի խոշոր գլոբալ գործընթացներ են ընթանում, որոնք կապված են Մերձավոր Արևելքի հետ, որտեղ կենտրոնացած են աշխարհի նավթագազային պաշարների ավելի քան 40-45 տոկոսը»,– ասում է նա։

Միևնույն ժամանակ Գասպարյանը շեշտում է, որ մետաղական հանքավայրերը նույնպես ռազմավարական նշանակություն ունեն։

«Այո, օգտակար հանածոները, մետաղները չափազանց կարևոր նշանակություն ունեն, հատկապես ռազմարդյունաբերության և բարձր տեխնոլոգիական արտադրության համար։ Բայց գլխավոր խնդիրը շարունակում է մնալ նավթի, դոլարի և համաշխարհային տնտեսության կառուցվածքի շուրջ ընթացող պայքարը»,– ընդգծում է նա։ Նրա խոսքով՝ հենց այս իմաստով է անհրաժեշտ հասկանալ «գլոբալ աշխարհակարգի փոփոխություն» արտահայտությունը։

«Խոսքը տնտեսության, տեխնոլոգիաների, հեգեմոն պետությունների դերակատարման, ինչպես նաև ցամաքային տրանսպորտային և լոգիստիկ ճանապարհների վերահսկողության մասին է»,– ասում է քաղաքագետը։

Արցախյան պատերազմը՝ նույն աշխարհաքաղաքական տրամաբանության մեջ

Գասպարյանի գնահատմամբ՝ Արցախյան պատերազմը նույնպես պետք է դիտարկել այդ նույն գլոբալ գործընթացների համատեքստում։ Նրա խոսքով՝ տրանսպորտային միջանցքների, հաղորդակցությունների և էներգետիկ երթուղիների շուրջ պայքարը նույն շղթայի բաղադրիչներն են, ինչ ռեսուրսների վերաբաշխումը։

Այս համատեքստում նա անդրադառնում է նաև ՆԱՏՕ-ի վերջին քաղաքականությանը՝ նշելով, որ Եվրոպան սկսել է կատարել Թրամփի պահանջները։ «ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը հայտարարեց, որ Գերմանիան և Ֆրանսիան՝ Եվրամիության երկու հիմնական պետությունները, արդեն զգալիորեն ավելացրել են իրենց վճարումները։ Սա հենց Թրամփի պահանջն էր։ Նա բաց տեքստով ասում էր՝ մենք այլևս չենք պատրաստվում անվճար ապահովել ձեր անվտանգությունը, դուք պետք է դրա համար վճարեք»,– նշում է քաղաքագետը։

Գասպարյանի խոսքով՝ վերջին ՆԱՏՕ-ի գագաթնաժողովից հետո արդեն պարզ դարձավ, որ Միացյալ Նահանգները չի պատրաստվում դուրս գալ դաշինքից, ինչպես ամիսներ շարունակ քննարկվում էր։

«Երբեմն հնչում էին հայտարարություններ, թե Միացյալ Նահանգները դուրս է գալու ՆԱՏՕ-ից, բայց դա շանտաժի քաղաքականություն էր՝ եվրոպացիներին ստիպելու ավելի շատ վճարել։ Երբ նրանք սկսեցին վճարել, հռետորաբանությունն էլ փոխվեց»,– ասում է նա։

Թուրքիային տրվում է տարածաշրջանային անվտանգության գլխավոր դերակատարի կարգավիճակ

Գասպարյանի համոզմամբ՝ այս նոր համակարգում Միացյալ Նահանգները Հարավային Կովկասում անվտանգության հիմնական պատասխանատվությունը փոխանցում է Թուրքիային։ «Եթե ուզում ենք հասկանալ, թե Սոկոլովն ով է, TRIPP+ նախագիծն ինչ արժեք ունի և որքանով է վտանգված պատերազմի դեպքում, ապա նախ պետք է հասկանանք Միացյալ Նահանգների արտաքին քաղաքականության ընդհանուր տրամաբանությունը»,– ասում է նա։

Նրա խոսքով՝ այդ տրամաբանության շրջանակում եվրոպացիներին վերապահվում է մեկ դեր, իսկ Թուրքիային՝ բոլորովին այլ։ «Թրամփը եկավ Թուրքիա և բարձրացրեց Էրդողանի քաղաքական կշիռը։ Դրանից հետո Էրդողանը ներսում սկսեց ընդդիմության նկատմամբ հերթական ճնշումների ալիքը։ Թուրքիայում արդեն վերաձևավորվում է ներքաղաքական դաշտը»,– նշում է քաղաքագետը։

Նրա խոսքով՝ Էրդողանը, որը ժամանակին հայտարարել էր, թե այլևս չի առաջադրվելու նախագահի պաշտոնում, այժմ պատրաստվում է նոր ժամկետի։ «Սահմանադրական փոփոխություններով հնարավորություն է ստեղծվում, որպեսզի գործող նախագահը ևս մեկ ժամկետ պաշտոնավարի»,– ասում է Գասպարյանը։

Քաղաքագետի գնահատմամբ՝ Թուրքիայում բազմաթիվ ազդեցիկ քաղաքական խմբեր և արտաքին հովանավորներ կան, սակայն խաղի հիմնական կանոնները շարունակում են թելադրվել Վաշինգտոնից։«Թրամփը Թուրքիային այս տարածաշրջանում վերապահում է անվտանգության ոստիկանի առաքելությունը։ Կանաչ լույս է տալիս, սպիտակ քարտ է տալիս՝ ասելով, որ կարող ես գործել։ Քանի որ Միացյալ Նահանգները չի պատրաստվում ինքն իրականացնել անվտանգության այդ ծախսերը, մեծ հաշվով դրանք դրվում են Թուրքիայի և Ադրբեջանի վրա»,– եզրափակում է նա։


👉 https://vectors.am/category/qaghaqakanutyun/

Scroll to Top