TRIPP-ի անվան տակ ՀՀ-ն իր տարածքում կստանա օտար վերահսկողությամբ ենթակառուցվածք 

TRIPP-ի շուրջ գործընթացները շարունակում են ակտիվորեն զարգանալ, սակայն դրանց էական մասը տեղի է ունենում փակ, կուլիսային շրջանակներում։ Այս մասին նշել է ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը։ 

 Նրա խոսքով՝ նախապատրաստական աշխատանքները բավական մեծ թափով են ընթանում, իսկ գործընթացի տարբեր դրսևորումների մասին հանրությունը տեղեկանում է տարբեր պատվիրակությունների այցերից և հարևան պետության պաշտոնատար անձանց հայտարարություններից։ Աղաջանյանը շեշտում է, որ եթե խոսքը պարզապես հաղորդակցության ճանապարհի մասին լիներ, դրա շուրջ նման խնդիրներ չէին առաջանա։

«Այն, որ դա պարզ ճանապարհ չէ, ցույց է տալիս այն մոտեցումը, որով այդ փաստաթուղթը ձևակերպվել է և որով անգամ այսօր քննարկվում է։ Սահմանադրական դատարան ուղարկված փաստաթուղթը գաղտնիության գրիֆով է գնացել, այսինքն՝ քննարկումը գաղտնի է։ Եթե դա ճանապարհ է, ապա ի՞նչ խնդիր կա։ Եթե դա պարզ, սովորական հաղորդակցության միջոց է լինելու, որը գործելու է մեր ինքնիշխանության շրջանակներում և պետության տարածքի առումով որևէ ավելորդ, ընդհատակյա, ստորջրյա խութեր չի պարունակելու, ապա ի՞նչ խնդիր կա դա բաց քննարկելու և հանրությանը ամբողջության մեջ ներկայացնելու համար։ Մենք շատ լավ հասկանում ենք, որ դա այդպես չէ», — ասում է դեսպանը։

Նրա խոսքով՝ արդեն իսկ այն հանգամանքը, որ Հայաստանի տարածքում գտնվող հատվածի կառավարումը գրեթե մեկ դարով փոխանցվում է մեկ այլ պետության, ցույց է տալիս, որ խոսքը սովորական ճանապարհի մասին չէ։ «Եթե դա պարզ ճանապարհ լիներ, մենք առնվազն 51 տոկոսի շահաբաժինը կունենայինք, մենք կունենայինք վետոյի իրավունք դրա մնացած շահաբաժնի տոկոսների փոփոխության և պատկանելության որոշման առումով։ Մենք կունենայինք վետոյի իրավունք ինչ-որ մի ժամանակահատվածում դա փոխելու, կասեցնելու տեսակետից։ Մենք կունենայինք վետոյի իրավունք այդ մնացած շահաբաժինները մեզ հետ փոխանցելու տեսակետից», — ասում է դեսպանը։

Աղաջանյանի խոսքով՝ գործընթացի շուրջ առաջանում են նաև այլ հարցեր, այդ թվում՝ Ադրբեջանի պահանջների վերաբերյալ, ըստ որոնց՝ ճանապարհին չպետք է ներկա լինեն հայ պաշտոնատար անձինք։ «Խնդիր չէր առաջանա Ադրբեջանի կողմից ինչ-որ պահանջներ ներկայացնելու, որ հայ պաշտոնատար անձանց նրանք այդ ճանապարհին չպիտի տեսնեն։ Խնդիր չէր առաջանա Եվրամիության միջոցով ինչ-որ մի Frontex կազմակերպության, այսինքն՝ բոլորովին այլ համակարգի ներդրում, ընդ որում՝ այնպիսի ներդրում, որ Ադրբեջանի ցանկությունները կատարվեն, և էնտեղ հայ պաշտոնատար անձինք կամ մաքսավորներ կամ սահմանապահներ ներկա չգտնվեն», — նշում է նա։

Դեսպանը նաև ընդգծում է, որ մինչ այժմ մի շարք հիմնարար հարցերի հստակ պատասխաններ չկան։ Մասնավորապես, հայտնի չէ, թե ինչ լայնություն է ունենալու հատկացվող ճանապարհը և ինչ այլ կապուղիներ են անցնելու այդ տարածքով։ «Տարբեր հայտարարություններ կան, բայց հստակ, նորմալ, թափանցիկ կերպով, որը այս իշխանությունների խոստացածն էր 2018 թվականին, հստակ մեր բնակչության համար, թե ինչ է նախատեսվում, մենք չունենք», — ասում է Աղաջանյանը։

Նրա խոսքով՝ շրջանառվում է նաև տեղեկություն, որ ճանապարհի անվտանգությունն ապահովելու համար կարող են ներգրավվել ամերիկյան մասնավոր ընկերություններ։ «Հնարավոր է՝ ընկերություններ տեղակայվեն ամերիկյան, որոնք պետք է ապահովեն ճանապարհի անվտանգությունը, ճանապարհ կոչվածի անվտանգությունը։ Այստեղ հարց է առաջանում՝ իսկ դա  արևմտյան ռազմական ներկայություն չէ՞, որը այսօրվա աշխարհաքաղաքական զարգացումների առումով նշանակում է մեզ ուղղակի դարձնել այն թիրախը, որը անմիջապես հարվածի տակ է դրվելու Իրանի դեմ առաջիկա զարգացումների առումով», — ասում է նա։

Աղաջանյանը հարցադրում է նաև, թե ինչ իրավական հիմքով է Հայաստանի տարածքում իրականացվելու այդ ենթակառուցվածքի շինարարությունը, եթե այն ֆինանսավորվելու կամ կառուցվելու է այլ կողմերի մասնակցությամբ։  Նրա խոսքով՝ եթե Ադրբեջանն ու Թուրքիան ֆինանսավորում են գործընթացը, ապա պետք է պարզ լինի, թե ինչի դիմաց է դա արվում։ 

Աղաջանյանի խոսքով՝ TRIPP-ը «պարզապես ճանապարհ չէ», այլ «միջանցքային տրամաբանությամբ» ուղի է։ Նա TRIPP-ի գործընթացը կապում է նաև տարածաշրջանային և ավելի լայն աշխարհաքաղաքական զարգացումների հետ։ Նրա խոսքով՝ այդ տարածքը Հայաստանի թշնամիների կողմից դիտարկվում է որպես Իրանի դեմ հնարավոր ռազմական գործողությունների համար անհրաժեշտ ենթակառուցվածք։

«Այսօրվա ամերիկյան ձախողումների ֆոնի ներքո ցամաքային գործողությունների հանգամանքն էլ ավելի մեծ կարևորություն է ստանում, և այսօր իրենք մշակում են այդ ծրագիրը։ Ցամաքային գործողությունների առումով իրենց դերակատարումն ունեն թե՛ Թուրքիան, թե՛ Ադրբեջանը», — ասում է նա։ Աղաջանյանի խոսքով՝ այդ պետությունները  մտել են նման հանձնառության տակ՝ Հայաստանից համապատասխան զիջումներ պոկելով։ «Եվ ցանկացած անգամ Ադրբեջանն ու Թուրքիան իրենց հանձնարարությունների կատարման համար որպես գին պահանջում են Հայաստանից նոր  զիջումներ։ Այսինքն՝ հաշիվը փակվում է մեր պետության ու մեր ժողովրդի հաշվին», — ասում է դեսպանը։

Նրա գնահատմամբ՝ այս գործընթացների հետևանքով Հայաստանը հայտնվել է աշխարհաքաղաքական բախման կիզակետում։ «Մենք առաջիկա զարգացումների պարագայում ոտատակ ենք գնալու», — ասում է նա։ Դեսպանի խոսքով՝ այս պայմաններում խոսել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության մասին հնարավոր չէ։ «Խաղաղություն գոյություն չունի ընդհանրապես՝ ոչ գոյություն ունի մեր ու Ադրբեջանի միջև, ոչ էլ կարող է գոյություն ունենալ այս պայմաններում, ոչ էլ գոյություն ունի ընդհանրապես մեր տարածաշրջանում մեծավ մասամբ վերցրած, և աշխարհում մենք մտնում ենք էլ ավելի ցնցումային զարգացումների փուլ, էլ ավելի սուր զարգացումների փուլ, որոնք շատ հեռու չեն՝ դա շաբաթների, ամիսների խնդիր է», — ասում է նա։

Նրա խոսքով՝ Ադրբեջանի պաշտոնատար անձանց հայտարարություններն ու գործողությունները ցույց են տալիս, որ խաղաղության հաստատման մասին խոսելը վաղաժամ է։ «Հեռու չգնանք։ Արցախում Հաջիևի պահվածքը, Ալիևի հարցազրույցներում իր արտահայտությունները, տարբեր պաշտոնատար անձանց այդ դրսևորումները իրենք բացեիբաց ցույց են տալիս, որ չի կարող լինել խաղաղություն, երբ որ դու քո պետության ներսում ատելության հիման վրա սերունդ ես մեծացնում և դրանով փորձում ես սեփական ազգը կերտել», — ասում է նա։


👉 Քաղաքականություն — Vectors.am

Scroll to Top